Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒԲԱՅԻՑ՝

Մայիս 07,2005 00:00

ԴՈՒԲԱՅԻՑ՝ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ Էմիրություններում մոդայիկ է դասական երաժշտությունը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած ավանդական երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնից հայ պատանի երաժիշտները վերադարձան մրցանակներով: Նրանք «Ա. Խաչատրյան» համերգասրահում մայիսի 12-ին հանդես կգան Երեւանի պետկոնսերվատորիայի Կ. Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Հանդիպեցինք մրցույթ-փառատոնի ժյուրիի փոխնախագահ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանին: Դիրիժորը տեղեկացրեց, որ Հայաստանը ներկայացնում էր երկու պատանի երաժիշտների՝ Երեւանի պետկոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի, դաշնակահարուհի Արմինե Ահարոնյանին (պրոֆեսոր Ի. Յավրյանի դասարան), որն արժանացավ առաջին մրցանակի եւ Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցի սան, ջութակահարուհի Մերի Խոջայանին (դասատու՝ Ն. Այվազյան)՝ երրորդ մրցանակակիր: Ռ. Ասատրյանը տեղեկացրեց, որ մասնակցում էին 20 երաժիշտ՝ 8 երկրից (Ռուսաստան, Հունգարիա, Չեխիա, Եգիպտոս, Սիրիա եւ այլն): Ժյուրին գլխավորում էր ԱՄԷ-ի մանկական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռիսդ Կուդզին, անդամներն էին պրոֆեսորներ Պեթեր Տոպերսցերը, Ժիրի Տոմաշեկը (Չեխիա), Էմիլ Չալբաշը (Ռուսաստան), Սյուզաննա Սաբունին (Հունգարիա), Սահար Մուլհեմը (Քուվեյթ) եւ այլք: Պարոն Ասատրյանի խոսքերով. «Անշուշտ, Էմիրությունները հարուստ երկիր է, բայց ուզում եմ նշել այնտեղ նոր կայացող, առաջին քայլերն անող դասական արվեստի հանդեպ պետության վերաբերմունքը: Մրցույթ-փառատոնը անց էր կացվում տեղի մշակույթի նախարարի բարձր հովանավորությամբ»: Ռ. Ասատրյանը կարեւորելով նման միջոցառումները, նշեց. «Մրցութային օրերից հետո սկսվեցին փառատոնային օրերը, որի ընթացքում մրցանակակիրներն ու դիպլոմանտները ելույթ ունեցան Դուբայում, Շարժայում, Աբու Դաբիում՝ ընդհանուր հաշվով ունենալով 9 համերգ: Կարծում եմ, որ Հայաստանում էլ պետք է հիմնել հենց մրցույթ-փառատոներ, որոնց շնորհիվ ի հայտ կգան եւ լավ երաժիշտները, եւ միաժամանակ կկայանան համերգներ նաեւ Հայաստանի մարզերում»: «Առավոտի» հետաքրքրությանը, թե, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Դուբայ են մեկնել ոչ միայն մրցույթի մասնակիցները, Ռ. Ասատրյանը մանրամասնեց. «Քանի որ Էմիրությունների մանկական սիմֆոնիկ նվագախումբը կարիք ուներ փողային գործիքներով նվագողների, նախապես ժյուրիի նախագահ պարոն Կուդզին ինձ խնդրել էր Էմիրաթներ տանել 18 երաժիշտների՝ տեղի նվագախումբը համալրելու նպատակով»: Այն հարցին, թե ի՞նչ միջոցներով է այդ մեծ խումբը մեկնել Դուբայ, դիրիժորը պարզաբանեց. «Ճանապարհածախսը հոգացել են ե՛ւ հրավիրող կողմը, ե՛ւ պատանի երաժիշտների ծնողները, ե՛ւ ես»: Կանխելով մեր հաջորդ հարցը, Ռ. Ասատրյանը նշեց, որ ինքը դիմել է հայաստանյան տարբեր կազմակերպությունների՝ ստանալով միեւնույն պատասխանը. «Այդ միջոցառումը մեր ծրագրի մեջ չկա, հետեւաբար այս դեպքում ով հրավիրել է, նա էլ պետք է հոգա ծախսերը»: Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ միջազգային մրցույթների մեկնելու համար նախատեսվա՞ծ են որոշակի գումարներ: Գերատեսչության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց. «Նման ֆոնդեր չկան այդ նպատակով, որովհետեւ մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվում են միայն հատուկ ծրագրեր, այն էլ այն դեպքում, երբ դրանք արժանանում են կառավարության հավանությանը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել