Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ ԿԴԱՌՆԱՆՔ ԱՆԱՊԱՏ

Հունիս 08,2005 00:00

ՇՈՒՏՈՎ ԿԴԱՌՆԱՆՔ ԱՆԱՊԱՏ Վիճվարչության, պաշտոնական այլ աղբյուրների, անկախ փորձագետների տվյալների համադրումը ապացուցում է, որ Հայաստանում անտառների ոչնչացումը ոչ թե մանր-մունր անտառահատողների ձեռքով է տեղի ունեցել, այլ պետական մարմինների հովանավորությամբ աշխատող բիզնեսմենների: Ընդունված է համարել, որ Հայաստանի անտառները գերհատումների ենթարկվեցին էներգետիկ ճգնաժամի եւ շրջափակման պատճառով: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ անտառահատումների ծավալներն այդ ճգնաժամերից ի վեր ոչ միայն չեն նվազել, այլեւ անընդհատ, տարեցտարի ավելի ու ավելի են մեծանում: Այդ առումով հետաքրքիր է, որ նույնիսկ խորհրդային տարիներին, երբ հանրապետությունում համեմատաբար մեծ էին անտառածածկ տարածքները, Հայաստանից փայտ չի արտահանվել: Իսկ հիմա ընդամենը 8-9 տոկոս անտառածածկ տարածք ունեցող երկրի համար անտառանյութի արտահանումը պարզապես արտառոց է: Հայաստանից անտառանյութի արտահանումը որեւէ կերպ չի կարելի կապել օբյեկտիվ գործոնների հետ. փայտանյութը սկսեց արտահանվել ճգնաժամային տարիներից հետո, եւ այդ արդյունաբերական փայտահատումը որեւէ մեկին չի տաքացնում եւ ծառայում է բացառապես օլիգարխների հարստացմանը: «AEPLAC»-ի (Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն) փորձագետի տվյալներով. «Հայաստանը երբեք փայտանյութ չի արտահանել վերջին 70 տարիների ընթացքում, մինչդեռ այժմ Հայաստանի ծառերը արտահանվում են Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա, Իսպանիա եւ այլուր»: Եվ այս մասին վկայում են անգամ պաշտոնական աղբյուրները: Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծության տվյալներով, 2002 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան մեկ միլիոն դոլարի փայտ եւ փայտանյութ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվող փայտանյութի ծավալն ավելացել է 326 հազար դոլարով: Իսկ 2004 թվականին արդեն 1 միլիոն 688 հազար դոլարի է հասել: Իսկ փորձագետի գնահատականներով, միայն վառելու համար Հայաստանում տարեկան հատվում է 4 հազար հեկտար անտառ, ընդհանրապես, նաեւ արտադրական նպատակներով՝ մոտ մեկ միլիոն խորանարդ մետր բնափայտ: Մինչդեռ անտառների հատման նորման դեռ անտառների համար լավագույն տարիներին կազմել է 60 հազար խմ: Այսինքն՝ հատվում է 16 անգամ ավելի, քան կարելի է: Անտառահատման եւ փայտանյութի ծավալների աճի տեմպերը խիստ մտահոգիչ են նույնիսկ այն պարագայում, երբ վերջին երկու-երեք տարում անտառատնկման քայլեր են ձեռնարկվում: Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկով, այս տեմպերով Հայաստանում 20-30 տարի հետո անտառներն ամբողջովին կվերանան: Այս պայմաններում անտառածածկ տարածքների ավելացման մասին խոսակցություններն առայժմ իրական չեն: Չհաշված այն, որ սանիտարական հատումների անվան տակ սեզոնին առողջ ծառեր են հատվում, ամեն օր ապօրինի ծառահատումներ են լինում զանազան օբյեկտների կառուցման պատրվակով, այժմ նաեւ գտնվել են անտառների հատումների օրինականացման ճանապարհներ: Մասնավորապես, անտառները դասակարգվում են որպես գյուղատնտեսական նշանակության հողեր եւ մասնավորեցվում: Դրանից հետո, որպես կանոն, այնտեղի ծառերը հատվում են, եւ տարածքն էլ օգտագործվում է առանձնատների կառուցման համար: Իհարկե, անտառները պահպանելու, շատացնելու, ճիշտ կառավարելու եւ օգտագործելու դեպքում փայտանյութը կարելի է օգտագործել ե՛ւ եկամուտ ստանալու, ե՛ւ արտահանելու, ե՛ւ վառելու ու շինարարության համար: Ավելին, դրանք ուղղակի անփոխարինելի են ցանկացած պետության տնտեսության համար: Որոշ երկրների արտաքին առեւտրի հաշվեկշռում անտառանյութի արտահանումը պատկառելի տոկոս է կազմում, բայց դրանից ոչ աղետ է լինում, ոչ էլ երկրի անտառածածկ հատվածն է պակասում: Սակայն Հայաստանում անտառներն օգտագործվում են անխնա եւ դրանք օգտագործելու համար անգամ նոր ճանապարհներ կառուցելու պատրվակով են փորձում հատել: Բայց վտանգավոր է. լավագույն ժամանակներում (20-րդ դար) Հայաստանի 25 տոկոսը անտառածածկ է եղել: Ներկայումս անտառները կազմում են Հայաստանի տարածքի ընդամենը 8-9 տոկոսը: Ակնհայտ է, որ փայտի բիզնեսն այս տեմպերով շարունակվելու դեպքում՝ շուտով կդառնանք անապատ: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930