Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ

Հուլիս 07,2005 00:00

«ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՉԷ, ՈՐ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԵՆՔ» Դաշնակցական ազատամարտիկ Պավել Մանուկյանի ծեծի առնչությամբ ասում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը: Ի դեպ, խմբակցության այլ անդամներ, նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պատասխանատուներ, հրաժարվեցին անդրադառնալ այս հարցին: ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված պարզաբանումներում ի վերջո անդրադարձավ հունիսի 21-ին իր առանձնասենյակում Պավել Մանուկյանին ծեծի ենթարկելուն եւ հայտարարեց, թե կատարվածը պայմանավորված է բացառապես վերջինիս կողմից «Պաշտպանության բանակի, իմ մարտական ընկերների եւ անձամբ իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորական արտահայտություններով, որոնց մեջբերումը հայտնի պատճառներով տեղին չեմ համարում»: Սեյրան Օհանյանը նաեւ ասաց. «Խոսքն ինձ ուղղված անձնական վիրավորանքի մասին չէ, ես այն անհամադրելի եմ համարում Պաշտպանության բանակին եւ մարտական ընկերներիս հասցված վիրավորանքի հետ: Կան արժեքներ, որոնք չի կարելի պղծել: Ոչ ոք չունի նման իրավունք, նամանավանդ այն մարդը, ով լավատեղյակ է իր իսկ ընկերների անցած մարտական ուղու մանրամասներին: Ես՝ որպես հայ մարդ, հայ զինվոր, որպես սեփական մաշկի վրա մեր հաղթանակի գինը կրող անձ, չկարողացա ինձ զսպել, երբ փորձ արվեց կեղտաջրի հետ խառնել մեր բանակը եւ նրա հրամանատարական կազմը, իմ մարտական զինակիցներին»: ԼՂՀ պաշտպանության նախարարն առաջարկեց քաղաքական ենթատեքստ չփնտրել, մանավանդ՝ ուղղված «երկարամյա ազգանվեր կենսագրություն ունեցող մի ամբողջ քաղաքական կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության դեմ»: Այս կուսակցությանը մի քանի հաճոյախոսություններից հետո պրն Օհանյանը նշեց. «Ակնհայտ է նաեւ, որ մեզ հակադաշնակցական տրամադրություններ վերագրելը կամ միջադեպը ընտրությունների հետ կապելը բոլորովին անհիմն են: Սրանից հետեւում է մի պարզ ճշմարտություն՝ կարիք չկա քաղաքականացնել այն, ինչը ենթակա չէ քաղաքականացման: Հավաստիացնում եմ, կատարվածը սոսկ պատվի պաշտպանության խնդիր է»: Համանման պնդումներով նույն օրը հանդես եկավ նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե միջադեպը զուտ միջանձնային խնդիր է. «Եվ չէի ցանկանա, որ որոշ ուժեր փորձեն սա քաղաքականացնել, ներկայացնել որպես Սեյրան Օհանյանի եւ Դաշնակցության հակադրություն»: Մեր հարցին, թե այս բոլոր պարզաբանումները բավարա՞ր են՝ Ալվարդ Պետրոսյանը պատասխանեց. «Բացարձա՛կ բավարար էին ԼՂՀ պաշտպանության նախարարի փաստարկները: Եվ դա արդեն Պավել Մանուկյանի եւ Սեյրան Օհանյանի լուծելու հարցն է: Դաշնակցական լինելուց առաջ՝ ես հայ մարդ եմ, որի համար գերխնդիրն Արցախն է: Եվ եթե իրենք կբավարարվեն վերջակետ դնելով՝ ես, որպես Ալվարդ Պետրոսյան՝ խիստ բավարարված եմ: Անշուշտ, կարող եմ մտածել, որ կատարվածը շատ տխուր երեւույթ է, բայց մենք նման բաներ չէ, որ հանդուրժել ենք: Շատ ավելի ծանր բաներ ենք տարել մենք՝ մեր ժողովուրդը: Եվ միշտ ունեցել ենք այդ գերխնդիրը՝ մտածելով, թե այնուամենայնիվ սա նոր կայացող երկիր է, եւ շատ բաներ դեռ պիտի կուլ տանք: Դեռ մենք մարդակերից մարդասպան դառնալու մշակույթը պիտի հաղթահարենք (սա իմ խոսքերը չեն՝ Թումանյանինն են), որ մեր հարաբերությունների, իրար ընդդիմանալու մեջ դառնանք քաղաքակիրթ»: Սերժ Սարգսյանն այս միջադեպի առնչությամբ կոչ արեց, որ «մի քիչ զուսպ լինեն մեր վաստակաշատ սպաների հանդեպ, որպեսզի քաղաքական թոհուբոհը նրանց չդարձնի լկտի, քաղաքական նպատակները նրանց չմղեն այնպիսի քայլերի, որոնց համար հետո մշտապես փոշմանում են։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում Սեյրան Օհանյանի նման հրամանատարին ասել՝ սրիկա կամ նրա, Սամվել Կարապետյանի, Վարդան Բալայանի եւ այլ գեներալների մասին ասել «կավի հոտ եկող», այսինքն՝ ինքնաշեն գեներալներ։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրը 4-5 անգամ վիրավորվել է, Սեյրան Օհանյանն իր մարմնի կեսը տվել է մեր պայքարին։ Եթե նրանք կավե են, ապա ո՞վ է մետաղյա»։ Այսպիսով՝ ստացվում է, որ Պավել Մանուկյա՞նն էլ է իր հայտարարություններով որոշակի պատասխանատվություն կրում կատարվածի համար՝ մեր այս հարցադրմանն ի պատասխան Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Կարծում եմ՝ ամեն ինչ կարելի է մոռանալ, բայց չի՛ կարելի մոռանալ վառոդի հոտը, մահվան դեմ իրար կողքի կանգնելը: Եվ երկուստե՛ք պիտի չմոռանային: Ի վերջո՝ մերը խաղաղություն չէ, զինադադար է: Աստված մի արասցե, եթե վաղը նորից պայթի պատերազմը՝ նույն մարդիկ են էլի գնալու պաշտպանելու մեր երկիրը: Չգնացողներն էլի չեն գնալու: Եվ առնվազն մի ամբողջ սերունդ պիտի պահպանի այդ հոգեւոր մթնոլորտը՝ իրար խնայելը, քաղաքական պայքարի ընթացքում կուտակված բացասական էներգիան իրար վրա չպարպելը»: Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի դաշնակցականները ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների եւ դրանց հաջորդած զարգացումների առնչությամբ շատ ավելի հանդուրժող են, քան Արցախի իրենց կուսակիցները: Մեր այս հարցադրմանն ի պատասխան Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Ինձ համար ամենակարեւոր խնդիրն է, որ իսկապես արդար ու բարեկիրթ (ժողովրդավարական բառը չեմ ուզում ասել՝ այն այնքա՜ն է չարաշահվել, որ դարձել է «կոմունիզմի» նման մի բան) ընտրություններ եղան: Իհարկե, կուզենայի, որ խորհրդարանում շատ ավելի լինեին դաշնակցական պատգամավորներ, եթե արժանի են դրան: Բայց գերխնդիրն ընտրություններն էին: Ինչ վերաբերում է նրան, որ այնտեղ ավելի ծայրահեղ են՝ պատճառն այն է, որ էներգիան ավելի կուտակված է, եւ այն սպառելու տարածքն ավելի քիչ է: Ի վերջո, նրանք ապրում են մի տեղ, որի կարգավիճակի պատճառով ջղային լինելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: Եվ իրենց նկատմամբ պիտի ներողամիտ լինենք՝ խոսքը միայն դաշնակցականների մասին չէ: Ես անընդհատ զգում եմ, թե իրենց մեջ վիրավորվածություն կա, որ Ադրբեջան-Հայաստան իրար հետ բանակցում են եւ իրենց ճակատագիրը որոշում առանց ԼՂ մասնակցության: Այս բոլոր բարդույթները կան իրենց մեջ: Ուստի պիտի միշտ ավելցուկով ներողամիտ լինենք նրանց նկատմամբ: Ինչքան էլ մասնակցել, զոհեր ենք տվել, Հայաստանն արնաքամ է եղել՝ առաջին հարվածն իրե՛նք են կրել, ռումբերն իրե՛նց երեխաների գլխին էին պայթում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031