Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՋԻՆ ԽԱՎԻ» ԱՄԱՌԸ

Հուլիս 07,2005 00:00

«ՄԻՋԻՆ ԽԱՎԻ» ԱՄԱՌԸ Ո՞ւր գնալ հանգստանալու, եթե փող ունես, բայց «օլիգարխ» չես Չկան նախկին արհմիություններն իրենց հարուստ բյուջեներով եւ աշխատավոր մարդուն բավականին հասանելի հանգստյան տների, իսկ նրանց երեխաներին՝ ամառային ճամբարների ուղեգրերով: Այժմ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր գրպանին հարմար հանգստի վայր ու ժամանակ: Ըստ գրպանի էլ առաջարկներն են. շատ ունեւորներին՝ եվրոպական, միջինին՝ Անթալիան ու սեւծովյան լողափերը, իսկ աշխատավարձով ապրողները լավագույն դեպքում կարող են բավարարվել մի քանի օր Սեւանում անցկացնելով: Նույն համամասնությամբ բաշխվում են նաեւ առողջարաններն ու հանգստյան տները կամ տուրիստական շրջագայությունները: Որպեսզի ավելի պարզ լինի, թե մոտավորապես ի՞նչ արժե հանգիստը տուրիստական ֆիրմաների առաջարկով, թեթեւ հարցախույզ անցկացրինք դրանցից մի քանիսում: Եվ այսպես, մեկ մարդու մեկ շաբաթյա օդափոխությունը, օրվա մեջ մեկ կամ երկու անգամ սնվելով, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ հարակից այլ՝ նախկին «ճամբարի» երկրների լողափերում արժե միջինը 500-700 եվրո: Նույնքան արժե Անթալիայի հինգաստղանի հյուրանոցով ուղեգիրը: Սեւծովյան ԱՊՀ հատվածում՝ Սոչի, Անապա, Յալթա, որքան էլ տարօրինակ է՝ մեկշաբաթյա հանգստի համար պետք է նախապատրաստել շուրջ 1000 դոլար: Իսպանիայի, Մալթայի եւ Միջերկրական ծովի այլ երկրների լողափերում գները նշվածի գրեթե կրկնակին են: Ինչ վերաբերում է Սեւանին, ապա այստեղ նորմալ հյուրանոցը, օրական երեքանգամյա սննդով, չի գերազանցում շաբաթական 300 դոլարը: Անշուշտ, ճանապարհ ընկնելուց առաջ չպետք է մոռանալ, որ ուղեգրի համար վճարածը անհրաժեշտ նվազագույն գումարն է, որն իր մեջ ենթադրում է հիմնականում ճանապարհածախսը, հյուրանոցն ու, որպես կանոն, միանգամյա սնունդը: Օրվա մնացած հատվածի համար սննդի, ինչպես նաեւ տարաբնույթ զվարճությունների համար պետք է հոգալ «հավելյալ» գրպանից: Իսկ հասնել որեւէ հանգստի վայր եւ սեփական անձը զրկել զվարճանքներից՝ աններելի է, ավելի լավ է մնալ տանն ու «լող տալ» շոգ սենյակի սեփական «սաունայում»: Թե ուր են գնում հանգստանալու հանրապետության «դեմքերը»՝ օլիգարխներն ու կառավարության անդամները, որպես կանոն, տեղեկանում ենք ոչ միշտ ու ոչ լիարժեք: Հաշվի առնելով նրանց սերը խաղատների նկատմամբ՝ հյուրանոցն ու ավիատոմսը իրենց ամառային ծախսերի չնչին տոկոսն են կազմում: Բոլոր դեպքերում, նրանք դժվար թե ուղեգիր փնտրեն տեղական կամ արտերկրի տուրիստական ֆիրմաներում: Ի դեպ՝ փնտրտուքի մասին: Արժե նշել, որ տեղեկատու ծառայությունից մեզ տրամադրված տուրիստական ֆիրմաներից որեւէ մեկից չկարողացանք ամփոփ ու լիարժեք տեղեկանալ, թե ուր կարելի է գնալ հանգստանալու, եթե ունես, ասենք, $2000: Երեք անհաջող փորձերից հետո, բնական է, այլեւս չզանգեցինք: «Մարաթուկի» հեռախոսահամարն անընդմեջ զբաղված էր՝ ու երկար ժամանակ: Իսկ «Սպուտնիկից» հետաքրքրվեցին, թե ո՞ր ուղղությամբ ենք ուզում մեկնել, իմացան, հետո խորհուրդ տվեցին «Իսպանիայի համար» 10 րոպե անց զանգել, իսկ երբ 10 րոպե անց զանգեցինք ու «Իսպանիայի աղջկանից» հանդգնեցինք հետաքրքրվել Անգլիայի համար՝ պարզվեց, որ էլի 10 րոպե հետո պիտի փորձենք, այս անգամ էլ «Անգլիայի աղջիկը» չէր կարող պատասխանել: «Առավոտը» առիթ ունեցել է անդրադառնալու անցյալ տարի Անթալիայում «հանգստացած» Ջեյմս Ստեփանյանի ոդիսականին. նրան ֆիրմաներից մեկում համակարգչով ցույց են տվել Անթալիայի հինգաստղանի հյուրանոցներից մեկը, գանձել համապատասխան գումար, իսկ հետո տեղավորել շինհրապարակում տեղակայված անհայտ մի շինությունում, փոշու ու ծխի «ընկերակցությամբ»: Ճիշտ է, վերադարձից հետո նրան հաջողվեց դատարանի միջոցով հետ գանձել վճարածը, բայց մի՞թե միայն դա էր նրա կորցրած հանգստի ու նյարդերի փոխհատուցումը: Ուստի բոլոր հանգստացողներին զգուշացնում ենք, որ տուրիստական ընկերությունների գործունեությունը մեր երկրում պետական վերահսկողությունից դուրս է: Լավագույն դեպքում նրանք կարող են զրկվել արտոնագրից, իսկ նման դեպք առայժմ չի արձանագրվել՝ չնայած բողոքների առկայությանը: Նման իրավիճակում ավելի լավ է ապավինել ոչ թե «ճռճռան» գովազդներին, այլ արդեն «թանը փորձած» ծանոթներին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել