Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի

Հուլիս 07,2005 00:00

Օրենքի եւ մարդու գործոնները ՍԴ նորանշանակ դատավորը բացատրում է, թե ինչու դատավորներն անկախ չեն Երեկ խորհրդարանում ՍԴ դատավորի երդում տվեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հենրիկ Դանիելյանը, որին էլ մենք հարցրինք՝ ՍԴ անդամությունն ինքը համարո՞ւմ է պաշտոնեական առաջխաղացում: Պարոն Դանիելյանը սրտի ցավով նկատեց, որ իր նոր պաշտոնն ամենեւին էլ առաջխաղացում չէ. «Չէի ասի, թե սա առաջխաղացում է, որովհետեւ ես, վերջին հաշվով, դատական համակարգի բուրգի գլուխն էի կանգնած, բայց սա կապված է ընդամենը տարիքի հետ. ընդհանուր իրավասության դատարանների դատավորները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին, իսկ ՍԴ անդամները՝ մինչեւ 70 տարին: Այս տարի լրանում է իմ 65-ը, եւ քանի որ պարոն Սեւյանը թոշակի անցավ, նպատակահարմար գտան ինձ նշանակել ՍԴ անդամ»: Շուրջ 36 տարի դատավոր աշխատած Հենրիկ Դանիելյանին հարցրինք նաեւ՝ ինչո՞ւ մեր երկրում դատարանները, դատական համակարգը անկախ չեն: Մեր այս գնահատականին պարոն Դանիելյանը կարծես համաձայն էր. «Դատարանների անկախության հարցը շատ ծավալուն խնդիր է, եւ երբ ասում են անկախություն, նկատի ունեն գործադիր իշխանության անմիջական ղեկավարությունը, միջամտությունը դատարանների գործունեությանը: Ցավոք, դա կարգավորված է օրենքով, եւ դատավորի թեկնածու ընտրելու, նշանակելու, նրան կարգապահական տույժի ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու խնդիրները օրենքով եւ սահմանադրությամբ իրականացնում է արդարադատության նախարարը: Հասկանալի է, որ այս պայմաններում, մանավանդ այս անցման շրջանում, դատավորը նայում է, թե ով կարող է իր հարցերը լուծել եւ, բնականաբար, ինչ-որ տեղ ենթարկվում է: Ես չէի ասի, որ ընդհանուր առմամբ անկախություն չկա, բայց շատ կարեւոր հարց է, երբ կա պետության, ավելի ճիշտ՝ իշխանությունների եւ քաղաքացիների միջեւ վեճեր, ապա այս դեպքում դատավորները դժվարանում են օրենքը ճիշտ կիրառել, այս խնդիրը կա»: Բնականաբար, Հենրիկ Դանիելյանը ծանոթ է սահմանադրական փոփոխություններին եւ գտնում է, որ դրանցով դատավորների նշանակման մեխանիզմը փոխվում է. «Գործող Սահմանադրությամբ դատավորների նշանակման, կարգապահական տույժերի եւ լիազորությունների դադարեցման հարցերը լուծում է Արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է, տեղակալներն են արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը, խորհրդի կազմում են նաեւ չորս դատախազներ: Այս պայմաններում դատավորը կաշկանդված է հենց թեկուզ այդ խորհրդի անդամ դատախազի բաց թողած գործը, այսպես ասած՝ յոլա տանելու համար: Առաջարկվող փոփոխություններով՝ եւ ՀՀ նախագահը, եւ արդարադատության նախարարը, եւ գլխավոր դատախազը, եւ մյուս չորս անդամները խորհրդի կազմում չեն կարող լինել: Սա, իհարկե, բավականաչափ առաջընթաց է անկախության ապահովման առումով: Շատ կարեւոր է նաեւ, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինչպիսի գործնական քայլեր կարվեն: Բոլոր դեպքերում մարդու գործոնը շատ կարեւոր է. եթե դատավորը ստրկամիտ է եւ նրա մեջ բացակայում է ներքին անկախությունը, ինչքան ուզում ես սիրուն օրենք կամ սահմանադրություն գրիր, միեւնույն է՝ նա ստրուկ էլ մնալու է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել