Լրահոս
Օրվա լրահոսը

Շոու

Հուլիս 23,2005 00:00

Շոու չէ, դատ է «Իմ իրավունքը» հեռուստատեսային հաղորդաշարը միջնորդ դատարան է Ծաղկաձորում վերջերս հրավիրված սեմինարի ժամանակ տեղեկացանք, որ «Իմ իրավունքը» հաղորդաշարը, ըստ էության, միջնորդ դատարանի գործառույթներ է իրականացնում: Ճշտելու նպատակով դիմեցինք հեռուստադատարանի դատավոր, ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանին: Նա մեզ տեղեկացրեց, որ հաղորդաշարի նպատակն էր բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը եւ ընտրվեց շոուի ձեւը, քանի որ նախկին «սովետմիության» տարիներին, երբ որեւէ իրավաբան նստում-խոսում էր լսարանի առաջ իրավական տերմիններով, մարդիկ չէին հասկանում նրան»: Քաղաքացիներից շատերը խնդրել էին իրենց վեճին ընթացք տալ եւ, ըստ փոխնախարարի, իրենք սկսեցին քննել իրական վեճեր, երբ պատասխանողն էլ նախընտրում էր վեճը քննել միջնորդ դատարանում: Մեր այն հարցին, թե արդյոք եթերում դատարանը կաշկանդված չէ, պարզվեց, որ վիճող կողմերը, ըստ պարոն Մուկուչյանի. «ենթադրում են, թե այստեղ կա մեծ հրապարակայնություն, երկու կողմն էլ վստահ է, որ դատավորը կաշկանդվում է հրապարակայնությամբ, ըստ այդմ, ակնկալում են անկողմնակալ վճիռ կամ որոշում»: Տ. Մուկուչյանի կարծիքով, մարդկանց մեջ ձեւավորվեց մշակույթ՝ «միջնորդ կարգով սեփական վեճը լուծելու»: Մեզ հետաքրքրում էր, թե արդյոք հեռուստադատարանի վճիռը կամ որոշումը բողոքարկվե՞լ է առաջին ատյանի որեւէ դատարանում եւ այս տարվա վեց ամիսների ընթացքում որքան գործեր են լսվել: Պարզվեց՝ լսվել է 13 գործ, եղել են վեճեր, որոնք լուծվել են «առանց տեսախցիկի» եւ «առանց հեռուստադիտողի» եւ որ ընդհանրապես բողոքարկումը սահմանափակ դեպքերում է լինում: Առհասարակ, ինչպես միջազգային պրակտիկայում, այնպես էլ «Միջնորդ դատարանների մասին» ՀՀ օրենքի համաձայն, այս դատարանը առանձնահատուկ է նրանով, որ քննում է քաղաքացիաիրավական հարաբերություններ եւ «օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ կողմերի հաշտության համաձայնություն կնքելուն նպաստելու համար»: Կողմերը իրավունք ունեն բողոքարկել կամ հայց հարուցել առաջին ատյանի դատարան, եթե միջնորդ դատարանը մերժել է վճռի վերանայումը՝ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքներով: «Այստեղ չեն կարող լսվել վարչաիրավական, պետաիրավական, հարկային եւ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված վեճեր, օրինակ՝ ընդդեմ քաղաքապետարանի, ռեգիստրի»,- ասում է Տ. Մուկուչյանը: «Առավոտին» հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք փոխնախարարի եւ դատավորի կարգավիճակը համատեղելի՞ են, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր դատավորի համար սա գիտական վեճ է: Ես կաշկանդվելու ոչինչ չունեմ»: Նրա կարծիքով, նշանակություն չուներ նաեւ, թե միջնորդ դատավորը իրավաբա՞ն է, թե՞ ոչ: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել