Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԺ ԱՇՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՂԵՐՈՒՄ

Օգոստոս 09,2005 00:00

ԹԵԺ ԱՇՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՂԵՐՈՒՄ ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն 6 փուլով Առաջիկա աշնանը Հայաստանի Հանրապետության մարզերի, ներառյալ Երեւանի, 57 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր մակարդակների՝ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Այդ ընտրությունները նախատեսված են անցկացնել 6 փուլով՝ սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը: Ասել է թե՝ այս տարվա աշունը թեժ կլինի ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ քաղաքապետերի, թաղապետերի եւ ավագանիների թեկնածուների համար: ՏԻՄ ընտրությունները կմեկնարկեն Երեւանի 12 համայնքներից: Այստեղ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան Էրեբունի, Նուբարաշեն համայնքների թաղապետերի եւ Նորք-Մարաշի ավագանու, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Կենտրոնի եւ Արաբկիրի թաղապետերի ընտրություններ: Նույն օրը Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ համանքներում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Երեւանի Նոր Նորքի թաղապետի ընտրությունները նախատեսվում են անցկացնել հոկտեմբերի 2-ին: Այդուհանդերձ, Երեւանում հատկապես սուր պայքար է սպասվում Կենտրոն եւ Արաբկիր համայնքների թաղապետի ընտրություններում, որոնց մենք դեռ կանդրադառնանք: Այս համայնքներում թեկնածուների առաջադրումը կսկսվի միայն հաջորդ շաբաթ՝ օգոստոսի 25-ին, իսկ Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթունում՝ օգոստոսի 18-ին: Էրեբունի համայնքում, ըստ ամենայնի, կառաջադրվի մեկ թեկնածու, եւ դա կլինի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը: Նուբարաշենում, բացի համայնքի գործող թաղապետ Ռոբերտ Ասատրյանից, հավանաբար կառաջադրվի նաեւ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի պաշտպանած մի թեկնածու, որն այդ համայնքում ոչ միայն գազալցակայան ունի, այլեւ, մեր տեղեկություններով, թաղային հեղինակություն է: Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն համայնքին, ապա այստեղ ՀՀ ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, այս համայնքից ԱԺ պատգամավոր ընտրված Արտյուշա Սիմոնյանն ու, ըստ երեւույթին, նաեւ ԱԺ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կպաշտպանեն թաղապետի թեկնածու Վալերի Հարությունյանին: Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթունում կրկին իր թեկնածությունն է առաջադրելու 1997-ից մինչ օրս գործող թաղապետ, անկուսակցական Ռուբեն Սինոյանը: Հայաստանի համայնքների միության համակարգող Էմին Երիցյանի համոզմամբ, սակայն, նպատակահարմար կլիներ ՏԻՄ ընտրություններն անցկացնել ոչ թե մի քանի, այլ մեկ փուլով: ՀՀ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները 6 փուլով անցկացնելու որոշումը որեւէ լուրջ փաստարկ չունի, թեեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը անցյալ ամիս կարծիք էր հայտնել, թե ՏԻՄ ընտրությունները մի քանի փուլով անցկացնելը ճիշտ է դրանք վերահսկելու, կանոնակարգելու եւ օրենքը բոլոր ընտրատարածքներում պաշտպանելու տեսանկյունից: Սակայն կարծիք կա նաեւ, թե դա արվել է նախեւառաջ քաղաքական նպատակներով՝ զուտ հոգեբանական նշանակության տեսանկյունից. իշխանությունները պարզապես խուսափում են ՀՀ բոլոր մարզերում միանգամից ՏԻՄ ընտրություններ անցկացնել՝ վախենալով հասարակական հնարավոր ցնցումներից: Է. Երիցյանի համոզմամբ, ՏԻՄ ընտրությունները մի քանի փուլով անցկացնելը նաեւ որոշակի խոչընդոտներ ու անհարմարություններ է ստեղծում ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները կարեւորող միջազգային դիտորդների համար, որոնք ժամանակին այս առնչությամբ դիտողություններ են արել: «Միջազգային դիտորդները չեն կարող 5-6 շաբաթ մնալ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար»,- նշեց Է. Երիցյանը: Ի դեպ, վերջինս մեր զրույցի ժամանակ մի հետաքրքիր դիտարկում արեց, որը, թերեւս, ուշագրավ պետք է լինի հատկապես Երեւանի թաղապետերի թեկնածուների համար: Ըստ նրա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունները նոյեմբերի 29-ին նշանակված հանրաքվեի արդյունքում ընդունվելու դեպքում չեն երաշխավորում, որ Երեւանի թաղային իշխանությունները, որպես ՏԻՄ մարմիններ, պահպանվելու են: Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթներում սահմանվում է, որ Սահմանադրության ընդունումից հետո 1 տարվա ընթացքում պետք է ընդունվի Երեւանի կառավարման կարգի մասին համապատասխան օրենք, որից հետո 2 տարվա ընթացքում Երեւանի կառավարման նոր մարմիններ պետք է ձեւավորվեն: «Անցման դրույթներում ասված է, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները սահմանադրական փոփոխություններին, իսկ դա նշանակում է, որ մինչեւ 2007-ի հունվարի 1-ը բոլոր օրենքները պետք է փոխված եւ համապատասխանեցված լինեն Սահմանադրությանը: Դա կարող է տեւել առնվազն 2-3 տարի, ուստի, կարծում եմ, կառավարությունը հակված կլինի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ուղղված կլինեն Երեւանի համայնքների ՏԻՄ մարմինների գործառույթների սահմանափակման գործընթացին: Սա նշանակում է, որ այսօր Երեւանի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվող թեկնածուները գումարներ են ծախսելու, իրենց մրցակիցների հետ պայքարելու են, իսկ արդյունքում դառնալու են լուծարվող հիմնարկի ղեկավարներ»,- ասաց Է. Երիցյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031