Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեխաբար» քննարկում

Օգոստոս 13,2005 00:00

«Բեխաբար» քննարկում Երեկ Հայաստանի համայնքների ղեկավարները վարչապետին պետք է ներկայացնեին սահմանադրական փոփոխությունների մասին իրենց տեսակետները, բայց հիմնականում խոսեցին համայնքային հոգսերից: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դա բացատրեց նրանով, որ մինչ այդ բոլոր համայնքներում իրենց տեղական միությունները կազմակերպել էին քննարկումներ եւ պատրաստել առաջարկություններ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այս հանդիպումը: Է. Երիցյանի պատասխանով, «վարչապետն ինքը կուսակցության առաջնորդ է եւ երկրի գործադիր մարմնի ղեկավար, եւ անհրաժեշտ էր նաեւ նրա հետ հանդիպումը»: Իսկ որ այլ հարցեր էլ են տալիս՝ «դա բնական է»: Ասենք, որ թեպետ Անդրանիկ Մարգարյանը համբերատար լսում էր ու երբեմն էլ սպառիչ պատասխանում թեմային չառնչվող հարցերին, բայց մի անգամ էլ զգուշացրեց՝ «ձեր հոգսերից որ սկսեք՝ էսօր չենք վերջացնի»: Չօգնեց: «Սա շոու է, էս հոդվածներն էսօր են տվել մեր ձեռքը, ես մի ժամում ո՞նց պիտի ծանոթանայի ու դիտողություններս ներկայացնեի, համ էլ նախ պիտի իմ ժողովրդին ներկայացնեի՝ նոր նրա կարծիքը բարձրաձայնեի»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի գյուղական համայնքներից մեկի ղեկավարը: Նրա ասելով, «կարկուտը մեռավ մեզ խփելով, քանի հատ օգնության դիմում ենք ներկայացրել՝ ոչ մի լումա չենք ստացել», իսկ կառավարության բոլոր աջակցության ծրագրերը «գնում են Արարատյան դաշտավայր»: Սա թափանցիկ ակնարկ էր արարատցի փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին: Համայնքների ղեկավարները, թողած սահմանադրական բարեփոխումները, քննարկումը վերածել էին ԱԺ հարց ու պատասխանի նիստի. մեկը գյուղական ամբուլատորիայից էր խոսում, մյուսը՝ փտած ջրագծերից ու զավթված կամ համայնքին որոշումով տրված, բայց իրականում՝ չտրված հողերից: Գեղարքունիքի Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Հակոբյանն էլ Սեւանի ազգային պարկի հետ ունեցած դարավոր թշնամությունն էլ «լուսաբանեց» սահմանադրության նոր նախագծի դիրքերից: Ըստ դրա, հանրապետության ողջ տարածքը պետք է կառավարվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, իսկ «ազգային պարկը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, բայց հարակից համայնքների բյուջե ոչինչ չի վճարում, ու, փաստորեն, ողջ Սեւանի ավազանը առայսօր տեղական ինքնակառավարումից դուրս է մնացել»: Ի դեպ, համայնքների միության նախագահը նշեց, որ հանրապետությունում նման տարածքներ էլի կան: «Սահմանադրության մեջ մեզ վերաբերող 19 հոդված կա, ոչ մեկին էլ տեղյակ չենք, մարզպետարանին են տվել, նրանք էլ Երեւանում, կուսակցությունների գրասենյակներում նստած՝ իրար մեջ հարցեր են լուծում: Լավ տղա են՝ թող գան Վարդենիս, ըտեղ խոսանք»,- բողոքեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Նա հանրապետական կուսակցությունից է, բայց «իմ համար ժողովրդիս դարդն ու ցավն է կարեւոր»: Երեւանի թաղապետերը թեեւ ներկայացել էին գրեթե ողջ կազմով, բայց առանձնապես ակտիվ չէին: Միայն ժամանակ առ ժամանակ, երբ որեւէ համեմատություն էր անցկացվում մայրաքաղաքի համայնքների հետ, վարչապետ Ա. Մարգարյանը պատասխանի համար դիմում էր Կենտրոնի թաղապետին՝ «Գագո, ասա՛»: Գագիկ Բեգլարյանն էլ պատասխանում էր համարյա քաղաքապետի «ինտոնացիայով»: Նա նաեւ առաջարկեց. «Եթե նոր փոփոխությամբ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 4, այլ՝ 5 տարին մեկ, ուրեմն պետք է համայնքների ղեկավարներինն էլ 3-ի փոխարեն 5 տարով դառնա, որ քաղաքական հավասարակշռություն լինի եւ Ազգային ժողովի հաստատած ծրագրերն էլ հասցնենք կատարել»: Համայնքապետերից հնչած մի կարծիք էլ կար՝ ավագանիների թիվը ներկայիս թվի համեմատ պետք է ավելանա շուրջ երեք անգամ, իսկ անհրաժեշտ է այդ թիվը «հարմարեցնել» համայնքի անդամների թվին: Վարչապետի ասելով, նման մի «սահմանադրական քննարկում էլ կանցկացնենք սեպտեմբերին»: Չկոնկրետացան՝ Երեւանում ՏԻՄ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո՝ «թարմ» կազմի հետ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել