Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա՞

Սեպտեմբեր 03,2005 00:00

Չկա՞ մարգարե սեփական հայրենիքում Ըստ բժիշկ-գիտնական Վարդան Ակունցի, Հայաստանում նրան հիշում են, երբ պաշտոնյաների մերձավորները հիվանդանում են: «Այսօր վաստակավոր գործիչներ կան, որոնք գիտության ասպարեզում իմ աջ կոշիկից ոչնչով առավել չեն»,- ասում է Միջազգային էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գլխավոր ալերգաբան, պրոֆեսոր Վարդան Ակունցը: Գերմանիայի եվրոպական ակադեմիան ալերգաբանության բնագավառում ունեցած ծառայությունների համար նրան պարգեւատրել է Ռենտգենի անվան մեդալով եւ դիպլոմով: Այն պրոֆեսորին է փոխանցել Ռուսաստանի բնագիտական ակադեմիան, որի անդամն է նա: 205 աշխատությունների հեղինակը Հայաստանում ալերգաբանության հիմնադիրն է: Գիտնականի ստեղծած կառույցները համակարգում են առաջին հայացքից թեթեւ թվացող, սակայն բավականին տարածված եւ բարդ հիվանդության կանխարգելմանն ուղղված ջանքերը: «Իմ գրեթե բոլոր աշխատությունները նվիրված են էկոլոգիայի խաթարման զոհերին, որոնք ալերգիայով տառապողներն են: Հետեւաբար, եթե դու մշակում ես այդ հիվանդության ախտորոշումը, բուժումը, ինքնըստինքյան ստեղծվում է լուրջ գիտական հիմք, որի վրա կարող է զարգանալ ալերգիկ հիվանդությունների հետազոտումը: Իմ երկար տարիների վաստակը, կարծում եմ, որոշակի նպաստ է բերել Հայաստանի բժշկագիտական աշխարհին: Սակայն մինչ օրս ոչ ոք մատը մատին չի խփել, նույնիսկ մի շնորհակալագիր չեմ ստացել: Լավ է, երբ քո վաստակը, գիտնականի ավանդը գնահատում են ուրիշները: Սակայն կրկնակի վատ է, երբ այն չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս հայրենի իշխանությունները: Ինչքան էլ դրսում քեզ գնահատեն, նախեւառաջ քո տանը քեզ պետք է հարգեն: Ինձ հիշում են միայն այն ժամանակ, երբ որեւէ մեծահարուստի կամ պաշտոնյայի ընտանիքի անդամ է հիվանդանում, եւ դրանով հարցը փակվում է: Էկոլոգիայի խաթարման, անորակ սննդի, ոչ թույլատրելի քանակի թունավոր արտանետումների հետեւանքով հիվանդներ դարձած մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց հիվանդության գիտական հիմնավորման կարիքն ունեն, որին բավարար ուշադրություն չի դարձվում: Աշխարհի առաջավոր երկրներում այդ հարցին առավել քան լուրջ են վերաբերվում: Սակայն մեզ մոտ համապատասխան հոգածությունը չկա: Էկոլոգիայի ոլորտի պատասխանատու շատ չինովնիկներ գաղափար անգամ չունեն արծարծվող խնդիրներից եւ դրանից բխող հետեւանքներից: Ցավոք, դրա վկան եւ ականատեսն եմ եղել բազմիցս: Անուշադրության եւ մեր տխուր իրականության արդյունքում փակվեց նաեւ իմ կողմից ստեղծված «Էկոծին» ազգային բարեգործական ասոցիացիան, որը պետք է վերլուծեր ալերգաբանության բնագավառում եղած խնդիրները, պրոֆիլակտիկ առումով օգներ էկոլոգիայի նախարարությանը: Սակայն կառույցը մեկ-երկու տարուց լուծարվեց: Իսկ նախարարությունում, կասկածում եմ, որ գիտեն այդ մասին, թեպետ ասոցիացիան պաշտոնապես գրանցված էր այնտեղ»,- ասաց պրոֆեսոր Ակունցը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930