Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբեր 14,2005 00:00

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ Հավաստիացնում է Արցախի պետական մեկամյա կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանը: Դա է պատճառը, որ օրերս, Երեւանում Արցախի կամերային նվագախմբի առաջին հաջող ելույթից հետո, Գ. Մուրադյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենք վերադառնում են եւ մոտ ապագայում կամերայինի կազմը կվերաճի «մոցարտյանի» (փոքր կազմով սիմֆոնիկ նվագախումբ): Մեր հետաքրքրությանը, թե ի՞նչ քաղաքականություն է վարում Արցախի մշակույթի նախարարությունը կամ հենց ինքը՝ նախարարը, որ նորանկախ Արցախում առաջին քայլերն անող դասական արվեստը կարճ ժամանակահատվածում նման տեմպերով է աճում, դիրիժորը հայտնեց. «Նվագախմբի ստեղծման առաջին օրվանից, հետագայում նաեւ համերգներին, մենք զգացել ենք պետական այրերի ուշադրությունը: Չեմ հիշում ոչ մի ելույթ, որտեղ ներկա չլինեն Արկադի Ղուկասյանը, վարչապետը կամ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Հավատացնում եմ, որ իրենք անձնական հետաքրքրություն են ցուցաբերում նվագախմբի նկատմամբ: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարին, մեկ տարվա ընթացքում երրորդ նախարարն է Կամո Աթայանը, որին դեռ երես առ երես չեմ հանդիպել, խոսել եմ միայն հեռախոսով՝ Երեւան ժամանելու նախօրեին»: Հարցին՝ «Արցախում գործում է երաժշտական ուսումնարան: Ի՞նչն էր պատճառը, որ կամերային նվագախումբ հիմնելուց հետո, ձեր նախաձեռնությամբ 2004-ի աշնանը բացվեց ուսումնարանին կից երաժշտական քոլեջ», Գ. Մուրադյանն ասաց. «Անհամեստ չհնչի, բայց պետք է բարձրաձայնեմ, որ կամերային նվագախմբի առաջին ելույթներից հետո արցախցիների մեջ ջերմ վերաբերմունք առաջացավ դասական լարային գործիքների հանդեպ: Ի վերջո՝ քոլեջը նրա համար է, որ մենք անձամբ մեր կադրերն ենք պատրաստում: Նշեմ նաեւ, որ Հայաստանից 12 երաժիշտ, կամերայինում աշխատելուն զուգահեռ, դասավանդում է քոլեջում, Ստեփանակերտի եւ Շուշիի երաժշտական դպրոցներում: Այն էլ ասեմ, թեպետ կրկնվում եմ, որ նման ընդարձակ գործունեություն չէինք կարող ծավալել առանց վերեւների աջակցության»: Զրույցի ընթացքում Գ. Մուրադյանը հարկ համարեց նշել տեղի հեռուստատեսության աջակցության մասին. «Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը երկուսուկես ժամ հեռարձակման դեպքում հեռուստատեսության տնօրինությունը մեզ ուշադրության կենտրոնում է պահում: Էլ չասեմ «Ազատ Արցախ» օրաթերթի մասին: Դե, գիտեք ինչ է նշանակում արվեստագետի համար մամուլի անշահախնդիր հովանավորությունը»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե Ստեփանակերտում որտե՞ղ են անցնում նվագախմբի համերգները: «Ընդամենը երկու՝ Մշակույթի պալատի եւ Սպայի տան մոտ 500 տեղանոց դահլիճներում»,- պատասխանեց դիրիժորը: Հարցին՝ քանի՞ պետական կոլեկտիվ կա այսօր Արցախում եւ համագործակցո՞ւմ եք նրանց հետ, Գ. Մուրադյանը տեղեկացրեց, որ Արցախում գործում են ժողգործիքների եւ պարի անսամբլներ, ջազ նվագախումբ եւ երկու կամերային երգչախումբ. «Կամերային նվագախմբի հիմնադրման օրվանից մենք հասկացանք, որ միանգամից մեծ «դոզայով» դասական երաժշտություն ճիշտ չէ մատուցել: Համագործակցեցինք եւ այսօր էլ համագործակցում ենք ջազ նվագախմբի, կամերային երգչախմբերի հետ, ներկայացնելով հանրամատչելի երաժշտություն եւ, իհարկե, կամերայինի հետ ելույթներ են ունենում ժողգործիքների նվագախմբի արտիստները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել