Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոկտեմբեր 06,2005 00:00

ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՎԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՍՔԻ» ՏԻՄ ընտրությունների ամենավիճահարույց հարցի՝ ընտրացուցակների մասին պարզաբանումներ է տալիս ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Բազմաթիվ են բողոքները, թե ինչ վիճակում են ընտրացուցակները: Արարատի 17 համայնքներում դրանք առանց կնիքի են, Վանաձորում ցուցակներում նշված են ընտրողների անձնագրային տվյալները: Երեկ անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ցուցակների խնդրին եւ ասաց, որ հայտնաբերված անճշտություններն ավելի շատ տեխնիկական բնույթի են: Վարչապետը պատճառաբանեց, որ առաջին անգամ են փորձարկվում անձնագրային բաժինների կողմից ընտրացուցակների կազմման գործընթացը եւ դրա ծրագրային մշակումը: Իսկ Կենտրոնի համայնքապետի թեկնածու Ռուզան Խաչատրյանը մինչ ընտրություններն էր ապարդյուն փորձում Կենտրոնի ոստիկանապետից ստանալ 11 ընտրատեղամասերի ցուցակները: Եվ հետո պարզ դարձավ, որ եթե մնացած տեղամասերում ընտրողների մասնակցությունը եղել է միջինը 500, ապա այն տեղամասերում, որոնց ցուցակները չտրամադրվեցին՝ քվեարկել է 1300-1400 ընտրող: «Այսինքն՝ մեկ րոպեի ընթացքում երկու ընտրող է քվեարկել»,- հեգնել էր Ռուզան Խաչատրյանը, որը ԿԸՀ-ին նաեւ բողոք էր ներկայացրել մի շարք տեղամասերի վերաբերյալ, որտեղ ընտրողները սահմանված թվից՝ 2000-ից ավելին էին: Գարեգին Ազարյանն «Առավոտին» ասել էր, որ պատասխանել է նրա դիմումներին, մինչդեռ տիկին Խաչատրյանը պնդում է, թե չի ստացել ոչ մի պատասխան: Ահա թե մեր զրույցի ընթացքում ինչ ասաց պրն Ազարյանը 2000-ից ավելի ընտրողներ ընդգրկող տեղամասերի վերաբերյալ. «Էլի՛ են լինելու: Ընտրությունները ճշգրիտ գիտություն են. պետք է հետեւել օրենքի պահանջներին: Օրենքի համաձայն՝ մենք 45 օր առաջ ենք կազմավորում ընտրական տեղամասեր, 40 օր առաջ փակցնում ցուցակները եւ 38 օրվա ընթացքում՝ մինչեւ քվեարկությունից 2 օր առաջ, ճշտում ցուցակները՝ ավելացնում, լրացնում կամ պակասեցնում: Այս պայմաններում հնարավո՞ր է, որ լինեն 2000-ից շեղումներ: Հիմա եթե քվեարկությունից 15-20 օր առաջ պարզում ենք, թե մի տեղամասում կա 2030 մարդ՝ ի՞նչ պիտի անենք: Ճանապարհի կեսին կարո՞ղ ենք բացել նոր տեղամաս: Ո՛չ, չենք կարող: «Ընտրական օրենսգիրքը» չի ընձեռում նման հնարավորություն: Իսկ մենք իրականացնում ենք միայն այնպիսի լիազորություններ, որոնց իրավունքն ունենք օրենքով, եւ ոչ թե գործում իբրեւ քաղաքացիներ ու անում այն, ինչ արգելված չէ: Ինձ համար շատ դժվար կլինի դա բացատրել բոլոր կուսակցություններին: Բայց ոչինչ՝ ես համբերատար կսովորեցնեմ նրանց»: Գարեգին Ազարյանը հայտնեց մեզ, որ հոկտեմբերի 4-ին գրություն է ուղարկել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին՝ նշելով, թե Հրազդան քաղաքի ընտրացուցակում կան անճշտություններ. «Գրել եմ՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը կարգավորելու համար: Իսկ ցանկացած հանձնարարություն լինում է «խնդրում եմ» բառով»: Երեւանի համայնքներից ամենաշատ ցուցակային անճշտությունները եղան Նուբարաշենի համայնքում: ԿԸՀ նախագահն ընդգծում է, թե սա առաջին ընտրությունն էր՝ սեպտեմբերի 18-ին. «Այնտեղ մոտ 300 հոգի էին դիմել դատարան: Իսկ հոկտեմբերի 2-ին Նոր Նորք համայնքում դատարան դիմեցին ընդամենը 72 մարդ՝ 97 հազար ընտրողից: Հիմա ովքեր բողոքում են ցուցակների կազմման այս կարգից՝ չե՞ն տեսնում այն առաջընթացը, որ ամեն շաբաթ լինում է ցուցակների հետ կապված»: Մեր հարցին, թե այսպիսով մինչեւ սահմանադրական հանրաքվեն հնարավոր կլինի՞ ցուցակները բերել «քրիստոնեական տեսքի», ինչպես ասաց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ տեղիք տալով կատակի, թե մինչ այժմ դրանք մուսուլմանական տեսքի էին: «Ո՛չ, ես համաձայն չեմ, որ կբերվեն «քրիստոնեական տեսքի»,- առարկեց Գարեգին Ազարյանը:- Ցուցակները երբե՛ք չեն բերվի այդ տեսքի, եթե մենք զբաղված ենք ընդամենն անընդհատ ասելով, թե ցուցակները վատն են: Ուղիղ 2 տարի ինտերնետում տեղադրված է ՀՀ ընտրողների ցուցակը»: Ընդհատեցինք նրան, քանի որ գիտեինք այդ օրինակը՝ միայն մի լրագրող է դիմել ԿԸՀ-ին՝ ասելով, թե իր անունը բացակայում է ցուցակից: «Ուզում եմ հարցնել մեր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին՝ հատկապես դիտորդական առաքելություն իրականացնող, որոնք ահազանգեր են հնչեցնում, թե հասե՜ք, փրկե՜ք, ցուցակներում մարդիկ չկան եւ այլն, ինչո՞վ էին զբաղված մինչ այժմ: Երբ ցուցակների խնդիրը դառնա հասարակության խնդիրը՝ մենք կունենանք «քրիստոնեական տեսքի» ցուցակներ»,- շեշտեց Գարեգին Ազարյանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ԿԸՀ նախագահը դժգոհեց. «Սպասում էի, որ գոնե մի լրագրող, որը հետեւել է նախորդ ընտրություններին՝ կասի, որ արդեն 2,5 տարի է մեր երկրում չկա «լցոնում» բառը»: Ընդգծենք՝ մեկնակետը 2003-ն է՝ նախագահի եւ ԱԺ ընտրության տարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել