Լրահոս
Օրվա լրահոսը

Չաքմաքչյանի

Հոկտեմբեր 21,2005 00:00

Չաքմաքչյանի գործերը կտեղադրվե՞ն «Արտբրիջ» ակումբ-սրճարանում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի հրավերով երեկ հյուրընկալվել էր ճանաչված կանադաբնակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է նա գնահատում Երեւանում տեղադրված արձանները: «Տարբեր ձեւով ընկալեցի: Իհարկե՝ կան որոշները, որ չպետք է դրվեին»,- ասաց Չաքմաքչյանը: Օրինակներ բերելուց ձեռնպահ մնաց. «Քանդակագործը ինչ ասես՝ կարող է քանդակել, նա մեղավոր չէ, քանդակ տեղադրողն է մեղավոր, որ պիտի որոշի՝ տեղադրե՞լ, թե՞ ոչ այս կամ այն քանդակը»: Ինչ վերաբերում է Առնո Բաբաջանյանի արձանին, ապա Չաքմաքչյանի խոսքերով՝ երբեմն լռության մեջ աղմուկ է հնչում, կոմպոզիտորի քանդակը հենց այդ աղմուկն է: Քանդակագործը տեղեկացրեց, որ պատրաստվում է առաջիկայում ներկայանալ իր այն գործերով, որոնք արգելվել են խորհրդային ռեժիմի տարիներին: Աշխարհի խոշոր քաղաքներում տեղադրված են Արտո Չաքմաքչյանի գործերը եւ ցանկություն է քանդակներից մեկն էլ տեղադրված տեսնել Հայաստանում: Թե ո՞րը՝ դեռ չի որոշել, բայց պատկերացնում է, որ այն անպայման վերածնունդ է խորհրդանշելու: «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի հրավերով Չաքմաքչյանի հետ հանդիպման էին եկել մշակույթի ճանաչված գործիչներ. այդ թվում՝ Պերճ Զեյթունցյանը, Աղասի Այվազյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Օշին Քեշիշյանը՝ ԱՄՆ-ից, նաեւ մշակույթի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանն ու Թամար Պողոսյանը: Քանդակագործի վաղեմի բարեկամ, գրող ՊերՃ Զեյթունցյանը, ողջունելով նրան՝ ասաց. «Ժամանակը չէ՞, որ այս քանդակագործը, ում այսքան գովում ենք, Երեւանում ունենա դրված արձան: Դա նույնն է, որ մի գլուխ ասեք՝ գրող Պերճ Զեյթունցյան, եւ Զեյթունցյանը որեւէ գիրք չունենա… Դեռ Սովետի ժամանակ Արտոյի տունը արվեստի Մեքքա էր, մեր մտավորականության սերուցքը, արտասահմանցի հյուրերը գնում էին նրա արվեստանոցը, բայց այդպես էլ նրա որեւէ գործ չտեղադրվեց հայրենիքում: Սա ամոթալի փաստ է»: Արվեստաբան Ռուբեն Անգալադյանն էլ խոսեց Արտո Չաքմաքչյան մարդու եւ արվեստագետի մասին: «Նա ներկայացնում է հայկական քանդակի ինտելեկտուալ ճանապարհը, որ մինչեւ Արտո Չաքմաքչյանը չի եղել: Մնալ հայ եւ դառնալ համաշխարհային դեմք՝ շատ դժվար է, որովհետեւ այն շուկան, որի մեջ ապրում-ստեղծագործում ես, ազատ շուկան՝ խիստ ձեւավորված է եւ աբստրակտ: Այդ տեսակետից Արտո Չաքմաքչյանի խորհուրդը շատ մեծ է»: Լրագրողների խնդրանքով Ա. Չաքմաքչյանը մի զվարճալի դեպք պատմեց խորհրդային շրջանից. «Իմ արձանները Հայաստանում դժվարությամբ են ցուցադրել, հաճախ չեմ էլ կարողացել դրանք ցուցադրել: Հիշում եմ, երբ Կոմիտասի արձանն էի ներկայացնում, ասացին, որ դա Դոն Քիշոտ է: Հաջորդ տարի նույն արձանը որպես Դոն Քիշոտ ներկայացրի՝ նորից մերժեցին: Այս անգամ էլ պնդեցին, թե Կոմիտասին է նման»: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել