Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը

Նոյեմբեր 11,2005 00:00

Հերթը հասավ Վանաձորին Շարունակվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած «Պահպանենք մեր մշակույթը» խորագրով փառատոնը հանրապետության մարզերում: Նոյեմբերի 9-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ փառատոնի հերթական փուլը: Սրահներից մեկում ցուցադրված էին Վանաձորի տիկնիկային թատրոնի «հերոսները», գեղագիտական կենտրոնի սաների եւ վանաձորցի նկարիչների աշխատանքները: Մշակույթի պալատում գործող դիզայնի կենտրոնի ղեկավար Լառա Պետրոսյանի աշխատանքները բավականին հետաքրքիր էին: «Կենտրոնը ունենում է 25-30 սան, որոնք սովորում են ծաղկարվեստ, սեղանի ձեւավորում, չոր նյութերից կոմպոզիցիաների պատրաստում: Մենք էլ, ինչպես այսօր շատ արվեստագետներ, ճիշտ է, բախվում ենք նյութականի խնդրին, սակայն կա ստեղծագործելու ցանկություն, որին օգնում է Լոռվա հրաշք բնաշխարհը»,- ասաց Լ. Պետրոսյանը: Փառատոնը սկսվեց Վանաձորի կամերային երգչախմբի ելույթով, այնուհետեւ Երեւանից ժամանած մասնակիցների հետ ելույթ ունեցան Վանաձորից ընտրված խմբեր: Նրանց մեջ հետաքրքիր ու շնորհալի կատարումներով առանձնանում էր «Տարոն» մանկապատանեկան համույթը (ղեկավար՝ Նոբեր Էմինյան): Իր «Ռուզան» ներկայացումից մի հատված էր բերել Վահե Շահվերդյանը: «Ինչքան տխուր կլիներ, եթե փառատոնում միայն Երեւանից ժամանած մասնակիցներ լինեին: Վանաձորցիների զուլալ հոգին կարեւոր է հայ մշակութային կյանքում: Արդի մշակույթում մի հյուլե եմ՝ շնորհիվ իմ ժողովրդի»,- ասաց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Մանիկ Գրիգորյանը, Ռաիսա Մկրտչյանը, Պապին Պողոսյանը կատարեցին իրենց շատ հայտնի երգերը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի մշակույթի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանը «Առավոտին» ասաց. «Մեր մարզը ունի 115 համայնք՝ 8 քաղաք եւ 105 գյուղ: Մշակույթի ակումբ-գրադարանները համայնքին տալով՝ շատ բան կորցրինք, քանի որ համայնքն ինքը ի վիճակի չէ դրանք պահել: Գյուղը եւս՝ իր հավաքած եկամուտներով, չի կարող մշակույթի տուն ունենալ: Իսկ գյուղի բնակիչներն իրենց հետաքրքրությունները չեն կարող բավարարել՝ ելնելով ֆինանսական վիճակից: Շոու-բիզնեսի ոչ մի ներկայացուցիչ կոմերցիոն նպատակով գյուղ չի գնա՝ համերգ կազմակերպելու: Բարեգործական համերգների եւս չենք հանդիպել: Այսօր պետական հոգածություն է պետք, որ այս հարցերը շտկվեն: Մշակույթի տներն էլ, որ մնացել են, ծառայում են ոչ նպատակային: Այնտեղ ուղղակի հավաքատեղի է, փորձում ենք այնպես անել, որ երիտասարդները դրսում նստելու փոխարեն՝ ժամանակն անցկացնեն ակումբներում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել