Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ

Նոյեմբեր 25,2005 00:00

ԳՅՈՒՄՐԻՆ ՄՏԱՎ ԿԱՐՍ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԵՋ Համենայնդեպս՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կողմից ընդունված փաստաթղթում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նոյեմբերի 22-24-ը տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովը, որի ժամանակ Հայաստանը վեց ամսով ստանձնեց նախագահությունը: Վեհաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից Հայաստանի պատվիրակությանը առավել հետաքրքրում էր տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը: Այս հարցի քննարկումներին չափազանց ակտիվ մասնակցում էին Վրաստանի եւ Թուրքիայի պատվիրակները. Ադրբեջանը միակ երկիրն էր, որ չէր մասնակցում վեհաժողովի նիստին: Հայաստանի պատվիրակության առաջարկների մեջ ընդգրկված հարցերից ամենակարեւորը Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վերաշահագործման հարցն էր, որին Հայաստանի պատվիրակությունը լրացուցիչ առաջարկի տեսքով փորձեց ավելացնել նաեւ աբխազական երկաթուղու վերաբացման հարցը: Սա ակնհայտորեն դուր չեկավ վրացական պատվիրակությանը, եւ պատվիրակության ղեկավար Դավիդ Սագանալիձեն բավականին ոչ հայանպաստ ելույթ ունենալով՝ շեշտեց, որ դա զուտ վրացական խնդիր է, եւ իրենք ճիշտ չեն համարում Հայաստանի մասնակցությունը հարցի այդ կարգի քննարկմանը: Թուրքիայի ներկայացուցիչներն ընդհանրապես առաջարկեցին հարցը հանել օրակարգից եւ Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի հարցը քննարկել այն ժամանակ, երբ ներկա կլինի նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Ի վերջո, ստեղծված իրավիճակում ելք առաջարկեց Ռուսաստանի պատվիրակությունը, այն է՝ ընդմիջման ընթացքում շահագրգիռ կողմերը քննարկեն եւ համաձայնության գան, որից հետո միայն հարցը դրվի քվեարկության: Այս ամբողջ ընթացքում հայկական պատվիրակության անդամներ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Մեխակ Մխիթարյանը (ՕԵԿ) եւ Վլադիմիր Բադալյանը («Ժողպատգամավոր» խումբ), բացարձակապես ոչ մի բառով եւ ռեպլիկով չմիջամտեցին թուրքական եւ վրացական պատվիրակների մեղադրանքներին՝ որ իբր Հայաստանը խառնվում է իրեն չվերաբերող գործերին, եւ որ այդ երկաթգծի շարքում Գյումրին ընդհանրապես ավելորդ կետ է: Նիստին ներկա ԱԺ նախագահը չէր կարող միջամտել, քանի որ ելույթներ եւ առաջարկներ, ըստ վեհաժողովի կանոնադրության, անում են միայն պատվիրակները: Ընդմիջմանը վրացական պատվիրակների հետ ԱԺ նախագահը համոզելու եւ հարցը մեր օգտին դարձնելու նպատակով բառացիորեն անցավ դիվանագիտական հնարքների եւ կարողացավ հասնել այն բանին, որ վրացիները ի վերջո համաձայնեցին, որ երկաթուղու վերաշահագործման մեջ անպայման պետք է ընդգրկված լինի նաեւ Գյումրին: Առանց ավելորդ գովազդի, հարկ է նշել, որ եթե Արթուր Բաղդասարյանը ներկա չլիներ այդ նիստին եւ որոշակի ունակություններ չունենար, հարցը լուծվելու էր ի վնաս Հայաստանի, եւ Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շարքից Գյումրին դուրս էր մնալու: Իսկ այս դեպքում հարցն անցավ միաձայն. ճիշտ է, նախագահողը ստիպված էր այն երկու անգամ դնել քվեարկության, քանի որ նույն Թուրքիան եւ Վրաստանը ակնհայտ միտումնավոր առաջին անգամ ձեւ արեցին, թե չեն հասկացել, որ արդեն դրվում է քվեարկության: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհիվ միջազգային հերթական կառույցի կողմից ընդունվեց մի փաստաթուղթ, որը բավականին շահեկան է Հայաստանի համար, եւ որն այլեւս կարելի է մեջբերել եւ ներկայացնել այլ կառույցների՝ որպես կատարված փաստ, եւ ակնկալել դրանից բխող բոլոր դրական ելքերը: Կատարվածը ԱԺ նախագահը գնահատեց այսպես. «Սա կարեւոր քաղաքական նշանակություն կունենա: Ըստ էության, Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների վեհաժողովի որոշմամբ արձանագրվեց, որ կարեւորվում է Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վերաշահագործարկման անհրաժեշտությունը: Այս որոշումը մենք կկարողանանք հղել նաեւ միջազգային այլ կառույցների: Փաստորեն, սա 12 երկրների կողմից միաձայն ընդունված որոշում է, որին ներկա էին նաեւ Եվրամիության եւ Եվրախորհրդի ներկայացուցիչներ»: Սեւծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստում Հայաստանը ստանձնեց նախագահությունը: Նախագահության խորհրդանիշները՝ փայտե մուրճն ու տախտակը վերցնելով Ալբանիայի խորհրդարանի նախագահ Ժոզեֆինա Տոպալիանից, Արթուր Բաղդասարյանը ասաց. «Վստահ եմ, որ այսուհետ էլ կազմակերպության գործունեությունը ուղղված կլինի տարածաշրջանում ամուր տնտեսական կապերի ստեղծմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Տիրանա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930