Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՎԵՍՏԸ

Հունվար 13,2006 00:00

«ԱՐՎԵՍՏԸ ԷԿՈՆՈՄԻԿԱ ՉԷ, ՈՐ ՍՊԱՍԵՆՔ ԶԱՐԳԱՆԱ» Վստահ է գեղանկարիչ Աշոտ Ավագյանը Մեր զրուցակիցը ժամանակակից այն արվեստագետներից է, որ չի լքել իր ծննդավայրը՝ Սիսիանը: Աշոտ Ավագյանը կտավի փոխարեն հաճախ օգտագործում է տեղի ժայռերը, բոլոր այն մակերեսները, որոնց վրա հնարավոր է նկարել: Որպես «մակերես»՝ նրա արվեստում կարող է օգտագործվել նաեւ մարդկային մարմինը: Արվեստագետը Սյունյաց աշխարհի հայտնի Զորաց քարերի, Ուխտասարի ժայռապատկերների եւ Պորտաքարի տարածքներում պարբերաբար կազմակերպում է ամենամյա ակցիա-պերֆորմանսներ: Հաջորդ ակցիան տեղի կունենա գարնանը: «Առավոտի» հարցին՝ դժվար չէ՞ ապրել ու ստեղծագործել Սիսիանում, Ա. Ավագյանն ասաց. «Արվեստագետի համար առհասարակ ամբողջ աշխարհում է դժվար ապրել ու ստեղծագործել: Տեղանքն այնքան նշանակություն չունի, իսկ, որ ամենակարեւորն է, կտրված լինելով մայրաքաղաքային ու համեմատաբար մեծ քաղաքների անցուդարձից, մեկուսացած ստեղծագործելն ավելի արդյունավետ է լինում հենց թեկուզ նոր մտքերի, գաղափարների առումով: Քաղաքից հեռու լինելը խանգարում է միայն այնքանով, որ կատարվող իրադարձություններից հեռու ես, չես շփվում, բնականաբար, չես լինում դրանց կենտրոնում: Սակայն մի կողմից էլ օգնում է, օրինակ, իմ դեպքում՝ բնության հետ ավելի կապված եմ»: Հարցապնդմանը՝ ամբողջ աշխարհում արվեստի բնագավառում շատ գործընթացներ եւ զարգացումներ են լինում, այնուամենայնիվ, մտավախություն չունե՞ք, որ կգա մի օր, որ որպես ստեղծագործող կլճանաք ապրելով եւ ստեղծագործելով Սիսիանում, Ա. Ավագյանը պատասխանեց. «Արվեստը էկոնոմիկա չէ, որ զարգանա: Այն ունի իր տրամաբանությունն ու դրանով էլ առաջ է շարժվում: Մեկընդմիշտ պետք է հասկանալ՝ արվեստը զարգացում կամ հետընթաց չունի, պարզ պատճառով. այն աշխարհաճանաչողության ձեւերից մեկն է»: Ի տարբերություն իր բազմաթիվ գործընկերների, գեղանկարիչը մեր պետության վարած մշակութային քաղաքականությունից դժգոհ չէ: Իր խոսքերով. «Չգիտեմ՝ պետությունն ունի՞ մշակութային քաղաքականության հայեցակարգ, թե ոչ, սակայն կարծում եմ, որ դա կարող է եւ չլինել, որովհետեւ գուցե այդ հայեցակարգ կոչվածը արվեստագետին ավելի շատ խանգարի, քան օգնի»: Աշոտ Ավագյանի համար Նոր տարին ամեն անգամ սկսվում է Նավասարդ ամսից, քանի որ, ըստ նրա, մեր ժողովրդի ապրած ժամանակում ավելի տեւական է այն եղել, քան հունվարի 1-ով սկսվող Նոր տարին, որն ունի ընդամենը 150 տարվա պատմություն. «Ես էլ այսպես եմ ապրում՝ գուցե այն պատճառով, որ ավանդապահ եմ կամ ցանկանում եմ հոսանքին հակառակ գնալ»: Տեղեկացնենք, որ Սիսիանում բնակվող գեղանկարիչը երբեմն-երբեմն հայտնվում է երեւանյան մշակութային կյանքում, մասնակցում ցուցահանդեսների, ունենում անհատական նկարաշարեր: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել