Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքի

Հունվար 17,2006 00:00

Ջավախքի գրողների միության նախագահը «SOS» է հնչեցնում Հայ գրողները օգնություն են ակնկալում Հայաստանից «Առավոտը» հյուրընկալել էր Ջավախքի հայ գրողների միության նախագահ, «Ձայն հարության» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Եգոր Մովսիսյանին: Հանդիպման սկզբում մեր զրուցակիցը հայտնեց, որ Ջավախքին ինքնավարության կարգավիճակ չշնորհելը վտանգում է ոչ միայն հայապահպանությանն ուղղված ջանքերը, այլեւ ուղղակի նպաստում անցանկալի լարվածության աստիճանական ուժեղացմանը, քանզի օգտվելով այս տարածաշրջանում տիրոջ իրավունքով ապրող հայ ժողովրդի ծանր վիճակից ու տեղի իշխանությունների նկատմամբ արմատացած անվստահությունից, Անդրկովկասում հետաքրքրություններ ունեցող երկրները ցանկացած պահի այն կկարողանան օգտագործել Վրաստանի դեմ՝ որպես ապակայունացնող գործոն: «Իսկ այլ դեպքում, եթե ինչ-ինչ մեթոդներով իրականացվի Ջավախքի վերջնական հայաթափումը, ապա այն կդառնա Վրաստանի իսլամացման հիմնական գործոններից ամենակարեւորը: Ահա թե ինչու Վրաստանին փայփայող Թուրքիան ու Ադրբեջանը խթանում են ջավախահայության արհեստական արտագաղթը, որի հետեւանքով, ըստ նրանց հաշվարկների, կազատվեն տարածքներ ու բնակավայրեր, որոնք անմիջապես կվերաբնակեցվեն թուրք մեսխեթցիներով»,- վստահեցնում է Ե. Մովսիսյանը: Նա հիշեցրեց, որ Ջավախքի հայկական դպրոցներում արգելվում է հայոց պատմություն, հայրենի բնություն, աշխարհագրություն առարկաների դասավանդումը: «Մայրենի լեզվով տեղի բուհերում մասնագիտական կրթություն ստանալը անհնարին է, իսկ հայկական դպրոցի շրջանավարտը վրացերեն ուսուցանվող բուհում բարձրակարգ մասնագետ չի կարող դառնալ: Այսօր այդ մասին խոսելն անգամ լուրջ չէ»,- նշեց գրողը: Ե. Մովսիսյանը մատնանշեց այն փաստը, որ, թեեւ Վրաստանի կառավարության կողմից պահանջվում է վրացերենի պարտադիր իմացություն, սակայն ինչպես Ջավախաշվիլու անվան համալսարանի հայ ուսանողներն են հայտնել Ջավախքի գրողների միությանը, դասախոսների կողմից առավել մեծ է վրացի ուսանողներին հայերեն, քան հայերին՝ վրացերեն սովորեցնելու ցանկությունը: «Ստացվում է, եթե մի քանի տարի էլ համբերենք, ապա Ջավախքի հայկական դպրոցներում ազգությամբ հայ ուսուցիչ չի մնա: Դրան հակառակ, այսօրվանից արդեն հատուկ նախապատրաստված վրացի ուսուցիչները կկարողանան անգամ ստեղծագործել հայերեն: Իսկ, ըստ Վրաստանի հանրակրթության մասին օրենքի նոր կետի, 2010 թվականից մանկավարժական բուհ ավարտած ուսանողը, անկախ ազգությունից ու մասնագիտությունից, աշխատանք կունենա այն դեպքում, եթե վրացերենի իմացության քննություն հանձնի՝ պետության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի առաջ»,- տեղեկացրեց պարոն Մովսիսյանը: Հարցին, թե ի՞նչ են արել կամ պատրաստվում անելու Ջավախքի հայ գրողների միությունը, նախագահը պատասխանեց. «Տեղի պաշտոնատար անձանց կողմից տարածաշրջանի այս հիմնախնդիրը ներկայացվում է որպես Վրաստանի պետության ներքին գործ՝ անտեսելով տվյալ պետության բացարձակ մեծամասնություն կազմող հայերիս ինքնորոշման իրավունքի դրսեւորումը, որը վարդերով ներկայացվող պետության բացահայտ խտրական քաղաքականություն է, խաղաղության դրոշի ներքո անողոք պատերազմ»: Ընդհանրացնելով ասածը, Ե. Մովսիսյանը հայտնեց. «Մեր իրավունքների պաշտպանության խնդրում, նույնիսկ տնտեսական-սոցիալական խիստ շրջափակման պայմաններում շարունակում ենք, ես կասեի՝ այսօր արդեն թվացյալ պայքար: Սակայն եթե վերը ասվածի ուղղությամբ շուտափույթ ու գործնական միջոցներ չձեռնարկի Հայաստանի կառավարությունը, ինչքան էլ ծանր ու դժվար է խոստովանել, մենք՝ ջավախահայերս, կհայտնվենք ուժասպառության վակուումում»: ԼԻԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել