Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Հունվար 28,2006 00:00

Իսկ ծխախոտի դեմ պայքարողները դրա «դեմն առնելու» համար, ըստ էության, քայլեր չեն ձեռնարկում

Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից Հայաստանում տարեկան մոտ 2000 մարդ է մահանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածաշրջանում ծխախոտի տարածվածությունն ուսումնասիրելիս այսպիսի եզրակացության էր եկել: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպական տարածաշրջանում Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում՝ Մոլդովայից եւ Հունգարիայից հետո, իսկ տղամարդկանց շրջանում ծխախոտամոլների ցուցանիշով առաջին հորիզոնականում ենք: Այս թվերը պետք է որ ամոթանքի պես մի բան լինեին Հայաստանում ծխախոտամոլության դեմ պայքարողների համար, որոնք տարեկան գրանտների ու միջազգային ծրագրերի միջոցով հսկայական գումարներ են ստանում, բայց այդպես էլ ծխախոտի դեմ իրական պայքար չեն տանում: Մեր հավաստի աղբյուրի տեղեկատվությամբ՝ միայն անցյալ տարի իրենց «առաքելությունն» իրականացնելու համար ծխախոտի դեմ պայքարող հայաստանյան հ/կ-ները միջազգային կազմակերպություններից ընդհանուր առմամբ ստացել են 85-90 հազար դոլար: Թե ո՞ւր են գնացել այդ գումարները եւ ինչպե՞ս են ծախսվել, կարող ենք գուշակել ինքներս, որովհետեւ դրանց արդյունավետության մասին առավել քան խոսում են ցուցանիշները:

Հայաստանում ծխախոտամոլության դեմ պայքարի գործում ներգրավված բոլոր 30 հ/կ-ները միասին մինչ օրս 2 քայլ են կատարել. այն է՝ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի ընդունումը եւ ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի» վավերացումը:

Այսօր այդ 30 կազմակերպություններից որին հարցնում ենք՝ ինչպե՞ս եք պայքարել ծխախոտի դեմ՝ հպարտությամբ նշում են միայն այդ փաստաթղթերի մասին: Դրանցով է հպարտանում նաեւ առողջապահության նախարարությունը, Ազգային ժողովը եւ մասնավորապես՝ օրենքի հեղինակ Հրանուշ Հակոբյանը: Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվողները, գովազդ պատրաստողները, ծխախոտավաճառները եւ ընդհանրապես ծխախոտի հետ առնչվող բոլոր քաղաքացիները, մեղմ ասած, «թքած ունեն» օրենքի բոլոր հոդվածների բոլոր կետերի վրա եւ չեն պատրաստվում ոչ թարգել ծխելը, ոչ էլ կրճատել այսչափ ձեռնտու բիզնեսից ստացվող եկամուտները: Ծխախոտային արտադրատեսակների իրացման արգելքների մասին սահմանող օրենքի 7-րդ հոդվածն ասում է. «Չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքային նշանները  մարզական հանդերձանքի եւ գույքի, խաղալիքների, տիկնիկների, տեսաշարային, ձայնային եւ տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա»:

Մինչդեռ այսօր խանութներում վաճառում են սիգարի եւ ծխախոտի գլանակների տեսքով կոնֆետներ ու մաստակներ, որոնց վրա նշված են ծխախոտի հանրահայտ ֆիրմաների անվանումներ: Դրանք այն աստիճան են նմանեցված օրիգինալին, որ մինչեւ փաթեթավորումը չբացես, չես հասկանա՝ ծխախո՞տ է, քաղցրավենի՞ք, թե՞ խաղալիք: Օրենքի նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի անվանումը կամ ապրանքային նշանը կրող ապրանքների (կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական վերնաշապիկներ, արեւապաշտպանիչ հովհարներ, ուսապարկեր, որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում եւ տեսանելի են դիմացինին)  տարածումը, վաճառքը կամ որպես պարգեւատրում (մրցանակ) առաջարկելը»։ Այս դրույթը Հայաստանում ամենաշատն է խախտվում, որովհետեւ ծխախոտի ցանկացած գովազդային ակցիա կազմակերպվում է՝ հիմնվելով հենց նմանատիպ շահումների վրա: Դրանց մասին բացեիբաց հայտարարվում է՝ խանութների ու փողոցների պատերին փակցված պաստառների տեսքով:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել