Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԶԵՐՆՈՒՄ»՝ ԻՆՉՊԵՍ ԿՈՆԴՈՒՄ

Փետրվար 02,2006 00:00

«ԿՈԶԵՐՆՈՒՄ»՝ ԻՆՉՊԵՍ ԿՈՆԴՈՒՄ Իրացվող հերթական տարածքում առանձնատները քանդում են, որ «ընտրյալները» առանձնատուն կառուցեն Նախորդ տարեվերջյան ասուլիսին Երեւանի քաղաքապետը հանգամանորեն ներկայացրեց Կոնդի խնդիրը, այն է՝ շուրջ 1000 բնակչից 411-ը «անկախ իրենց կամքից հայտնվել են անորոշ վիճակում, որովհետեւ տասնամյակներ շարունակ նրանց սեփականության հարցը իշխանությունները չեն լուծել, եւ այժմ, իրացման խնդրի ժամանակ նրանք չեն կարողանում մյուսների պես հանդես գալ որպես սեփականատեր»: Նաեւ ասաց, որ նույնպիսի խնդիր կա Սարի թաղի բնակիչների մոտ: Բայց չնշեց, որ տասնամյակներ շարունակ իշխանությունները մերժել են գրանցել նաեւ գարնանը իրացման ենթակա «Կոզերն» կամ Պռոշյան 1 նրբանցքի բնակիչների սեփականության իրավունքը: Ի դեպ, Կոնդում եւ Սարի թաղում ապրողների խնդրին «Առավոտը» ժամանակին անդրադարձել է, իսկ «կոզերնցիների» հարցը ներկայացնում ենք ստորեւ՝ ըստ բնակիչներից ստացած բողոքի: Շուրջ 100 առանձնատնից կազմված թաղամասը ձեւավորվել է 1940-ականների վերջին, երբ այդտեղ եղած կիսախարխուլ գոմերը որպես տուն տրամադրել են առաջին հայրենադարձներին ու Համաշխարհային պատերազմի մասնակիցներին: Հետագայում բնակիչները դրանք վերակառուցել են ըստ հնարավորությունների՝ որպես մեկ կամ երկհարկանի առանձնատներ: Հնաբնակներն այստեղ առնվազն 50 տարվա կենսագրություն ունեն: Տների մասնավորեցման գործընթացն սկսվելուն պես բոլորն էլ դիմել են համապատասխան ատյաններին՝ սեփականության վկայական ստանալու, բայց մերժվել են՝ «տարածքն ընդգրկված է պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում» պատճառաբանությամբ: Իհարկե, տնատերերի գրեթե կեսը գտել է այլեւայլ ճանապարհներ եւ ձեռք բերել սեփականության վկայական, իսկ օրինապահները մնացել են անփաստաթուղթ: Ավելին, վերջին 4-5 տարիներին հիմնական գրանցում չեն արել նրանց հարսներին կամ փեսաներին, բանակից վերադարձած տղաներին: Թաղամասը շրջանցել է նաեւ Կադաստրի պետական կոմիտեն, երբ երկու տարի առաջ սկսեց եւ ավարտեց անշարժ գույքի շուկայի պարտադիր գույքագրումը: Իսկ վերակառուցված տներն ու կցակառույցները քաղաքապետարանը համարել է չհաշվառված՝ ապօրինի, եւ մերժել դրանց օրինականացման դիմումները: Հիմա առավել եւս ոչինչ հնարավոր չէ անել, որովհետեւ նոր Գլխավոր հատակագծում հաստատված են քանդման ենթակա տարածքները, եւ ամեն ինչ ավելի քան խստացել է: «Ստացվում է, որ 1948 թվականից ոչ թե ապրում եմ իմ տանը, այլ՝ ապօրինի զբաղեցնում եմ այն: Իսկ տունը քանդելիս պետք է ինձ տան ոչ թե սեփականատիրոջ, այլ՝ գրանցվածի հասանելիք, դեռ հարսիս էլ չեն գրանցել»,- ասաց բողոքողներից մեկը՝ Մացակ Հովհաննիսյանը: Նա տեղեկացել է, որ արխիվներում չեն պահպանվել մինչեւ 1948թ. փաստաթղթերը, բայց «ես պահել եմ այդ թվերի մեր տնային գրքույկը, եւ կարող եմ ապացուցել, որ 48 թվից ապրում եմ 20/9 տանը»: Սեփականության վկայականից զրկված բնակիչները մինչ այս բողոքել են երկրի բարձրագույն իշխանություններին, բայց ստացել են քաղաքապետարանի պատասխանը՝ «իրացվող տարածքում անշարժ գույքի գործարք չենք անում»: «Եթե օրենքը բոլորի համար է, ինչպե՞ս են 2003-ին հող վաճառել մի դատավորի եւ մարզպետի (նկատի ունեն դատավոր Նախշուն Տավարածյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանին.- Ռ. Ա.)»,- վարչապետին ուղղված նամակում հարցրել են բնակիչներն ու պահանջել, որ իրենց տների համար տան սեփականության վկայական, որ «Բուզանդի կամ Հյուսիսային պողոտայի բնակիչների ճակատագրին չարժանանանք»: Ի դեպ, գլխավոր հատակագծից սահուն դուրս է մնացել ակադեմիկոս Արտեմ Սարգսյանի առանձնատունը: Քաղաքացիներից մի քանիսը խմբով գնացել են նաեւ իրացման գործընթացի պատասխանատու ԾԻԳ եւ պարզել, որ թեեւ փոխհատուցման կարգը դեռ հաստատված չէ, բայց հաշվառվածներից յուրաքանչյուրը կստանա մոտ 3 մլն դրամ կամ 6,5 հազար դոլար, ոչ թե բնակարան կառաջարկեն, ինչպես խոստացել էր Երեւանի քաղաքապետը նոր իրացվող տարածքների բնակիչներին: Պարզել են նաեւ, որ քանդվող տարածքում, ըստ Գլխավոր հատակագծի, պետք է կառուցվեն առանձնատներ, ոչ թե բարձրահարկ շենքեր: «Իսկ մերն ի՞նչ է, առանձնատուն չէ՞»,- չէին հասկանում խմբագրության այցելուները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել