Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 02,2006 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ Ակադեմիայի բարեփոխման ճանապարհին կանգնած են ինստիտուտների՝ տարիքը լրացած տնօրենները ՄԱԿ-ի փորձագետների ներկայացրած բարեփոխումների հայտնի փաթեթի կապակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի բարձրացրած աղմուկից հոգնած՝ կառավարությունը փորձում է չեզոք դիրք գրավել, դեռ ավելին՝ ցույց տալ, թե իբր անընդունելի է համարում ՄԱԿ-ի առաջարկները: Բայց, մեր տեղեկություններով, կառավարությունն իրականում ընդունելու է ՄԱԿ-ի առաջարկները: Գոնե դրանց հիմնական մասը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն արդեն կառավարություն է ներկայացրել բարեփոխումների փաթեթի վերջնական տարբերակը: Եվ առաջիկայում հավանաբար այս կապակցությամբ քննարկումներ կլինեն հենց վարչապետի մոտ: Փաստորեն, ՄԱԿ-ն իր փաթեթը ներկայացրեց կառավարություն՝ առանց ԳԱԱ նախագահության եւ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչների առաջարկների: Կոնստրուկտիվ քննարկումներ այդպես էլ չեղան, եւ ինչպես մեզ հետ զրույցում ասաց ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու, պետական տնտեսագիտական ինստիտուտի դոցենտ Ատոմ Մարգարյանը, քննարկումներ եղան միայն մի քանի հ/կ-ների, առանձին գիտնականների ու բուհական որոշ ստորաբաժանումների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին նախատեսված քննարկումը հետաձգվեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ Հնդկաստանում եւ փոխնախարար Արտակ Սահրադյանի՝ Մոսկվայում գտնվելու պատճառով: Իսկ հունվարի սկզբից էլ ԳԱԱ վերնախավն սկսեց լրատվամիջոցներով «քլնգել» ՄԱԿ-ի փորձագետներին ու նրանց առաջարկությունները՝ առանց ծանոթանալու դրանց էությանը (այդ մասին են վկայում մեր մի քանի հարցազրույցները ոլորտի պատասխանատուների հետ): Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ա. Մարգարյանը, պաշտոնապես որեւէ մեկի կողմից քննարկումներին մասնակցելու մասին մերժում չի ներկայացվել, սակայն «այլեւս անիմաստ էր որեւէ քննարկում կազմակերպել՝ տեսնելով այդ ռեակցիան հատկապաես ակադեմիայի կողմից, նախարարությունն էլ կարծես տեղի տվեց: Մի կողմից ասում են չենք ուզում քննարկել, մյուս կողմից էլ իրենք իրենցով քննարկուն են ու դատապարտում»: Խոսքը՝ վերջերս ԳԱԱ-ում «Հայաստանի գիտնականների հասարակական խորհրդի» կազմակերպած ֆորումի մասին է: Ընդ որում, խմբի ղեկավարի հավաստմամբ, ծրագիրը քննադատողները ծանոթ էլ չեն վերջնական տարբերակին: Այն այսօր միայն կտեղադրվի կայքում եւ հավանաբար լրագրողներին կներկայացվի վաղը: Այդ շնորհանդեսին էլ ԳԱԱ-ի կամ ԿԳՆ-ի ներկայացուցիչներ չեն հրավիրվի: «Ակադեմիայում այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է, որ այլեւս անիմաստ է որեւէ կոնստրուկտիվ քննարկում անել: Բացի այդ, փաթեթն արդեն ներկայացված է կառավարություն եւ առաջարկությունների բոլոր ժամկետները լրացել են»,- ասում է պրն Մարգարյանը: Ըստ նրա, ինստիտուտների ղեկավարների տարիքը լրացել է, եւ նրանք խնդիր ունեն իրենց պաշտոնների եւ կարգավիճակի հետ կապված: Դա է պատճառը, որ փորձում են վիժեցնել բարեփոխումների մասին առաջարկները: Սակայն վերջիններս, այսպես թե այնպես, առաջիկայում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, պետք է լքեն իրենց աթոռները: Նրանք թերեւս ուզում են իրենց այս աղմուկով ձգձգել սույն գործընթացը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել