Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանենք կրթությունը, ոչ՝ կրթվածներին

Փետրվար 02,2006 00:00

Արտահանենք կրթությունը, ոչ՝ կրթվածներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ստորագրած պայմանագրի արդյունքում Կրթության ազգային ինստիտուտում ձեւավորվել է նոր որակի մի կառույց: Այս եւ ինստիտուտում 2006-ին անցկացվելիք ծրագրերի մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը: «2005-ը կրթության համակարգում, օրենքների ընդունման առումով, բավականին արդյունավետ տարի եղավ՝ մեծ բեռ փոխանցելով 2006-ին: Նոր կառուցվածքային փոփոխությունները մեզ մոտ պայմանավորվեցին կրթության ոլորտում առկա խնդիրներով: Հետեւելով կրթական համակարգում կատարվող իրադարձություններին, իրականացվող ծրագրերի որակին, հանգեցինք մի դաժան ու տխուր եզրակացության. համակարգն ունի կրթության մասնագետի կարիք, քանի որ մեր մասնագետներն ավելի շատ պրակտիկ աշխատանքի արդյունքում են ձեւավորվել, քան ստացել լուրջ, հիմնավոր կրթություն»,- պատմեց պարոն Մարտիրոսյանը: Այս նպատակով ինստիտուտում իրականացվող ծրագրերից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Կրթության ազգային ինստիտուտի մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքում կնքված պայմանագիրն է՝ ձեւավորել կրթության կառավարման եւ պլանավորման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն: Ըստ ինստիտուտի տնօրենի՝ դա ցանցային ամբիոն է: Իրենք ծրագրեր չեն գրելու, սակայն կարող են օգտագործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը եւ տեղայնացնել, հրավիրել մասնագետներ, վերապատրաստել իրենց մասնագետներին: Ծրագիրն ավարտվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիպլոմով: Եթե ծրագիրը հաջողվի, ապա հիմք կդրվի առաջին աստիճանի դոկտորանտուրայի: Ինչո՞ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն եւ ինչո՞ւ ցանցային: «Որպեսզի ամեն ինչ կիսատ-պռատ անելու մեր հայկական բնավորությունը չխոսի, քանի որ մեր հասարակությունը չունի այնպիսի մեխանիզմներ՝ ճշգրիտ գնահատելու, թե ինչ ես անում: Այսօր թացն ու չորը մեզ մոտ ներկայացվում է որպես որակյալ: Իսկ ամբիոնի ցանցային կառուցվածքը հնարավորություն է տալիս պահպանելու որոշակի չափանիշներ»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Ամբիոն կարող են դիմել բակալավրիատն ավարտած բոլոր անձինք, սակայն նախապատվությունը տրվում է տնտեսագետներին ու մանկավարժներին: Արդյունքում՝ նրանք կստանան կրթության կառավարման մագիստրոսի կոչում: Մյուս ուղղությունը, որի վրա աշխատելու է Կրթության ազգային ինստիտուտը՝ վերապատրաստումների հետ կապված, կապի նոր տեխնոլոգիաների մեթոդների ներդրումն է: «Մենք իրականացնում ենք ուսուցիչների վերապատրաստում, դպրոցներին տալիս ենք նոր ծրագրեր, նոր դասագրքեր, բայց հետադարձ կապը շատ թույլ է: Այժմ ԿԱԻ-ում ստեղծվել է մի բաժին, որի խնդիրը լինելու է այս հետադարձ կապի ապահովումը: Ուսուցիչը գալիս է վերապատրաստման, բաժնում ճշտվում է ուսուցչին անհրաժեշտը՝ հաջորդ վերապատրաստման ծրագիրը կազմելու համար»,- տեղեկացրեց ինստիտուտի տնօրենը: ՏԱՍԻՍ-ի շրջանակներում, միջին մասնագիտական կրթության հետ կապված, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԱԻ-ում ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի միջին մասնագիտական մանկավարժական կադրերի վերապատրաստման մեթոդները: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել