Լրահոս
Օրվա լրահոսը

Շվանիձորն ինչպես որ կա

Փետրվար 02,2006 00:00

Շվանիձորն ինչպես որ կա Հայաստանի փոքրիկ մանրակերտը Սահմանամերձ շրջանները բազմաթիվ խնդիրներ ունեն ու դրանց հազար ու մեկ պատճառ: Սակայն ամենակարեւորը մայրաքաղաքից հեռու գտնվելն է: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Շվանիձորի (Մեղրի) գյուղապետ Հովհաննես Օհանյանից հետաքրքրվեցինք, օրինակ, ամենավերջին մշակութային միջոցառումն իրենց գյուղում ե՞րբ է եղել: Համայնքի ղեկավարը հիշեց, որ համերգներ ու մշակութային միջոցառումներ լինում են ընտրությունից ընտրություն, երբ զանազան գործիչներ ու կուսակցություններ իրենց հետ երգիչ-երգչուհիներ են բերում: «Մեղրեցիներս բարձր մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, իզուր են մեզ թերագնահատում: Արաքս գետով Պարսկաստանից Հայաստան անցկացված առաջին դաշնամուրը հենց Մեղրի է բերվել ու այժմ էլ պահվում է տեղի կենտրոնական եկեղեցում»,- ասաց համայնքապետը: «Խորհրդային տարիներից հետո գրեթե ոչ մի համայնքում մշակույթի տները չեն վերանորոգվել, եղած հաստիքներն էլ կրճատվել են՝ ելնելով տնտեսական ծանր վիճակից: Գրեթե փակվել են մանկապարտեզները: Կրթության ոլորտում օպտիմալացումը նաեւ մեզ վրա է տարածվել. ուսուցիչների կրճատումներն ու տարրական դասարանները միացնելը պրոբլեմներ են ստեղծում դպրոցում»,- շարունակեց պրն Օհանյանը: Նախադպրոցական ֆինանսավորումը դրված է համայնքների վրա, սակայն սահմանամերձ շրջաններում դա շռայլություն է թվում: Հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվում երիտասարդների ազատ ժամանցը, Շվանիձորի գյուղապետը պատասխանեց. «Մեր ակումբի շենքը կառուցվել է 1962 թվականին եւ առայսօր չի վերանորոգվել: Մեծ կոլեկտիվներ շենքն ի վիճակի չէ ընդունել, ստեղծման օրվանից մնացած հին աթոռներն են դեռ: Մի կերպ իշաոտնուկներ ենք հարմարեցնում, աթոռներ ենք ճարում: Երիտասարդները միայն երեկոյան ժամերին են հավաքվում, որովհետեւ ցերեկը գյուղում բոլորն աշխատում են»: Ի դեպ, Զանգեզուրի տարածաշրջանում Շվանիձորը այն սակավաթիվ գյուղերից է, որտեղ աղանդավորներ չկան: Օհանյանի հավաստմամբ, վերջիններս «արմատներ են ձգել» հատկապես Լեհվազ, Ալվանք գյուղերում, Մեղրիում: «Երկու տարի առաջ Երեւանից մեր գյուղ էլ այցելեցին, անձամբ վռնդեցի, նույնիսկ ժողով հրավիրեցի ու պարզաբանեցի, թե ինչ է դրանց ուզածը: Հիմա մեկը չի կարող ասել, թե Շվանիձորում աղանդավոր կա»,- հպարտացավ համայնքապետը: Գյուղում 18-րդ դարում կառուցված եկեղեցի կա, որտեղ վերջին տարիներին երիտասարդները սկսել են ավելի հաճախ այցելել: Ի թիվս այլ խնդիրների, Շվանիձորը խմելու (մարդիկ 500-700մ հեռվից են դույլերով ջուր կրում), ոռոգման ջրի, բերքի մթերման խնդիրներ ունի: Մեղրիի պահածոների գործարանը սեփականաշնորհված է եւ ցածր գնով ու չնչին քանակությամբ է մթերում կատարում, ինչը ձեռնտու չէ գյուղացուն: «Հաճախ մեղրեցին 1 կգ նուռը ստիպված է լինում փոխանակել այստեղ բերված 1 կգ կարտոֆիլի հետ, այն դեպքում, երբ նուռը շուկայում 500 դրամ է, կարտոֆիլը՝ 120-150»,- նշեց պրն Օհանյանը: «Վերջին տարիների ընտրությունները, քաղաքական ինտրիգները ժողովրդին մասնատում են: Ընտրարշավների, քարոզարշավների ընթացքում հաճախ ոչ բարոյական քայլեր են արվում՝ օգտվելով գյուղացիների սոցիալական ծանր վիճակից, արդյունքում՝ գյուղերում մի թաղը մի կուսակցության հետ է, մյուսը՝ մեկ ուրիշի: Արդեն որերորդ անգամ գյուղերը ռմբակոծվում են քաղաքական հզոր արկերով, որոնք հետո ժողովրդի քթից է դուրս գալիս: Ցավալի է, բայց անգամ երեխաներն էին դպրոցում կռվում՝ դեմիրճյանական-քոչարյանական էին դարձել»,- փաստեց Շվանիձորի համայնքապետը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել