Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԻՆԱ

Մարտ 11,2006 00:00

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ԿՅԱՆՔԻ «ՄՈՒԹ» ԷՋԵՐԸ Բանաստեղծուհու ինքնակենսագրականից ծնված ներկայացում՝ հայ բեմում Այն, որ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը աջակցում եւ օգնում է երիտասարդ արվեստագետներին, նորություն չէ: Թատրոնում երիտասարդական առաջին նախագիծը՝ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի բեմադրած «Աչքերի որսը» պիեսը՝ ըստ Գեւորգ Կարապետյանի «Գլխատված դար» երկի, 2005-ին Եգիպտոսում կայացած միջազգային փառատոնային ծրագրում ընդգրկվեց տասը լավագույնների ցանկում: Մարինա Ցվետաեւայի «Ասք Սոնեչկայի մասին» ինքնակենսագրական վիպակի բեմադրությունը (այն առայժմ վերնագրված չէ), որը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին, նույնպես իրականանում է տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի աջակցությամբ: Բեմադրության ռեժիսորն է Վահագն Մալոյանը: Տեղեկացնենք, որ մասնագիտությամբ ֆիզիկոս բեմադրիչը հրավերով մեկնել էր Գերմանիա՝ «գիտության մեջ խորանալու», բայց, իր խոսքերով՝ հայտնվել է մի հեքիաթում, որը կոչվում է թատրոն: «Այնտեղ էլ սկսել եմ փոքր բեմերից եւ հինգ տարիների ընթացքում բեմադրել վեց ներկայացում, այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո եւ Ջուլիետ», Պուշկինի, Գոգոլի գործերից եւ այլն: Այս տարվա օգոստոսին արդեն հարազատ դարձած Գյոթինգենի «Թատրոն ՕՊ»-ում կբեմադրեմ Ագաթա Քրիստիի «Մկների թակարդը»: Վ. Մալոյանը «Առավոտին» հայտնեց, որ հիշյալ քաղաքում կա երեք թատրոն եւ յուրաքանչյուրն ամեն տարի ներկայացնում է 12 պրեմիերա: Ցվետաեւայի հիշողություններից գիտենք, որ նա թեեւ ամուսնացած էր ու երեք երեխայի մայր, բայց, ինչպես ինքն է գրել, «ոչ տրադիցիոն» մտերմություն է ունեցել ճանաչված բանաստեղծուհի Սոֆի Պառնոկի հետ (մտերմության ժամանակահատվածը՝ 1915թ.): Առայժմ անվերնագիր այս բեմադրությունը ռեքվիեմ է՝ ձոնված ռուս ճանաչված դերասանուհի Սոֆիա Հոլիդեյին (նույն ինքը՝ Սոնեչկա): Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վ. Մալոյանը «նորամուծություն» է անում՝ հայ բեմ բերելով լեսբուհիներին հարիր տեսարաններ, ռեժիսորը պատասխանեց, որ բեմադրությունը երկու հանճարեղ կանանց մասին է, որոնց մտերմությունը տեւել է ընդամենը 6 ամիս. «Բեմադրության մեջ մենք ոչ մի բան չենք շեշտադրում՝ ամեն ինչ թողնելով հանդիսատեսի երեւակայությանը»: Զրույցին ներկա Սոնեչկայի դերակատարուհի Զարուհի Անտոնյանը բեմադրիչին «հիշեցրեց», որ գլխավոր հերոսուհիների ճակատագրում կարեւոր դեր է խաղացել Վոլոդյա Ալեքսեեւը: Ըստ դերասանուհու, այս ոչ հորինված երեք հերոսները, ճիշտ է, ի վերջո լքում են միմյանց, բայց բեմադրությունը սկզբից մինչեւ վերջ աննկարագրելի սիրո ու մարդկային ջերմ փոխհարաբերությունների շղթա է: «Նկատենք, որ Ցվետաեւան եւ Սոնեչկան ծանոթացել են 1918թ. դեկտեմբերին, երբ Ռուսաստանում հեղափոխության, սովի, քաոսի շրջան էր: Ինչքան ես եմ հասկացել՝ երկու կանայք ընդամենը սատար են կանգնել մեկմեկու»,- իր կարծիքը հայտնեց Զ. Անտոնյանը, մեկ անգամ եւս շեշտելով, որ «այս բեմադրությունը պատմություն չէ ոչ ավանդական սեքսուալ հարաբերությունների մասին»: Մ. Ցվետաեւայի կերպարը կմարմնավորի դերասանուհի Տաթեւ Մելքոնյանը, իսկ Վ. Ալեքսեեւի դերակատարման համար (համարյա երկրորդական դեր) դեռ դերասան ընտրված չէ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել