Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԸ՝ ՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏ

Մարտ 15,2006 00:00

ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԸ՝ ՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչներ Սպարտակ Բեկնազարյանն ու Էմիլ Սիմոնյանը մարզային դատախազության կողմից ներքաշվել են դատական քաշքշուկների մեջ եւ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում իրենցից: Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում այս երկու բնակիչները իրականացրել են շինարարություն՝ ունենալով բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարական թույլտվություններ, հաստատված եւ համաձայնեցված նախագծեր, կադաստրի վկայականներ, պետավտոտեսչության եւ բնապահպանական տեսչության համաձայնությունները: Կառույցները գտնվում են «ԱրմՌադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ նախագահ Արմեն Ամիրյանի սեփականություն հանդիսացող «Սունկ» ռեստորանի ներքեւի մասում: Նշված անձանց հողհատկացման օրինականությունը եւ ռեստորանի անվտանգությունը ստուգելու նպատակով Արմեն Ամիրյանը դիմել է Տավուշի մարզային դատախազություն: Կոյուղագծերի եւ դիտահորերի ուսումնասիրության արդյունքները տեսնելուց հետո, «Սունկ» ռեստորանի կողմից դադարեցին բողոքները: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Արմեն Ամիրյանը հաստատեց, որ ինքը նշված կառույցների դեմ այլեւս որեւէ բողոք չունի: Սակայն, չգիտես ինչու, մարզային դատախազությունը չհանդարտվեց, այլ դիմեց մարզի առաջին ատյանի դատարան՝ «Իջեւանի քաղաքապետի 15.04. 05 թիվ 23 շինարարական թույլտվությունը անվավեր ճանաչելու, կառույցը քանդելու եւ Իջեւանի քաղաքապետարանից ու Ս. Բեկնազարյանից համապարտության կարգով 2 մլն 410.000 դրամ բռնագանձելու պահանջով»: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 20.12.05թ. դռնբաց դատական նիստում կայացրեց վճիռ, ըստ որի, մերժվեց մարզի դատախազի հայցը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մարզի դատախազությունը 09.01.06թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 20.12.05 թ. կայացրած վճռի դեմ: Որպես ապացույց, հայցվորը ներկայացրել էր ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի գրությունը: Ըստ վերջինի՝ խախտվել էին ՀՀ շինարարական նորմերի պահանջները, շինաշխատանքները կատարվել են առանց նախարարության տեխնիկական պայմանների եւ դրանց ընթացքում իբր վնասվել էր Լինսի հիմնադրամով վերանորոգված, սրբատաշ բազալտով եւ բազալտե թասկով շարված հենապատը: Թեեւ Տավուշի մարզի Իջեւան քաղաք այցելության ժամանակ նշված շինությունների կողքին մենք ոչ մի նման վերանորոգված հենապատ չտեսանք, այլ՝ կիսաքանդ ու հնամաշ երկար հենապատ, որի մի հատվածը ամրացվել է հիշյալ սեփականատերերի կողմից: Ինչպես նաեւ վերանորոգվել եւ ասֆալտապատվել է փողոցի այդ հատվածը, փոխվել են եզրաքարերը: Զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հանդուրժում է հենց մայթերին, փողոց թափվող հսկայական շենք-շինությունների կառուցումը, բայց, չգիտես ինչու, չի հանդուրժում Տավուշի մարզի Իջեւան քաղաքում փողոցից, եզրաքարերից, մայթից հետո կառուցվող այդ շինությունները: Հեռախոսազանգով փորձեցինք ճշտել նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերաբերմունքը: «Այսօր մենք պարտավոր ենք նպաստել քաղաքում մանր ու միջին բիզնեսի զարգացմանը, չէ՞ որ դրանք ստեղծում են նոր աշխատատեղեր, համալրում համայնքի բյուջեն: Ի վերջո, այդ կառույցները նվազեցնում են համայնքի այն ծախսերը, որոնք պետք է կատարվեին հենապատերի ամրացման համար: Մարդիկ դա իրենց վրա են վերցրել եւ ավելի ամուր հենապատեր են կառուցում»,- ասաց քաղաքապետ Ներսիսյանը: Կառույցներից մեկի սեփականատեր Ս. Բեկնազարյանը դատական այս քաշքշուկից գլուխ չի հանում. «Կարծես թե այս քաղաքում կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ որեւէ լավ բան լինի այստեղ, ամեն կերպ ուզում են խոչընդոտներ ստեղծել: Ես պատերազմի տարիներին, ի տարբերություն այդ խանգարողների, կռվել եմ, արյուն թափել հայրենիքիս համար, այսօր գործազուրկ եմ, ընտանիքիս հոգսը չեմ կարողանում հոգալ: ՌԴ-ից եղբայրս օգնել է, որ մի փոքր գործ դնեմ-աշխատեմ: Ի՞նչ են ուզում ինձնից, չեմ հասկանում»: Տավուշի մարզի դատախազության այս հետեւողական պայքարը երկու կառույցների հանդեպ անհասկանալի է ոչ միայն սեփականատերերի համար: Ըստ քաղաքում պտտվող լուրերի, այս ամենի ետեւում կանգնած է ինչ-որ պատգամավոր, որի հետ ժամանակին նախընտրական-քաղաքական տարաձայնություններ են ունեցել Ս. Բեկնազարյանն ու Է. Սիմոնյանը: Սակայն վերջիններս հրաժարվեցին որեւէ անուն տալ, ասելով, որ իրենք, չնայած պտտվող լուրերին, դրանում դեռեւս լիովին համոզված չեն: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել