Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստասիրությունը հետընթաց է ապրում»

Մարտ 16,2006 00:00

«Արվեստասիրությունը հետընթաց է ապրում» Կարծում է գեղանկարիչ, քանդակագործ, կիրառական արվեստի վարպետ Անատոլի Ավետյանը Նա շուտով հանրությանը կներկայանա նոր աշխատանքներով: Երկու տարվա ընթացքում ստեղծված 30 գեղանկարները կշահեն արվեստասերի սիրտը՝ գունային գամմայով եւ կոլաժային ձեւավորմամբ: Ազատ թեմատիկայով արված աշխատանքներից արվեստագետի երկամյա թոռնիկին, օրինակ, ամենաշատը դուր է եկել տատիկը, որի մասին նա ամեն օր հարցնում է: Առաջին հայացքից պարզ ու միաժամանակ ասելիքով հարուստ գործերը հատկապես կյանք են ստանում հայելային համադրումներից: 3-4 աշխատանքների վրա ստեղծագործել է միաժամանակ, քիչ-քիչ, մեկից մյուսին անցնելու ընդմիջումները օգտագործելով ասելիքը ավելի մատչելի ու հետաքրքիր դարձնելու համար: 30 տարվա ընթացքում Ա. Ավետյանը մասնակցել է բազմաթիվ կոլեկտիվ ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցադրություններ ոչ միայն Երեւանում, այլեւ Փարիզում, Չիկագոյում, Բոստոնում, Հալեպում, Վաշինգթոնում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բելգիայում: Դրանց մի մասը կազմակերպվել է բարեգործական նպատակով: Արվեստագետի ստեղծագործությունները հատկապես շատ բարձր է գնահատել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնը, որի խնդրանքով էլ Ա. Ավետյանի անհատական ցուցահանդեսը ներկայացվել է Փարիզի քաղաքապետարանում: Ա. Ավետյանի հմուտ ձեռքի տակ արվեստի գործեր են դառնում նաեւ քարը, պղինձը, ապակին: Առանց մշակման բնական քարերի, որոնք ինքնին գրավիչ են, ճիշտ համադրումներով ստացվում են հետաքրքիր կոմպոզիցիաներ, իսկ մետաղը ջերմամշակման ենթարկվելուց հետո ընդունում է ցանկալի ձեւն ու ծավալը, որը լույսի խաղից շատ ավելի խոսուն է դառնում: Արվեստագետի բազմակի տաղանդներն ու վարպետությունը նկատել ու գնահատել են ամենաբարձր ատյաններում: Նրա եզակի ցուցանմուշներն այսօր պահպանվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների անձնական հավաքածուներում, ՀՀ նախագահական պալատում, Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Սուրբ Էջմիածնում, Հռոմի Պապի նստավայր Վատիկանում, Ս. Փարաջանովի տուն-թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարությունում, Բոստոնի «Ալմա» թանգարանում, ինչպես նաեւ Հայաստանի ազգագրական թանգարանում: Ա. Ավետյանը թերթերից էր իմացել, որ անցյալ տարի կիրառական արվեստի իր գործերից մեկը համալրել է Լորա Բուշի անձնական հավաքածուն: Անատոլի Ավետյանը չի ցանկանում որեւէ մեկին նեղացնել, սակայն չի կարողանում թաքցնել իր մտահոգությունները՝ արվեստի ասպարեզում առկա բացթողումների ու խնդիրների հետ կապված: Նրա կարծիքով, այսօր հասարակության արվեստասիրական ճաշակը հետընթաց է ապրում: «Շուկայական հարաբերությունները բացասաբար ազդեցին հանրության ճաշակի վրա: Այդ ճգնաժամը գրեթե ողջ աշխարհում նկատվում է: Նախկինում՝ Խորհրդային Միության օրոք վատ էր, որ թույլ չէին տալիս ազատ ստեղծագործել, բայց գոնե անորակ աշխատանքներ չէին անցկացնում»,- ասում է արվեստագետը: Դժգոհում է, որ Հայաստանում չկա արվեստը օբյեկտիվորեն գնահատելու եւ օտար հանրությանը արժանավորով ներկայանալու ավանդույթ: «Այստեղ կարող է մրցանակի արժանանալ մի «աշխատանք», որը ցուցահանդեսում ներկայացված էլ չի եղել: Կամ, չգիտես ինչու, Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվող մեր երկիրը ներկայացվող ցուցահանդեսներում գրեթե միշտ նույն մարդկանց աշխատանքներն են ցուցադրվում»,- ասում է Ա. Ավետյանը: Նա մտահոգված է նաեւ Կասկադի վիճակով: Չի ժխտում, որ Բոտերոյի հավաքածուն լավն է, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչ գործ ունի Բոտերոյի «Զինվորը» Մայր Հայաստանի արձանի տակ, ինչ կապ ունի «Կատուն» հայկական ճարտարապետության, իսկ «Նապաստակը»՝ հայկական խաչքարի հետ: «Կարելի էր դա Կասկադից մի կիլոմետր հեռու դնել, առանձին որեւէ պատկերասրահում, որ արդարացվեր: Բոտերոյի անհատական ցուցահանդեսը ես տեսել եմ Ֆրանսիայիում, «Շանզ Էլիզեում»: Ցուցադրվեց եւ տարան, թողնելով միայն մեկը, որը համահունչ էր քաղաքի այդ հատվածին: Կասկադը լրիվ ուրիշ մշակույթ է եւ չի կարելի մեկը մյուսի հետ խառնել»,- ասում է Ա. Ավետյանը եւ նշում, որ քաղաքապետարանը չպետք է նման բան թույլ տար: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել