Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի հաշվին տուն չես կառուցի

Մարտ 22,2006 00:00

Իսկ
պաշտպանության նախարարությունը կառուցում է Էջմիածին քաղաքում Աթաբեկյան 1
հասցեում գտնվող Ակումբագրադարանային քոլեջին երբեւէ պատկանող հանրակացարանի թիվ
1 մասնաշենքի մեկական սենյականոցներում արդեն շուրջ 10-15 տարի ապրում են 9-10 ընտանիքներ:
Նրանց, ում համար ճակատագրի բերմամբ հանրակացարանը դարձել է իրենց միակ օթեւանը,
այսօր վտարում են, որովհետեւ սույն շենքում, որն արդեն 99-ից ՀՀ կառավարության որոշմամբ
պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որոշվել է բնակարաններ կառուցել զինվորականների
թվով 20 ընտանիքների համար: Որեւէ խոսք՝ այստեղ ապրող մարդկանց վերաբերյալ ոչ այն
ժամանակ, ոչ հիմա չի եղել ու չկա: Հանրակացարանում սարսափելի ծանր սոցիալական
պայմաններում ապրող մարդիկ երեկ վկայում էին, որ Էջմիածնի Աթաբեկյան 1-ում ապրողների
ճակատագիրը ոչնչով չի տարբերվում Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչներին բաժին ընկած
ճակատագրից: Այս մարդիկ, որոնց մեջ կային ազատամարտիկների կանայք, մայրեր, կին ազատամարտիկ
կամ բախտի բերմամբ անօթեւան մնացած ծերեր, հանրակացարանում ապրում են արդեն 10-15
տարի ու համապատասխան գրանցում ունեն իրենց անձնագրերում, մասնակցել են ՏԻՄ եւ այլ
մակարդակների ընտրությունների: Թվում էր, թե ՊՆ-ն կամ Էջմիածնի քաղաքապետարանը պետք
է մտածեին այս քաղաքացիների ճակատագրի մասին ու վտարելուց առաջ գոնե ժամանակավոր
կացարաններ տրամադրեին, բայց՝ ոչ: Ռազմական ոստիկանության, ՊՆ եւ քաղաքապետարանի
ներկայացուցիչները ստիպում են մարդկանց դուրս գալ իրենց սենյակներից՝ ասելով, թե
նրանք մինչ այս ապօրինաբար են զբաղեցրել հանրակացարանի սենյակները: Այս վերջին
հանգամանքը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում պնդեց նաեւ ՊՆ ներկայացուցիչ պարոն Գեւորգյանը,
որի ասելով՝ իրենք բնակիչների առջեւ որեւէ պարտավորություն չունեն, ու պնդեց, որ
բնակիչները պետք է իրենց սենյակներն ազատեն: Վտարվողները պաշտոնական որեւէ ծանուցում,
դատարանի որոշում կամ այլ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել իրենց վտարման մասին,
բայց շինարարները եկել են ու տները մի կողմից՝ քանդում, մի կողմից՝ կառուցում են՝
այն դեպքում, երբ շենքում դեռ ապրողներ կան: Մեկի տան դուռն են ջարդել, մեկի՝ պատը,
որ ստիպված լինեն դուրս գալ: «Պատերազմի մասնակից եմ, 88-ի երկրաշարժի տուժածներից
մեկն եմ, ամուսինս մահացել է, մասնակցել եմ Շահբուլախի, Հադրութի մարտական գործողություններին,
Ստեփանակերտի բոքսում էլ ծանր վիրավորներին եմ տիրություն արել»,- ասում էր Մարիետա
Մարությանը: «2000 թ. Քոչարյանը մեզ պատասխան էր ուղարկել, որ ովքեր 3-5 տարի բնակվում
են հանրակացարանում, պետք է մեխանիկորեն սեփականատեր դառնան: Իրավաբաններ էին ուղարկվել,
որ բոլորին տեղավորեին՝ ո՞ւր ա: Էն ժամանակ բաքվեցի փախստականներին տեղավորեցին,
բայց տեղացիներին՝ ոչ: Քաղաքապետարանում ասում են՝ մենք գործ չունենք, դիմեք ՊՆ-ին:
Ոչ ոք չկա, որ մեր հարցը լուծի: Քաղաքապետարանում ասում են՝ շենքը Սերժինն ա, որ
վախենանք ու ձայն չհանենք»,- բողոքում էր կանանցից մեկը: Արփենիկ Ահարոնյանն էլ ամփոփեց
իր բախտակիցների բողոքները. «Գրանցում ունեմ, ոչ մի փոխհատուցում չեն տալիս: Մի ժամ
առաջ գայիք, տեսնեիք մեր վիճակն ինչ էր: Խի հո հավի ճուտ չե՞մ… Որ իրանք պաշտոն
ու հնարավորություն ունեն, մենք էլ փալա՞ս ենք: Դուրս չենք գալու»: Իսկ Էջմիածնի
քաղաքապետը լռում է, բան չունի ասելու: ՊՆ-ն էլ իր ասելիքն արդեն ասել է: Ասել է
թե՝ այս 9-10 ընտանիքները անխուսափելիորեն պետք է «բոմժ» դառնա՞ն: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել