Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների հարցը՝ ԵԽԽՎ-ում

Մարտ 24,2006 00:00

Փախստականների հարցը՝ ԵԽԽՎ-ում Համապատասխան զեկույցը կքննարկվի ապրիլին Ապրիլի 10-13-ը Ստրասբուրգում գումարվելու է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Վեհաժողովի միգրացիայի, փախստականների ու ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի պատրաստած զեկույցը՝ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում այս ոլորտում տիրող իրավիճակի մասին: Զեկույցի համաձայն, հիշյալ երկրներում փախստականների ու տեղահանվածների առկայությունը շարունակում է մնալ որպես խոչընդոտ այդ երկրների տնտեսական ու սոցիալ-քաղաքական զարգացման համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերն առայժմ արդյունքի չեն հանգեցրել: Դեռեւս շարունակվում են սահմանամերձ միջադեպերը, անհայտ կորածների ճակատագրերը պետք է լուծում ստանան, սահմանամերձ փոխհրաձգությունները շարունակում են մարդկանց վիրավորվելու ու մահվան պատճառ դառնալ: Միջազգային կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունները, որոնք ուղղված են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի փախստականներին, անհրաժեշտ է ավելացնել: Միաժամանակ կան նաեւ որոշ դրական նշաններ այն համատեքստում, որ հիշյալ երեք երկրները փորձում են իրենց փախստականներին ու տեղահանվածներին ինտեգրել տեղի հասարակություններին՝ այդպիսով հնարավորություն տալով այդ մարդկանց վերականգնել իրենց արժանապատվությունն ու պատրաստվել ապագային»: Այսպես, զեկույցի համաձայն, ՀՀ կառավարությունը, նկատի ունենալով այն, որ Հայաստանում փախստականները փաստացի քիչ հույսեր ունեն մոտ հեռանկարում իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու, ի սկզբանե հետապնդել է նրանց իրենց հասարակությանն արագ ինտեգրելու քաղաքականություն: Փախստականների ժամանակավոր կացարանները վերականգնվել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությամբ ու այնտեղ ապրող փախստականներին հնարավորություն է տրվել սեփականացնել իրենց կացարանները՝ դառնալով բնակարանատերեր: Գյուղական շրջաններում ապրող փախստականներին, որոնք օթեւանել էին վագոն-տնակներում, հատկացվել են բնակարաններ, թեեւ ոչ բոլոր փախստականներին է հաջողվել տեղավորել: Փախստականները ստանում են իրենց կարգավիճակից բխող պետական փոխհատուցում եւ անվճար բուժօգնություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրը, ըստ զեկույցի, մեծ դժվարություններ է ունեցել փախստականների տեղավորման հարցում: Այդուհանդերձ, այս ոլորտում 2000թ.-ին տեղի ունեցած փոփոխությունները կարելի է գնահատել ամենախոշոր ձեռքբերումը: 2001-ից «Նավթային հիմնադրամի» միջոցների հաշվին բարելավվել է փախստականների ու բռնի տեղահանվածների վիճակը: Հայաստանից Ադրբեջան տեղափոխված փախստականները, որոնց թիվը կազմում է 83.029 մարդ, վերջին 12 տարիներին ապրել են շատ ծանր ու կասկածելի պայմաններում, բայց Ադրբեջանի վերջին երկու նախագահները մեծ ուշադրություն են դարձրել նրանց խնդիրներին: Սակայն ներկայիս նախագահը որոշել է վերջ տալ փախստականների ժամանակավոր կացարաններում ապրելուն եւ արդեն 2006թ.-ի վերջին ավարտին կհասցնի նրանց համար քաղաքային բնակարանների կառուցման ծրագիրը: Նման որոշում ընդունվել էր 2005-ի հուլիսին: «Նավթային հիմնադրամի» առաջին հատկացումների շնորհիվ 2003-ի օգոստոսին արդեն փախստականները տեղափոխվել են նոր բնակարաններ, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, փոստատուն, տեղեկատվական կենտրոն եւ այլն: Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Ղարաբաղի փախստականներին, որոնք տեղավորվել են Ադրբեջանի շրջաններում, ի տարբերություն Հայաստանից եկած փախստականների՝ սեփականության եւ մշտական բնակության իրավունք չի տրվում: Փախստականները ստանում են իրենց կարգավիճակից բխող նպաստներ, որոնք այս տարի կազմել են 6 ԱՄՆ դոլար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031