Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒՐ

Մարտ 25,2006 00:00

«ՍՈՒՐ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ» Սա՝ ըստ Տավուշի մարզպետի, իսկ բնակիչների կարծիքով՝ գյուղերում ապագա չկա Տավուշի մարզի 2750 քմ տարածքի 49%-ը կազմում է անտառը: 2000-ից ի վեր, մարզում հիմնվել է 250 հա դեղձի այգի, իսկ վերջին երկու տարիներին բնակիչների մասնակցությամբ այգին հասցվեց 800 հա-ի: Մարզի հիմնական խնդիրը սողանքներն են, 62 համայնքներից մոտ 40-ում բնակիչներն ապրում են ահուդողով: Դրանցից են Նոյեմբերյանի տարածաշրջանը, Աչաջուր, Ծաղկավան, Գոշ, Դիլիջան եւ Իջեւան համայնքները: «Իսկ վնասի փոխհատուցում լինո՞ւմ է»՝ «Առավոտի» հարցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պատասխանեց. «Սողանքը աղետ է, երբ այդ խնդիրն առաջացավ, մեր հանձնաժողովը գյուղապետերի հետ միասին ուսումնասիրեց վնասի չափերն ու վերջիններիս հանձնարարություն տրվեց, որպեսզի ապահովեն նախ եւ առաջ բնակիչների անվտանգությունը, այն է՝ մինչեւ ամրացման աշխատանքների ավարտը բնակիչներին ապահովում ենք ժամանակավոր կացարանով»: Մարզպետի հավաստմամբ, մարզում «սուր» խնդիրներ կային 5-10 տարի առաջ, հիմա՝ չկան: Դրանցից էին Նոյեմբերյանում երկրաշարժի հետեւանքների վերացումը, ճանապարհների վերանորոգումը (վերջին 4 տարիներին ՀՀ-ում ամենամեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքները Տավուշի մարզում են տարվել), ոռոգման եւ խմելու ջրի խնդիրները: Նոյեմբերյանի տարածաշրջանում մեխանիկական ոռոգման համակարգ է գործում, Դեբեդից Բագրատաշեն ջուրն ինքնահոս է գալիս, եւ այժմ Բագրատաշեն-Դեբեդավան ինքնահոս ջրանցքը վերանորոգման կարիք ունի: Այս խնդրի լուծման համար մարզպետարանը դիմել է Ջրային տնտեսության պետական կոմիտե, տարածքային կառավարման նախարարություն: Դեբեդավանը Տավուշի մարզի ծայրամասային գյուղերից է, գտնվում է Նոյեմբերյանից 30 կմ հեռավորության վրա: Բնակիչները հարմարվել են դժվար առօրյային: «Ի՞նչ անենք, ճար չկա, ջուր կրելով ենք զբաղված, քաղաքի հետ կապը թույլ է: Ճիշտ է, գյուղում կա համակարգչային կենտրոն, սովորում ենք, բայց սովորածներս ի՞նչ անենք, ոչ տանը համակարգիչ ունենք, որ օգտվենք, ոչ էլ աշխատանք է ճարվում»,- բողոքում էին դեբեդավանցիները: Գյուղի փողոցները թաղված էին ցեխի մեջ: Խմելու ջուրը դեբեդավանցիները կրում են գյուղի միակ՝ խորքային աղբյուրից: Երեք տարի առաջ ամուսնացած մի զույգ «Առավոտին» ասաց. «Մենք պատրաստվում ենք տեղափոխվել գյուղից, այստեղ ապագա չենք տեսնում»: Բուժօգնության անհրաժեշտության դեպքում գյուղացիները պետք է հասնեն Բագրատաշեն կամ Նոյեմբերյան: Նրանց կարծիքով, երիտասարդներին կարող է գյուղում պահել միայն հողը, եթե ոռոգման ջուր լինի: Քանի որ մարզի հիմնական ոռոգման համակարգն աշխատում էր մեխանիկական եղանակով, ինչը թանկ հաճույք է դարձել, անհրաժեշտ է այժմ մեխանիկականը ինքնահոսի վերածել: Դրա մասին իշխանություններն առայժմ միայն մտածում են: Պտղավան համայնքում էլ, բնակիչների վկայությամբ, նկատվում է բնակիչների ներգաղթ՝ 115 ժամանակավոր բնակիչ կա, որոնք վերաբնակեցվել են Կոթիից, Վանաձորից եւ այլ տեղերից: Նրանք տեղավորվել են ադրբեջանցիներից լքված տներում, դեմ չեն ապրել նաեւ միայնակ ծերերի հետ: Նորեկները վարձակալում են անմշակ հողերն ու զբաղվում հողագործությամբ: Բագրատաշենը ունի 3000 բնակիչ: Տեղացիների համար միակ եկամտի աղբյուր համարվող Բագրատաշենի շուկան արդեն 3 ամիս է՝ փակված է: «Բոլորը փախնում են, եթե այդպես շարունակվի՝ ո՞վ է մնալու գյուղում. միայն ծերերն ու երեխանե՞րը: Իսկ պատերազմի ժամանակ ո՞վ է պայքարելու: Սա դավաճանություն է, ժողովրդին զոռով քշում են այստեղից»,- բողոքում էին բագրատաշենցիները: Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ մարզպետի հետ: Ըստ նրա, «շատ կասկածելի է՝ տեղի ժողովուրդը տուժե՞ց, թե՞ ոչ: Բագրատաշենցին իր տանն ապրում է, իր հողը մշակում, իր գործն անում: Հեռացողները այստեղի շուկայում բիզնես անելու եկած ժամանակավոր ապրողներն են: Ես կարծում եմ, որ շուկան պետք է համակարգված աշխատի: Հիմա վրացիներն են փակել՝ իրենց մոտ կարգավորելու ինչ-որ խնդիրներ ունեն, որը մենք տարիներ առաջ արդեն կարգավորել ենք: Մենք երբեք պրոբլեմ չենք ունեցել»: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031