Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ

Մայիս 05,2006 00:00

«ԱՅՍ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԸՆԿՆԵԼՈՒ Է» Ժամանակին A310 ինքնաթիռի առիթով զգուշացրել էր ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը 1998-ի հունիսի 19-ին հրավիրած ասուլիսում ? պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պրն Արշակյանն ասել էր. «Ուզում եմ լրագրողները ճիշտ գնահատեն, մենք ոչ թե մեր կողմից ընտրված նախագահի հետ կամուրջ ենք վառում, ոչ թե ուզում ենք դուրս գալ հրապարակ եւ աղմուկ հանել, այլ ուզում ենք մեր հասարակությունը տեղյակ լինի, որովհետեւ վստահ ենք՝ «Հայկական ավիաուղիների» շուրջ աղմուկը եթե թաքցվի, ապա «Հայկական ավիաուղիները» կհասցվի բանկրոտի եւ կսեփականաշնորհվի։ Այդ դեպքում հասարակության վրդովմունքը կլինի անկանխատեսելի»։? (Տես՝ «Առավոտ», 20 հունիսի, 1998 թիվ): Սրան գնում էին 1992-ից Երեկ մեզ հետ զրույցում պարոն Արշակյանը վերահաստատեց իր ասածները՝ մասնավորապես հիշեցնելով. «1992-ից մինչեւ 2000 թիվը ես ուղղակի «պատերազմներ» եմ վարել, որպեսզի հայկական ավիացիան փրկվի, եւ հիմա, հարգելով մայիսի 3-ի զոհերի հիշատակը եւ միանալով հնչած բոլոր ցավակցություններին, միաժամանակ չեմ կարող լռության մատնել եւ չասել, որ եղավ այն, ինչին գնում էին 92-ից ի վեր: Ավիավթարը այդ տրամաբանության մեջ է»: Պարոն Արշակյանը մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարը բացատրում է որպես հայկական ավիացիայի հետ 15 տարի առաջ կատարվածի տրամաբանական շարունակություն, նշելով, որ ժամանակին հայկական ավիացիան գիտակցված քայքայում էին, երբ գիտակցված հասցնում էին սնանկացման, երբ ընդհանուր կառավարման տակ գտնվող կառույցը մասնատեցին՝ սնունդը տալով մեկին, վառելիքը՝ մեկ ուրիշին, թռիչքները՝ մյուսին, եւ այսպես շարունակ: Աղասի Արշակյանը վստահ է, որ այս գործընթացի արդյունքում «յուրաքանչյուրն իր ծառայության գինն առանձին-առանձին թանկացնելով՝ չբավարարվեց, եւ որոշեցին հայկական ավիացիային մի ավելի հզոր հարված հասցնել, որ այլեւս ոտքի չկանգնի: Դեռ այն ժամանակ ես զգուշացրի, որ այդ ինքնաթիռը (հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե մայիսի 3-ին ընկած Ա320-ի մասին է, այլ՝ 1998-ին առաջին անգամ Հայաստան բերված Ա310-ի- Մ. Ե.) Հայաստան էր բերվել ոչ միայն հայկական ավիացիան սնանկացնելու նպատակով, ինչի վառ վկայությունն է ստորագրված պայմանագիրը, ըստ որի՝ վարձակալումը կազմում էր 725 հազար դոլար: Բոլոր թռիչքաժամերի մոտ հիսուն տոկոսը պետք է տրամադրեին այս ինքնաթիռին, որ սա վնասով չաշխատեր. դա նշանակում է ինքնաթիռը թռցնել ամսվա ընթացքում 270 ժամ, իսկ սա ուղղակի անհնար էր: Մենք զգուշացրինք, որ այդ ինքնաթիռը մոտ 6-8 միլիոնի վնաս կհասցնի հայկական ավիացիային: Եթե հիշում եք, ապահովագրական գումարը 650 դոլար էր, իսկ այդպիսի բան աշխարհում չի լինում, այսպիսի ապահովագրություն: Այսինքն՝ այս ամենը դեռ այն ժամանակ մեզ հուշում էր, որ այդ ինքնաթիռը բերել են, որ գցեն: Գիտեք, որ այդ ինքնաթիռի հետ տեղի ունեցավ հինգ ավիացիոն նախադեպ, որը հայկական ավիացիայի 65-ամյա պատմության ընթացքում չէր եղել: Ուզում եմ հիշեցնել՝ չվերթներից մեկի ժամանակ դիմային ապակու ճաքելը, հերմետիզացիայի կեղծ տագնապը, որի պատճառով ստիպված եղան ինքնաթիռը 10 հազարից իջեցնել մինչեւ 6 հազար մետր եւ ուղեւորներից մի քանիսը վնաս կրեցին, թեւատակի սարքավորումների չբացվելու դեպքը, ինքնաթիռի շարժիչի՝ օդում վնասվելը: Այս տեսակ բաներ հայկական ավիացիայի պատմության մեջ չէին եղել, որ եղավ այդ հնամաշ, 15-16 տարեկան Էյրբաս 310-ի հետ: Իհարկե, խոսքը մայիսի երեքին ընկած ինքնաթիռի մասին չէ, բայց ես ուզում եմ այսօր կատարվածը դիտարկենք այս ամբողջ շղթայի մեջ»: Ավիացիայում կարգուկանոն չկա՞ Աղասի Արշակյանը նաեւ հայտարարեց, որ հայկական ավիացիայում պետք է կարգուկանոն հաստատվի. «Մեր ավիացիայի հարստությունը մեր կադրերն էին, որոնց մեթոդաբար ոչնչացրին: Ես բոլորովին պատկերացում չունեմ հանգուցյալ հրամանատարի հնարավորությունների մասին, բայց հայտնի է, որ Ադլերի օդանավակայանը նախկին Խորհրդային Միության ամենաբարդ օդանավակայաններից էր, եւ այնտեղ թռչելու համար օդաչուն պետք է ունենար առնվազն 500 ժամ ինքնուրույն թռիչքի ստաժ: Ես չգիտեմ՝ կլիմայական պայմանները որքանո՞վ են ազդել վթարի վրա կամ գուցե դիսպետչերական վատ աշխատա՞նքն է պատճառը: Այս ամենի մասին իրարամերժ տեղեկություններ են տրվում»: Աղասի Արշակյանի տեղեկությամբ, «Արմավիան» այսօրվա դրությամբ միայն ռուսական օդային նավարկության ծառայություններին պարտք է մոտ երկու միլիոն դոլար: Պատգամավորը հարկ համարեց շեշտել. «Ես այս ամենն ասում եմ որպես մտահոգ մարդ, եւ ոչ թե որովհետեւ ընդդիմադիր եմ, ես այս ամենին տեղյակ եմ եւ այդ պատճառով եմ խոսում այս մասին: Եվ ինձ համար ցավալի է, որ մարդիկ, ովքեր մասնագիտացել են նավթ ծախելու մեջ, մասնագիտացել են ցեմենտ արտադրելու մեջ, անպայման ուզում են մասնագիտանալ ավիացիայի մեջ: Մեր դժբախտությունը սա է, ամեն մարդ պետք է զբաղված լինի իր գործով»: Զուգահեռներ «Այդ ինքնաթիռը Երեւան գալուց հետո պետք է կատարեր Երեւան-Ամստերդամ չվերթը, որով պետք է թռչեր իմ դուստրը: Ես Մոսկվայից առավոտյան վեցին լսել էի ողբերգության մասին եւ արդեն յոթին օդանավակայանում էի: Եվ դրանից հետո լսել եմ բոլոր լուրերը եւ զուգահեռներ անցկացրել: Վթարի առաջին ժամերին անընդհատ շեշտվում էր 60 աստիճանի թեքությամբ դեպի ջուր մուտքը, եւ հիմա այդ մասին այլեւս տեղեկություն չի հաղորդվում: Իսկ սա մի շարք հետեւություններ անելու առիթ է տալիս: Ռուսական լրատվամիջոցները վաղ առավոտյան տալիս էին չեզոք ինֆորմացիա, որից ոչինչ չէիր հասկանա: Բայց երբ ժամը 10-ին մեր տեղական լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ ինչ-որ ակնարկներ հնչեցին օդանավակայանի դիսպետչերի հասցե, անմիջապես ռուսական լրատվամիջոցները հնչեցրին անձրեւանոցի տակ թաքնված մի զինվորականի խոսք, որն իբր ականատես էր եւ պայթյուն էր տեսել: Դրանից հետո մրրկահողմի մասին պատմությունները գցվեցին լրատվական դաշտ, որը հետո մերժվեց: Հայաստանի տարածքից դուրս գալուց հետո թռիչքի ամբողջ ժամանակի 90 տոկոսը ինքնաթիռը եղել է վրացական տարածքում եւ վերահսկելի՝ վրացական կողմից: Վրացական կողմի պատասխանները այս մասով չեն տրվում: Իմացանք, որ Ռոստովի դիսպետչերի հետ կապված այլեւայլ խոսակցություններ են եղել, որը չմանրամասնվեց»: Վարկածներ Վառելիքի պակասը. Վթարի օրվա վաղ առավոտից տարածվող տեղեկատվությունը շատերին իրավունք տվեց ենթադրել, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վառելիքի պակասի պատճառով: Պատգամավոր Աղասի Արշակյանը եւս ինչ-որ պահի այն եզրակացությանն է հանգել, որ հնարավոր է վթարի պատճառը վառելիքի պակասը լինի: Այն հանգամանքը, որ Սոչիի օդանավակայանում նավթը երկու անգամ էժան է, քան Երեւանի օդանավակայում, արդեն մտածելու տեղիք է տալիս: Աղասի Արշակյանը ասաց, որ ինքը «նման այլանդակությունների տեղյակ է դեռեւս 90-ականների կեսերից, երբ ինքնաթիռները թերլցվում էին, եւ այլ տեղում վառելիքը գնվում էր կանխիկ գումարով: Նման գործարքները, ցավոք, մերոնցից հեռու չեն: Բայց քանի որ այս ինքնաթիռը սարքավորված է այնպիսի տեխնիկական միջոցներով, որ դիսպետչերական վահանակի վրա երեւում է երկու նշում՝ վառելիքի չափը եւ բարձրությունը, ուրեմն դրա մասին խոսելը երեւի ճիշտ չէ: Թեեւ 60 աստիճանի անկյան տակ (ցածր արագության դեպքում) ընկնելը կարող է այդպիսի վարկածը հնարավոր դարձնել»: Նկատենք, որ Սոչիում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հերքել է վառելիքի պակասի մասին լուրերը՝ ասելով, որ ինքնաթիռում այնքան վառելիք կար, որ կբավականացներ այդպիսի եւս չորս թռիչքի համար: Ահաբեկչություն. Ռուսական լրատվամիջոցներն իրենք առաջինը առաջ քաշեցին այս տարբերակը եւ իրենք էլ հերքեցին: Մեր հարցին՝ որքանո՞վ է հնարավոր այս տարբերակը, Աղասի Արշակյանը պատասխանեց. «Կարող եմ միայն մի երկյուղ հայտնել հետեւյալի մասին: Խորհրդային տարիներին այս հարցը շատ պարզ էր լուծվում: Կար մի հզոր պետություն, մեղավորը միշտ թույլ օղակն էր, եւ մեղքը հիմնականում գցվում էր զոհված անձնակազմի վրա, եւ այդպիսով հարցը լուծվում էր: Բայց այսօր կա սեփականության տեր, եւ պատասխանատվության հարցն այլ կերպ է դրված, կա նաեւ կորուստները վերականգնելու խնդիր՝ մեղավորների հետ կապված, եւ այս իրավիճակում կարող է լինել անառողջ մրցակցություն: Երբ պարզվում է, որ վթարը դիսպետչերի մեղքով է, վնասները մնում են ռուսական կողմի վրա: Եթե պարզվում է, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են եղել, ուրեմն՝ ծախսերը մնում են ինքնաթիռի սեփականատիրոջ եւ ավիաընկերության վրա: Այդ պատճառով էլ կարեւոր է լրատվամիջոցների աչալրջությունը՝ հնարավոր վարկածների քննարկման հարցում»: Որքան տեղյակ ենք, ռուսական օրենսդրության մեջ կա համապատասխան օրենք, ըստ որի՝ եթե ռուսական օդային տարածքում հայտնվում է գրավված ինքնաթիռ, ապա այն հենց օդում էլ ոչնչացվում է: Որքանո՞վ է սա հնարավոր: Ասաց, որ ռուսական հակաահաբեկչական օրենսդրությանը ինքը տեղյակ է միայն լրատվամիջոցներից եւ կարծում է՝ նման բաներ հնարավոր են, ինչքան էլ դա ոչ մարդասիրական թվա. «Լինում են այդպիսի դեպքեր, երբ տեսնում են, որ ահաբեկչությունը կարող է այնպիսի դրսեւորումներ ստանալ, երբ ստիպված են լինում ընտրություն անել մեծ աղետի եւ փոքր աղետի միջեւ»: Սեւ արկղը Սովորաբար սեւ արկղերը գտնվում են, բայց հայտնի են նաեւ դեպքեր, երբ դրանք մնում են անհայտության մեջ: Մեր զրուցակցի կարծիքով, պարզապես անհնարին է, որ սեւ արկղերը չգտնվեն, քանի որ դրանք տեխնիկապես այնպիսի կառուցվածք ունեն, որ նույնիսկ ամենադժվարին տեղերում իրենք իրենց գտնվելու վայրի մասին ազդանշան են տալիս: «Ես կարծում եմ՝ սեւ արկղերը չեն գտնվում այն ժամանակ, երբ դրանց պարունակությունը առավել հզոր ուժին ձեռնտու չէ կամ՝ ձեռնտու չէ հետաքննությունը վարող մարմնին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031