Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում

Մայիս 05,2006 00:00

Վանաձորում աղանդներն ակտիվացել են «Եհովայի վկա» լինելն անվճա՞ր է Ներկայումս Վանաձորում իրենց գործունեությունն են իրականացնում այնպիսի կրոնական փոքրամասնություններ, ինչպիսիք են ավետարանչականները, կաթոլիկները, Եհովայի վկաները, հոգեգալստականները, հիսունականները, մորմոնները: Բնականաբար, ամեն մեկն իր շահն ունի եւ մարդկանց «իրենով անելու» սեփական ձեւերը: Վանաձորում ամենաակտիվը, սակայն, Եհովայի վկաներն են: Բնակարաններ այցելելը այս կազմակերպության քարոզչական ձեռնարկներից ամենատարածվածն է: Վանաձորցիները հաճախ են իրենց դռները բացելիս հանդիպում նման հարցադրումների. «Չե՞ք ուզում ապագայում լավ ապրել», «Չե՞ք ուզում դրախտում հայտնվել» եւ այլն: Եթե զրուցակիցը մի քիչ «փափուկ» մարդ է լինում, հրաշալի առիթ է ստեղծվում շարունակական այցերի, բայց կոպիտ վերաբերմունքի դեպքում էլ Եհովայի վկաները չեն ընկրկում: Եհովայի վկաների հոգեւոր հովիվը Վանաձորում Գեւորգ Անանիկյանն է: Նա 9 տարի առաջ Գյումրիից է տեղափոխվել ու հարմարվել վանաձորյան պայմաններին: Ասում է, որ ապրում է պետության կողմից հատկացվող նպաստի հաշվին ու իբր Եհովայի վկաներին մատուցած իր ծառայությունների համար չի վճարվում ոչ մի տեղից: Հակառակ կարծիքի է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանեսը: «Այսօր բոլոր աղանդներն էլ զբաղվում են դրամաշորթությամբ: Բայց ցավը միայն դա չէ. նրանք այդ դրամը գողանում են հոգիների փրկությունը խաթարելով: Այսօր բոլոր աղանդները, չնայած եկեղեցի, տաճար, քահանա չեն ընդունում, սական տաճարի անվան տակ տասանորդ են գանձում իրենց անդամներից»,- մտահոգված է քահանան: Ի դեպ, Եհովայի վկաները չեն ընդունում պետական դրոշը, զինանշանը, համարում են, որ չարժե պետական խորհրդանիշներին պատիվ տալ ու, որ երկրպագության է արժանի միայն Եհովա աստվածը: «Պետությանը ինչ որ պատկանում է, մենք տալիս ենք, միշտ էլ հարկերը վճարում ենք»,- արդարանում է Գեւորգ Անանիկյանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ վանաձորյան շուրջ 200 եհովականներից քանի՞սն են սոցիալապես անապահով: Անանիկյանը տեղեկացրեց, որ մեծաթիվ են սուղ ապրողները, բայց ունեւորներ էլ կան: Կազմակերպությունը Վանաձորում տարածում է իր պաշտոնական պարբերագիրը՝ «Դիտարանը», որը լույս է տեսնում 152 լեզվով, ամիսը երկու անգամ: Այն ուղղորդող գրականության նման մի բան է, որտեղ զետեղված են եհովականների գերագույն խորհրդի պաշտոնական հրահանգները: Հանրության շրջանում գրականություն տարածելու առումով թերեւս պասիվ է Հայ առաքելական եկեղեցին: Տեր Վրթանեսից հետաքրքրվեցինք՝ լուրջ բախումներ գրանցվե՞լ են հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի եւ կրոնական փոքրամասնությունների միջեւ: Ասաց, որ աղանդավորներին իրենք համարում են մոլորված ոչխարներ, որոնք շեղվել են ճշմարիտ ուղուց: «Եկեղեցին աղանդների դեմ պայքարի լավագույն միջոց է համարում իր գործը լավ անելը»,- գտնում է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան Ազարյանը: Տեր Վահանի խոսքերով, այսօր եկեղեցին հոգեւորականների մեծ պահանջ ունի, իսկ երբ պահանջը մարդկանց չի բավարարում, փնտրտուքի արդյունքում ընկնում են հոգեորսությամբ զբաղվողների ցանցը: Եկեղեցուն էլ անելու բան չի մնում, քան մոլորված ոչխարների համար աղոթելը: «Օրենքը չի խոսում մեր կողմից. եկեղեցին պատժիչ միջոցներ չի կարող ձեռնարկել աղանդների դեմ: Հոգեւորականն օրենքով պաշտպանված չէ: Նրան մնում է միայն բարոյական հենքից օգտվելով ու իշխանությունների հետ լավ հարաբերությունների միջոցով կարգավորել հարցերը՝ լինեն դրանք կրթական, մշակութային կամ կրոնական»,- փաստում է նա: Գ. ՍԱՐԳՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել