Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ

Մայիս 24,2006 00:00

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ Դպրոցի տնօրեն դարձավ Ռուզաննա Սարուխանյանը՝ առանց բարձրագույն մանկավարժական կրթության Երեկ Երեւանի թիվ 29 դպրոցում տնօրենի ընտրություններ էին։ Տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկը ԿԳՆ կադրային գործի վարման բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հովհաննիսյանն էր, ով նախկինում 10 տարի այս նույն դպրոցում տնօրեն է աշխատել, հետո ընտրություններում պարտվել թաղապետարանի ավագանու անդամ Սարգիս Հովհաննիսյանին։ Երկրորդ թեկնածուն Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Սարուխանյանն էր՝ նույն դպրոցի տնօրեն, բոլոր ժամանակների իշխանությունների հետ ամուր կապերով հայտնի Գայանե Սարուխանյանի քույրը։ Մի քանի օր առաջ էլ, հիշեցնենք, թիվ 20 դպրոցի տնօրենի պաշտոնին էր հավակնում թիվ 55-ի մյուս փոխտնօրենը, ով, ի տարբերություն Ռուզաննա Սարուխանյանի, ընտրություններում պարտվեց։ Իսկ Ռ. Սարուխանյանը 7 կողմ եւ ոչ մի դեմ-ով երեկ դարձավ թիվ 29 դպրոցի տնօրեն։ Տիկին Սարուխանյանը վաղուց էր ուզում տնօրեն դառնալ։ Անցյալ տարի Մայակովսկու անվան դպրոցի տնօրենի ընտրություններում վերջինս պարտվեց, եւ տնօրեն դարձավ գյուղփոխնախարար Լեւոն Ռուխիկյանի կինը՝ Վիկտորյա Ռուխիկյանը։ Սակայն սույն ընտրություններում Ռուզաննա Սարուխանյանը մի նախադեպ ստեղծեց։ Խնդիրն այն է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործադիր տնօրենի ընտրության եւ նշանակման կարգի համաձայն, իբրեւ պարտադիր չափանիշ է համարվում հավակնորդի «բարձրագույն մանկավարժական կրթությունը»։ Մյուս կողմից՝ դպրոցները պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են, եւ, ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի, այս կազմակերպությունների ղեկավարի համար իբրեւ պարտադիր պայման պահանջվում է պարզապես «բարձրագույն կրթություն»։ Եվ այստեղ է, որ առաջանում է ԿԳ նախարարի 2000թ. հաստատած կարգի (որ հաստատվել է օրենքից առաջ) եւ օրենքի հակասությունը, ինչը դատարանում նախորդ անգամ վիճարկել էր ինժեներական կրթությամբ Ռուզաննա Սարուխանյանը եւ շահել դատը։ Այսուամենայնիվ, նա չէր դարձել տնօրեն։ Երեկվա ընտրություններում էլ այս հարցն առաջ եկավ, երբ ԿԳ նախարարության փորձագետ Կարո Նասիբյանը հանկարծ հայտնաբերեց, որ «Ազգ» օրաթերթի ապրիլի 18-ի համարում տրված հայտարարության մեջ իբրեւ պարտադիր պայման չի նշվել մանկավարժական կրթությունը։ Իսկ հայտարարությունը տալիս խորհուրդը պետք է առաջնորդվեր հենց կարգով։ Ավելին՝ կարելի է ասել, որ խորհուրդը միտումնավոր է շրջանցել «մանկավարժական» բառը։ Իսկ եթե նույնիսկ առաջնորդվել էր օրենքով, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ խորհրդի անդամները երեկ ԿԳՆ փորձագետի առաջ չէին կարողանում հակափաստարկ բերել՝ հակառակն ապացուցել օրենքի տառով։ Փոխարենը՝ նրանք ընդհատեցին խորհրդի նիստը, գնացին ինչ-որ օրենքների ու գրքերի հետեւից, հետո զանգում էին այսուայն մարդկանց, փորձում Ռ. Սարուխանյանի իրավունքները պաշտպանող փաստեր գտնել։ Վերջապես զանգերով հասան քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանին։ Վերջինս հեռախոսով փորձագետին ասաց, որ նախադեպ է եղել, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքը թույլ է տալիս Ռ. Սարուխանյանին մասնակցել ընտրություններին եւ այլն։ Երբ կարգի մասին ասացինք տիկին Սարուխանյանին, նա ասաց՝ մանկավարժականի 6-րդ կուրսում է սովորում եւ բավարար մանկավարժական ստաժ ունի։ Մի խոսքով, այս հարցը համարվեց փակված։ Այնուհետեւ թեկնածուները պետք է պատասխանեին խորհրդի եւ փորձագետի առաջադրած հարցերին։ Խորհուրդն այստեղ որոշեց, որ բոլոր հարցերը պետք է տրվեն բանավոր։ Սովորաբար հարցումն արվում է ԿԳՆ մշակած հատուկ հարցաթերթիկներով, որպեսզի առկա փաստ լինի, թեեւ հարցումը կարող է արվել նաեւ բանավոր։ Սակայն խորհուրդը որոշեց, որ թեկնածուները հարցումներին պետք է պատասխանեն բանավոր, ինչը դժվարություն ստեղծեց հատկապես Ռ. Սարուխանյանի համար։ Նա դժվար էր կողմնորոշվում եւ հարցերին էլ ի վերջո լիարժեք չպատասխանեց։ Նա, լինելով ավագ դպրոցի ուսմասվար, չգիտեր, օրինակ, թե որ աշակերտները կարող են հավակնել մեդալի՝։ Ի տարբերություն նրա, Ժաննա Հովհաննիսյանը սահուն պատասխանեց բոլոր առաջադրված հարցերին։ Բացի այդ, թեկնածուները նաեւ ներկայացրին դպրոցի զարգացման իրենց հայեցակարգը։ Այստեղ էլ Ռ. Սարուխանյանը դժվարացավ, նա փորձում էր վերհիշել, թե, ասենք, ինչպիսին պետք է լինի իր դպրոցի շրջանավարտը, եւ ահագին երկար քրքրեց թղթերը, որպեսզի արտասանի «հայրենասեր, կարգապահ, բանիմաց, կիրթ» բառերը։ «Այնքան շուտ եմ գրել, որ արդեն մոռացել եմ»,- պատճառաբանեց ապագա տնօրենը: Ամեն ինչ, կարծես թե, կանխորոշված էր: Խորհրդի նախագահ, Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի խորհրդական Գեորգի Գուլքանյանը խորհրդի անդամներին պատմում էր, թե իբր Ժ. Հովհաննիսյանի պաշտոնավարման օրոք դպրոցը ավազականոցի էր վերածվել, որ բարձր դասարանցիներն ընդհանրապես դպրոց չէին հաճախում եւ այլն։ Ավելի ուշ փորձեց շտկում մտցնել՝ ասելով, թե դա իր սուբյեկտիվ կարծիքն է պարզապես։ Բարձրաձայն ենթադրում էր, որ եթե Ժ. Հովհաննիսյանը տարիքով ավելի մեծ է, ուրեմն համակարգչի չի տիրապետի, ինչը հետո հերքվեց։ Իսկ դպրոցի ուսուցիչները վստահեցնում էին, որ Ժ. Հովհաննիսյանի պաշտոնավարման օրոք աշակերտների թիվը 200-ից հասել է 650-ի, իսկ աշակերտների վատ վարքի մասին որեւէ կոնկրետ փաստ, վստահ էին, որեւէ մեկը չէր կարող ներկայացնել։ «Խորհրդի նիստ է, իր կարծիքը հայտնեց, թող անդամներն ասեն՝ մեզ մի ճնշեք, թեեւ վերջում փրկեց իրավիճակը՝ թե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- նիստից հետո մեր հարցին, թե արդյոք պարոն Գուլքանյանի խոսքը ճնշում չէ՞ր խորհրդի անդամների վրա, ասաց ԿԳ փորձագետ Կ. Նասիբյանը: Ինչ վերաբերում է թեկնածուների պատասխաններին, ապա փորձագետն ասաց, որ Ռ. Սարուխանյանը «մի հարցին լրիվ չպատասխանեց, մյուսին էլ համարյա չպատասխանեց, բայց ընդհանուր առմամբ պատկերացնում էր դպրոցը»։ Իսկ խորհրդի անդամները ամեն կերպ փորձում էին պաշտպանել Սարուխանյանին. «Դե, որ մի բան պետք լինի, կկարդա, կիմանա, էլի, էդ կարգերն էլ այնքան շուտ-շուտ են փոխվում, որ մարդ չի հասցնում բոլորին ծանոթանալ»։ Փորձագետ Նասիբյանի հարցին, թե ուսմասվարի բանուգործն ինչ է, որ այդ տարրական կարգերն էլ չգիտի, նրանք ասում էին՝ «վայ, չեք պատկերացնի, թե ինչ աշխատանք է նրանց աշխատանքը»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել