Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

Մայիս 25,2006 00:00

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ Աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ պատգամավորներն իրար երբեմն հայհոյում են ու քաշքշում: Բայց բոլոր խորհրդարանների կանոնակարգերում էլ նախատեսված են միջոցներ ԱԺ նիստերի դահլիճում իրենց անվայելուչ պահող պատգամավորներին կարգի հրավիրելու համար: Նման դրույթներ կան նաեւ մեր կանոնակարգում: Այս օրենքի 45 հոդվածի 2-րդ կետով սահմանված է, թե կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ անում եւ այլն: Այդ դեպքում նիստը վարողը կարող է կարգազանց պատգամավորի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ զգուշացնել, անջատել խոսափողը, 1 նիստում զրկել խոսափողից հանդես գալու իրավունքից, հեռացնել դահլիճից, մինչեւ 6 օրով զրկել ԱԺ նստավայր մտնելու իրավունքից: Սակայն ԱԺ վերջին հայտարարությունների ընթացքում, երբ պատգամավորները միմյանց համեմատում էին պահպանակների հետ, անվանում անբարոյականի զավակ եւ, ի վերջո էլ՝ Վռամ Գյուլզադյանն Արտաշես Գեղամյանին հակադարձեց. «Գողից ու բ…զ-ից խոսողը պետք է հայելու առաջ կանգնի՝ նոր խոսի», նիստը վարող Վահան Հովհաննիսյանը միայն ասաց, թե նա անցավ բոլոր սահմանները. «Սա անթույլատրելի բան է՝ ԱԺ դահլիճում նման բառեր օգտագործել չի կարելի»: «Իսկ պոռնիկ բառը կարելի՞ է օգտագործել»,- բազմակի հնչած բառը հիշեցին դահլիճից: «Այո՛, պատկերացրեք, որ մեկը գրական բառ է, մյուսը՝ հայհոյանք»,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը: «Ո՞րն է դրական բառ»,- իբր չհասկացավ հարց տվողը: Դեռ կատակում էր, այսինքն: Մինչդեռ ի նշան բողոքի արդեն դուռը շրխկացնելով դուրս էր եկել ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, եւ անգամ լրագրողներից մեկն էր տեղից գոռացել՝ «Այստեղ կանա՛յք կան»: Երեկ մեր հարցին՝ չե՞ք կարծում, թե սա հենց մեկն էր այն դեպքերից, երբ նիստը վարողը պիտի կիրառեր ԱԺ կանոնակարգով նախատեսված պատժամիջոցներից մեկը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ՝ ըստ էության, խորհրդարանի աշխատանքների կասեցման կամ խանգարման երեւույթ չկար: Դե, խորհրդարան է: Անսպասելի շատ բաներ կարող են տեղի ունենալ»: Արձանագրենք, որ ԱԺ-ում իրար ոչխար եւ մնացած վերոհիշյալ որակումներով դիմելը ԱԺ աշխատանքներին բնա՜վ չի խանգարում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել