Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 03,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երկրորդ

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ

– «Երեքնուկը» երգի իմաստով շատ բարդ գործ է. մի տեսակ անսովոր ռիթմեր են,- ասացի ես:- Զարմանում եմ, որ Վաչե Հովսեփյանը հատկապես է՛դ բանաստեղծությունն է ընտրել:

– Վաչոն Պարույրին շատ լավ էր զգում ու ընկալում,- ասաց Թամրազյանը.- ինչքան չլինի՝ ընկերներ էին:

– Մոտիկ ե՞ն եղել,- հարցրեց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը:- Պարույրը Վաչոյի նվագն ուղղակի պաշտում էր:

– Պաշտելու բան է,- ասացի ես.- բոլորս էլ պաշտում ենք:

– Վաչոն բացառիկ տաղանդի տեր մարդ է,- ասաց Թամրազյանը:- Տերյանի բանաստեղծության վրա իր գրած երգն է՛լ է հրաշալի:

– Տերյանի ո՞ր բանաստեղծության վրա է երգ գրել,- հարցրեց Լիզան:

– «Սակայն դարձիր, վերադարձիր»,- ասացի ես:

– Էդ երգն էլ է՞ Վաչե Հովսեփյանը գրել,- զարմացավ Լիզան:

– Չգիտեի՞ր,- զարմացա ես:

– Էդ երգն էլ է՞ ձեր արհեստանոցում շվվացրել,- ծիծաղեց Լիզան:

– Էդ երգն ամբողջ աշխարհը գիտի,- ասացի ես:

– Էդ երգը շատ եմ լսել, բայց չգիտեի, որ հեղինակը Վաչե Հովսեփյանն է,- ասաց Լիզան:- Տերյանի «Էստոնական երգն» է, չէ՞, ընկե՛ր Թամրազյան:

– Ի՞նչ «Էստոնական երգ»,- զարմացա ես:

– Բարդ բաներ ես ասում, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը.- մոռանում ես, որ Արմենը մանկավարժականն է ավարտել:

– Մենք Տերյան շատ մանրամասն ենք անցել,- ասացի ես:

– Կատակ եմ անում, Արմե՛ն ջան,- ասաց Թամրազյանը.- մի՛ նեղացիր:

– Չեմ նեղանում,- ասացի ես.- ինչքան ուզում եք՝ կատակ արեք:

– Ձեզ Վաչե Պարտիզունին է Տերյան կարդացել, չէ՞,- հարցրեց Թամրազյանը:

– Հա,- ասացի ես.- մի ամբողջ տարի հատուկ կուրս էր կարդում:

– Փաստորեն, բոլոր Վաչեներին ճանաչում ես,- ասաց Լիզան.- ինքն էլ է՞ր շվվացնում:

– Չէ,- ասացի ես:- Ձեռ ե՞ս առնում:

– Մի ամբողջ տարի գլխիդ Տերյան են կարդացել, բայց «Էստոնական երգի» մասին գաղափար չունես,- ասաց Լիզան:

– Դա նշանակում է, որ վատ են կարդացել,- ասաց Թամրազյանը:

– Էդ բանաստեղծությունն ու երգը լավ գիտեմ, բայց չգիտեի, որ վերնագիրն «Էստոնական երգ» է,- ասացի ես:

– Նախ դասախո՛սդ պիտի իմանար,- ծիծաղեց Թամրազյանը:

– Պիտի Վաչե Հովսեփյանը շվվացներ, որ Արմենն իմանար,- ծիծաղեց Լիզան:

– Նախ պիտի դասախո՛սն իմանար,- կրկնեց Թամրազյանը:

– Դասախոսն ի՞նչ կապ ունի,- ասաց Լիզան.- ինձ դասախոսս է ասե՞լ, որ էդ բանաստեղծության վերնագիրն «Էստոնական երգ» է: Արմենը գոնե մեկ անգամ եթե Տերյանի գիրքը բաց արած լիներ, էդ բանաստեղծության վերնագիրը կհիշեր. ախր շատ տպավորիչ վերնագիր է:

– Ճիշտ ես ասում,- ասացի ես.- բանաստեղծություն կարդալ չեմ սիրում:

– «Երեքնուկը» լավ էլ վերլուծում էիր,- ասաց Թամրազյանը:

– Ե՞րբ եմ վերլուծել,- զարմացա ես:

– Լավ էլ նուրբ դիտարկում արիր,- ասաց Թամրազյանը:

– Որովհետեւ «Երեքնուկը» Վաչե Հովսեփյանն էր շվվացրել,- ծիծաղեց Լիզան:

– «Էստոնական երգն» էլ էն մ յո՛ւս Վաչեն պիտի շվվացներ,- ծիծաղեց Թամրազյանը:

– Ի՞նչ մյուս Վաչե,- հարցրեց Լիզան:

– Պարտիզունին,- ասաց Թամրազյանը:

– Հնարավոր է, որ Պարտիզունին շվվացրած լինի, բայց Արմենն էդ օրը դասից փախած լինի,- ծիծաղեց Լիզան:

– Ձեռ ե՞ս առնում,- նեղացա ես:

– Պարտիզունո՛ւն ենք ձեռ առնում,- ասաց Լիզան.- իզուր ես քեզ վրա վերցնում:

– Ախր շատ անկապ վերնագիր է,- ասացի ես.- տեսնես Տերյանն ի՞նչ է մտածել, որ էդ վերնագիրը դրել է:

– Էդ բաները դասախո՛սդ պիտի քեզ բացատրեր, Արմեն ջան,- ծիծաղեց Թամրազյանը:

– Հա,- ասաց Լիզան.- հիմա դասախոսության ժամանակ չի. քեֆ ենք անում: Ես ուզում եմ մի կենաց առաջարկել:

– Ի՞նչ կենաց,- հարցրեց Թամրազյանը:

– Դասախոսի՛ս կենացը,- ժպտաց Լիզան:

– Ո՞ր դասախոսիդ,- հարցրեց Թամրազյանը:

– Հրանտ Թամրազյանի՛ կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լիզան:

– Իմ կենացն արդեն խմել ենք,- ասաց Թամրազյանը:

– Ձեր կենացը չե՛նք խմել. ձեր սերնդի՛ կենացն ենք խմել,- ասաց Լիզան:

– Նույն բանն է,- ասաց Թամրազյանը:

– Նույնը չի. ես առաջարկում եմ խմել Թամրազյան մարդու եւ Թամրազյան գրականագետի կենացը: Ես երջանիկ եմ, որ ձեր ուսանողն եմ,- ասաց Լիզան:

– Որ Պարտիզունու ուսանողը լինեիր, «Էստոնական երգի» մասին գաղափար չէիր ունենա,- ծիծաղելով ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հանաք ենք անում, Արմեն ջան. հանկարծ չնեղանաս: Պարտիզունին, փաստորեն, մեր ամենաճանաչված Տերյանագետն է: Ինքը Տերյանի հետ կապված ամեն ինչ գիտի:

– Բացի «Էստոնական երգից»,- ծիծաղեց Լիզան:

– Կատակ ենք անում, Արմեն ջան,- ասաց Թամրազյանը:

– Ձեր կենացը, ընկե՛ր Թամրազյան,- նորից ասաց Լիզան:

– Զգացված եմ, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը.- շա՜տ շոյված եմ:

– Ձեր կենա՛ցը,- բաժակս Թամրազյանի բաժակին խփելով՝ ասացի ես:- Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ ծանոթացա:

– Շնորհակալություն,- ասաց Թամրազյանը:- Ես էլ եմ ուրախ, Արմեն ջան: Նաեւ Լիզըչկայի՛ համար եմ ուրախ, որ այսօր վերջապես ռեստորան ոտք դրեց:

– Ձե՛ր շնորհիվ, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Առաջին անգամ ես ռեստորան ոտք դնում, բայց քեզ շատ ազատ ես զգում՝ ասես հազարերորդ անգամ ռեստորան եկած լինես,- ասաց Թամրազյանը:

– Որովհետեւ հարազատ մարդկանց հետ եմ,- ասաց Լիզան:

– Քիչ առաջ ասում էիր, որ Արմենն ու դու մի քանի ժամվա ծանոթներ եք,- ասաց Թամրազյանը:

– Մի քանի ժամ է, բայց ոնց որ մի քանի տարի լինի,- ասաց Լիզան:

Լիզան իրեն իսկապե՛ս շատ ազատ էր զգում, որովհետեւ թե՛ Թամրազյանին էր լավ ճանաչում եւ թե՛ արդեն՝ ինձ, ու էդ պահին երեքիս կապողն ի՛նքն էր եւ, դրանից էլ բացի, ինքը միանգամայն անկեղծ էր եւ անկեղծորեն ու առանց քաշվելու էլ ինձ ու Թամրազյանին հարազատ մարդ անվանեց եւ, ի տարբերություն ինձ, Լիզան անկեղծ էր նաեւ է՛ն առումով, որ բացահայտ ու առանց քաշվելու խոստովանում էր, որ ինքն առաջին անգամ է ռեստորան ոտք դնում, եւ ինքն իր անկեղծության շնորհիվ էդ հերթական օրն իսկական տոն էր դարձնում երեքիս համար հավասարապես, եւ եթե ինքն ինձ հարազատ մարդ չանվանե՛ր էլ, ես էդ հարազատության հանգամանքը պիտի որ ինքնուրույն է՛լ զգայի, որովհետեւ իր ծիծաղախիտ աչքերը շարունակաբար մատնում էին, որ ինքը շարունակական ու իսկական հաճույքի մեջ է, ու չնայած ժամանակ առ ժամանակ ինձ իսկապե՛ս ձեռ էր առնում, բայց էնքան զվարթ ու մտերմիկ էր էդ բանն անում, որ ես իր էդ կատակներից ո՛չ միայն չէի նեղանում, այլեւ ուզում էի, որ դրանք շարունակվեն ու չվերջանան, ու չնայած դրանք շարունակվում ու չէին վերջանում, ես, այնուամենայնիվ, որոշակի կաշկանդվածության մեջ էի հավանաբար ո՛չ էն պատճառով, որ ինքս է՛լ էի էդ օրն առաջին անգամ ռեստորան ոտք դրել, այլ երեւի է՛ն պատճառով, որ, ի տարբերություն Լիզայի, էդ հանգամանքը մեջս էի թաքցրած պահում, ու չնայած զանազան սրճարաններում ու խինկալիանոցներում շատ էի եղել, այնուամենայնիվ, «Սեւան» ռեստորանի մթնոլորտն ինձ համար է՛լ էր միանգամայն նորություն, ու մինչ էդ կաշկանդվածությունս հաղթահարելով՝ Լիզայից ճառագող լույսերով էի շլանում, վերստին հայտնվեց մատուցողուհի Նորան եւ Թամրազյանի առաջ ինչ-որ թուղթ դնելով՝ ասաց.

– Տասներկու ռուբլի, յոթանասունհինգ կոպեկ, Թամրազյա՛ն ջան:

– Էս ի՞նչ է,- զարմացավ Թամրազյանը:

– Ձեր սեղանի հաշիվն ա,- ասաց Նորան:

– Սխա՛լ ես հաշվել,- շատ կոպիտ ասաց Թամրազյանը.- տար՝ նորի՛ց հաշվիր:

– Նորից կհաշվեմ, պրոֆեսոր ջան,- ասաց Նորան եւ թուղթը վերցնելով՝ գնաց:

– Շատ է հաշվե՞լ,- հարցրեց Լիզան:

– Սխա՛լ է հաշվել,- ասաց Թամրազյանը:

– Ինձ թվում է՝ նույնիսկ քիչ է հաշվել. ես ավելի՛ մեծ գումար էի սպասում,- ասաց Լիզան:

– Ոչ թե քիչ է հաշվել, այլ չափազա՛նց քիչ է հաշվել,- ասաց Թամրազյանը:

– Մենակ արաղնե՛րը տասը ռուբլուց ավել կըլնեն,- ասացի ես:

– Արդեն լրիվ ձեռ են առնում,- ասաց Թամրազյանը.- էդ Սամսոն կոչեցյալի հերթական օյիններն են:

– Հաստատ,- ասացի ես.- Նորան իր գլխու դժվար թե էս տեսակ ծիծաղելի հաշիվ ներկայացներ:

– Շատ քիչ է հաշվե՞լ,- հարցրեց Լիզան:

– Ոչ թե քիչ է հաշվել, այլ ընդհա՛նրապես չի հաշվել,- ասաց Թամրազյանը:- Արմենը ճիշտ է ասում. միայն օղիների գումարը տասը ռուբլուց ավելի կլինի:

– Միգուցե Սամսոնին կանչեք,- ասաց Լիզան:

– Նորան գալիս է,- ասաց Թամրազյանը.- տեսնենք հիմա՞ ինչ թվեր է նկարել:

Նորան մոտեցավ մեզ, մի նոր թուղթ դրեց Թամրազյանի առաջ եւ ասաց.

– Կներես, պրոֆեսո՛ր ջան, մի քիչ ավել էի հաշվել:

– Էս ի՞նչ թիվ ես գրել, ա՛յ Նորա,- թղթին նայելով՝ գոռաց Թամրազյանը:

– Տասնմեկ ռուբլի, քսան կոպեկ,- ասաց Նորան:- Սրանից ավել չեմ կարա պակասացնեմ, Թամրազյա՛ն ջան:

– Ինձ հիմարի տեղ եք դրե՞լ,- գոռաց Թամրազյանը:

– Էդ ի՞նչ ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- կմկմաց Նորան.- քեզ ո՞վ կարա հիմարի տեղ դնի:

– Դո՛ւք,- գոռաց Թամրազյանը:- Էդ Սամսոն կոչեցյալին ասա՝ թող գա՛:

– Ի՞նչ Սամսոն,- զարմացավ Նորան.- Սամսոնը նոր ա՞ գնացել:

– Ո՞ւր է գնացել,- զարմացավ Թամրազյանը:

– Եսի՞մ,- կմկմաց Նորան.- զանգեցին՝ գնաց:

– Ո՞վ զանգեց,- Թամրազյանը կարմրել ու կատաղությունից դողում էր:

– Ես ի՞նչ իմանամ, Թամրազյա՛ն ջան,- կմկմաց Նորան.- ինքը ինձ չի ասում՝ ուր ա գնում. ինչքան չըլնի՝ դիրեկտորն ի՛նքն ա, ո՛չ թե՝ ես:

– Էնքան շնորհք չունի՞, որ գնալուց առաջ գոնե հաջողություն ասի,- ասաց Թամրազյանը:

– Ես ի՞նչ մեղք ունեմ, Թամրազյա՛ն ջան,- կմկմաց Նորան:- Ինչքան հասկանում եմ՝ էլի ե՛ս եմ վատամարդ ու մեղավոր դուս գալու:

– Դու էնքանո՛վ ես մեղավոր, որ փոխանակ էս թվերը մեծացնես, ավելի՛ ես փոքրացնում,- թուղթը Նորային մեկնելով՝ ասաց Թամրազյանը:- Տար՝ նորմալ հաշիվ բեր:

– Նորմալ հաշիվը ո՞րն ա, Թամրազյա՛ն ջան,- շիվարեց Նորան:

– Էս թվերը ոչ թե պակասեցրու, այլ ավելացրու. հասկացա՞ր,- գոռաց Թամրազյանը:

– Հասկացա, պրոֆեսո՛ր ջան,- կմկմաց Նորան ու թուղթը վերցնելով՝ գնաց խոհանոցի կողմը:

– Էս մարդիկ մեզ լրիվ ձեռ են առնում,- ասաց Թամրազյանը:

– Իրե՛նց են ձեռ առնում,- ասաց Լիզան.- եթե մե՛զ ձեռ առնեին՝ մի բան էլ ավել կհաշվեին:

– Նույն բանն է,- ասաց Թամրազյանը:

– Առաջին դեպքը չի, չէ՞,- հարցրեց Լիզան:

– Ի՞նչ առաջին դեպք. էս Սամսոն կոչեցյալն ամեն անգամ մի նոր ֆոկուս է հնարում,- գոռաց Թամրազյանը:

– Ուրեմն՝ այլեւս այստեղ չպիտի՛ ոտք դնեք,- ասաց Լիզան:

– Սա վերջին անգամը կլինի,- ասաց Թամրազյանը:

– Էս ամենի մեջ ոչ մի վատ բան չկա,- ասացի ես.- իրենց արածն ընդամենը հարգանքի նշան է:

– Ի՞նչն է հարգանքի նշան,- զարմացավ Թամրազյանը:

– Դուք եք, չէ՞, իր աղջկան ինստիտուտ ընդունել,- ասացի ես:

– Համալսարա՛ն,- ճշտեց Թամրազյանը:

– Հա,- ասացի ես:- Դուք իր աղջկան համալսարան եք ընդունել, ինքն էլ էս ձեւով, փաստորեն, ձեր արած լավությանն է պատասխանում:

– Հասկացանք,- ասաց Թամրազյանը,- բայց մինչեւ ե՞րբ. մինչեւ ե՞րբ պիտի լավությանս պատասխանի:

– Փաստորեն, ինքը ձեր արած լավությանը պատասխանելու ուրիշ ձեւ չունի,- ասացի ես:

– Եթե դո՛ւ իմ տեղը լինեիր՝ ի՞նչ կանեիր,- ինձ հարցրեց Թամրազյանը:

– Ինքը ո՞նց ձեր տեղը կլիներ, ընկե՛ր Թամրազյան,- ծիծաղեց Լիզան.- ինքը նույնիսկ չգիտեր, որ «Էստոնական երգը» Տերյանն է գրել:

– Չգիտեինք՝ իմացանք,- ասացի ես:- Ձեռ առնելու թեմա ե՞ս գտել:

– Սո՛ւս,- ցուցամատը շրթունքներին դրեց Լիզան.- Նորա՛ն է գալիս:

Նորան եկավ, արցունքակալած աչքերը հառեց Թամրազյանին, թուղթը դրեց նրա առաջ եւ ասաց.

– Որ սպանես էլ՝ սրանից ավել չեմ գրի, Թամրազյա՛ն ջան:

– Ինչքա՞ն ես գրել,- հարցրեց Թամրազյանը:

– Տասնչորս ռուբլի յոթանասուն կոպեկ,- աղերսանքով լի աչքերը Թամրազյանի վրա չռեց Նորան:

– Էլ բարձրանալու տեղ չունե՞ս,- ժպտաց Թամրազյանը:

– Որ սպանես էլ՝ մի կոպեկ չե՛մ ավելացնի,- ասաց Նորան:- Ախր մի քիչ էլ ի՛մ վիճակի մեջ պիտի մտնես, պրոֆեսո՛ր ջան. ես հո ձեր ձեռը կրակը չե՞մ ընկել:

– Հասկանում եմ, Նորա՛ ջան,- գրպանից հարյուրանոցը հանելով՝ ասաց Թամրազյանը:

– Էս մանր չկա՞,- զարմացավ Նորան:

– Մանր կա, բայց ուզում եմ էս հարյուրանոցից ազատվեմ,- ասաց Թամրազյանը:

– Դժվար բան ես ասում, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան.- էսօր սաղ օրը վայ թե հարուր մանեթի առեւտուր չենք արել:

– Եթե մեր սեղանի հաշիվը նորմալ հաշվեիր, արդեն ահագին առեւտուր արած կլինեիք,- ասաց Թամրազյանը:

– Էդ խոսակցությունն արդեն փակել ենք, Թամրազյա՛ն ջան,- ժպտաց Նորան:

– Էդ խոսակցությունը դեռ չենք էլ բացել,- ասաց Թամրազյանը.- էդ խոսակցությունը Սամսոնի հետ դեռ նոր եմ բացելու:

– Ձեր գործն ա,- ասաց Նորան.- ես չեմ կարա շեֆիս խոսքից դուս գամ:

– Բայց գոնե կարո՞ղ ես էս հարյուրանոցից ինձ ազատել,- ասաց Թամրազյանը:

– Ի՞նչ իմաստով,- վախեցավ Նորան:

– Շատ պարզ իմաստով,- ասաց Թամրազյանը.- պիտի էս հարյուրանոցից մեր սեղանի հաշիվն ստանաս ու մնացած գումարը վերադարձնես մեզ. մեծ բան ե՞մ խնդրում:

– Էս հյուրանոցի ադմինիստրատորին կխնդրեմ՝ կմանրի,- հանգստացած շունչ քաշեց Նորան:

– Հա,- ասաց Թամրազյանը.- ուզում եմ էս հարյուրանոցից ազատվեմ:

– Բարդ բան չկա, Թամրազյա՛ն ջան. հես ա կազատվես,- ասաց Նորան ու Թամրազյանից հարյուրանոցը վերցնելով՝ դուրս եկավ սրահից:

– Վեր ե՞նք կենում, ընկե՛ր Թամրազյան,- հարցրեց Լիզան:

– Ի՞նչ իմաստով,- զարմացավ Թամրազյանը:

– Տուն չենք գնո՞ւմ,- հարցրեց Լիզան:

– Ո՞ւմ տուն,- զարմացավ Թամրազյանը:

– Ամեն մեկս իր տուն,- ասաց Լիզան:

– Տանը սպասող ունե՞ս,- հարցրեց Թամրազյանը:

– Քույրս,- ասաց Լիզան:

– Շատ անհամբեր է՞ սպասում,- հարցրեց Թամրազյանը:

– Սովորական,- ասաց Լիզան:

– Դե ուրեմն՝ տեղդ հանգիստ նստիր,- ժամացույցին նայելով՝ ասաց Թամրազյանը.- դեռ տասն է. քե՛ֆ ենք անելու:

– Բա մինչեւ հիմա ի՞նչ էինք անում,- զարմացավ Լիզան:

– Հետս չես պարի՞,- Լիզային հարցրեց Թամրազյանը:

– Եթե շատ է պետք՝ կպարեմ,- ժպտաց Լիզան:

– Շա՜տ է պետք,- ժպտաց Թամրազյանն ու ինձ նայելով՝ ավելացրեց.- Արմենին է՛լ ենք պարացնելու:

– Պարելուց լավ չեմ, ընկե՛ր Թամրազյան,- ասացի ես:

– Բա ինչի՞ց ես լավ,- հարցրեց Թամրազյանը:

– Պոեզիայի՛ց,- ասաց Լիզան.- Տերյանի պոեզիան հինգ մատի պես գիտի, չհաշված՝ «Երեքնուկը»:

– Մենք է՛լ Խանամիրյան Վանուշը չենք, Արմե՛ն ջան,- ասաց Թամրազյանը.- Լիզան կպարի՝ մենք էլ կողքից տոն կտանք:

– Աչքի՛ս վրա,- ասաց Լիզան.- վաղուց պարելու առիթ չէր եղել:

– Քեֆ ենք անելու,- ասաց Թամրազյանը:

– Վաղուց քեֆ չեմ արել,- ափերը շփելով՝ ասաց Լիզան:

– Չես շտապում, չէ՞,- ինձ հարցրեց Թամրազյանը:

– Չէ,- ասացի ես.- ես է՛լ սպասող չունեմ:

– Դե լավ է,- ասաց Թամրազյանը:- Սամսոնն ամեն ինչ արեց, որ մեր երեկոն փչացնի, բայց իր ջգրու քեֆ ենք անելու: Դեմ չես, չէ՞, Արմեն ջան:

– Ոչ թե դեմ չեմ, այլ՝ միանգամայն կողմ եմ,- ասացի ես:

– Էսօր Արմենին փրկեցիք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Ի՞նչ իմաստով,- հարցրեց Թամրազյանը:

– Ինքը խոստացել էր, որ էսօր ինձ ռեստորան կտանի, բայց չտարավ: Ամբողջ կյանքում երեսով էի տալու,- ասաց Լիզան:

– Հետաքրքիր է,- ասաց Թամրազյանը.- ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ եք, բայց արդեն ամբողջ կյանքի համար պլաններ ես մշակում:

Լիզայի կարմիր թշերն ավելի՛ կարմրեցին, եւ իր բախտից՝ հենց էդ պահին հայտնվեց Նորան:

– Հը՞, փողը մանրեցի՞ր,- Նորային տեսնելով՝ հարցրեց Թամրազյանը:

– Աչքն էլ չհանեցի՞,- փողերը Թամրազյանի առաջ դնելով՝ ասաց Նորան:- Էս հյուրանոցի ադմինիստրատորը շատ ուժեղ փող հավաքող ա. հիսունանոցի ու մանավանդ հարուրանոցի համար խելքն իրանը չի. գիտի թե՝ հետը տանելու ա:

– Բա էս ի՞նչ կոպեկներ են,- հարցրեց Թամրազյանը:

– Ութանասունհինգ մանեթ, երեսուն կոպեկ,- ասաց Նորան.- ձեր հաշիվն արդեն մեջից հանել եմ:

– Էս կոպեկները վերցրու, թե չէ՝ կշպրտեմ,- կարմրեց Թամրազյանը.- էս էրեխեքի մո ինձ ձեռ ե՞ս առնում:

– Գիտեմ՝ վերջը ե՛ս եմ վատամարդ դուս գալու,- կոպեկները սեղանից հավաքելով՝ կմկմաց Նորան:

– Էս հինգանոցն է՛լ վերցրու,- տասանոցների վրայի հինգանոցը Նորային մեկնեց Թամրազյանը:

– Որ սպանես էլ՝ չե՛մ վերցնի,- ասաց Նորան.- Սամսոնն ասեց՝ չըլնեմ-չիմանամ՝ Թամրազյանենց հաշիվը տասնհինգ մանեթից անցնի:

– Էս հինգանոցը Սամսոնի հաշիվների հետ ոչ մի կապ չունի,- ասաց Թամրազյանը.- էս հինգը քո՛ բաժինն է:

– Ի՞նչ բաժին, պրոֆեսո՛ր ջան,- սրտնեղեց Նորան.- ես, ճիշտ ա, Սամսոն չեմ, բայց ես էլ ի՛մ գյորա եմ թասիբի տեր:

– Ի՞նչ թասիբ,- ասաց Թամրազյանը:

– Մենակ էդ էր պակաս, որ Պարույրի ախպերներից է՛լ չայեվոյ վեկալեմ,- ասաց Նորան ու ավելացրեց.- վիրավորում ես, Թամրազյան ջան: Հասկանում եմ, որ չես հասկանում, բայց, փաստորեն, վիրավորում ես:

– Դե լավ, չե՛մ ստիպում,- ասաց Թամրազյանը:- Գոնե հետներս սեղան կնստե՞ս:

– Աշխատանքի մեջ եմ, Թամրազյա՛ն ջան,- հանգստացած շունչ քաշեց Նորան.- հենց որ ազատ մոմենտ ունեցա՝ կերեւամ:

– Մենք կարո՞ղ ենք մեր քեֆը շարունակել, թե՞ արդեն վռնդում եք,- Նորային հարցրեց Թամրազյանը:

– Մինչեւ ժամը մեկը կարաք արխային նստեք,- ասաց Նորան.- էդ էր պակաս, որ ձեր խաթրին կպնող ըլնի: Խորովածին ձեռ է՛լ չեք տվել. ուզո՞ւմ եք՝ տանեմ տաքացնեմ՝ բերեմ:

– Չէ,- Նորայի բաժակը լցնելով՝ ասաց Թամրազյանը.- ուզում ենք, որ մեզ հետ մի բաժակ խմես: Մի վայրկյան նստի՛ր. գործդ չփախավ:

Նորան նստեց իմ կողքի ազատ աթոռին, եւ Թամրազյանն իր առաջ թափթփված տասանոցներից մեկը վերցրեց, մոտեցավ նվագախմբին, երգչի ականջին ինչ-որ բան ասաց, հետո տասանոցը զոռով մտցրեց երգչի գրպանը եւ երբ վերադարձավ, «Երեքնուկը» վերստին սկսված էր:

– Մի հատ իրար հետ պիտի պարենք,- Նորային ասաց Թամրազյանը:

– Աշխատանքի մեջ եմ, Թամրազյան ջան,- ասաց Նորան:

– Կամ իրար հետ պարում ենք, կամ էլ՝ մենք գնում ենք,- ասաց Թամրազյանը:

– Մի հատից ավել չենք պարում,- տեղից վեր կենալով՝ ասաց Նորան:

– Ուզում ես՝ կես հատ պարենք,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանը:

– Էս մեր աշխատողները Սամսոնին խաբար կտան, բայց իրանց հերն է՛լ անիծած,- Թամրազյանին թեւանցուկ անելով՝ ասաց Նորան:

Հասկանալի էր, որ «Երեքնուկի» տակ տանգո էին պարելու, եւ երբ սկսեցին պարել, Թամրազյանի ծուռմռտիկ քայլերից հասկացա, որ քեֆն արդեն լավ է:

Դուդուկը ծորա՜ց, ծորա՜ց, մի պահ դադար տվեց, ու Նորոն սկսեց. «Ա՜խ, ես գիտեմ, չէի՜ր սիրում, հիմա գիտեմ ես անկասկած, վազվզում էինք մենք սեզերում, խոտերի մեջ խոնավ ու թաց»:

– Մենք էլ չպարե՞նք,- հանկարծակի ինձ ժպտաց Լիզան:

– Պարե՛նք,- ուրախացա ես:

– Դե շուտ վեր կաց՝ քանի երգը չի պրծել,- ասաց Լիզան:

Ես տեղիցս վեր կացա եւ երբ ուզում էի Լիզային թեւանցուկ անել, ի՛նքը թեւս մտավ ու ինձ թեւանցուկ արած՝ առաջնորդեց պարատեղ:

– Եթե ես քեզ չհրավիրեի, դու ինձ չէիր հրավիրի, չէ՞,- հարցրեց Լիզան:

– Արդեն ուզում էի հրավիրեմ, բայց դու ինձնից առաջ ընկար,- ասացի ես:

– Մինչեւ հրավիրեիր՝ երգը կպրծներ,- ծիծաղեց Լիզան:

– Ինչքան հասկանում եմ՝ էս երգը չի պրծնելու,- Լիզայի պարարտ մեջքը գրկելով՝ ասացի ես:

– Իսկ ինձ թվում է՝ այս օ՛րը չի պրծնելու,- ասաց Լիզան:

– Պետք էլ չի, որ պրծնի,- ասացի ես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930