Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակ քայլերի կոչ՝ նախարարին

Հունիս 13,2006 00:00

Մարտ ամսին ԱԺ ներկայացված «Թատրոնի
մասին» օրենքի նախագիծը կառավարությունը հետ է վերցրել լրամշակումների եւ փոփոխությունների
համար: «Առավոտը» քանիցս անդրադարձել է թատրոնի դարդուցավին: Ժամանակին մեզ
տված հարցազրույցներում թատերարվեստի գործիչները կտրուկ դեմ էին այս ոլորտում օրենքներ
մշակելու ու հաստատելու գործընթացին: Նրանց խոսքերով, պետությունը թող հատկացնի բավարար
չափով ֆինանս ու պահանջի բարձրարվեստ ներկայացումներ: «Առավոտը» հարցումներ
անցկացրեց մի քանի թատերական օջախների ղեկավարների, դերասանների ու թատերագետների
շրջանում: Միաբերան վերջիններս խնդրեցին չհրապարակել իրենց անունները, թեպետ շեշտեցին,
որ մշակույթի նորանշանակ նախարարի ուշադրության կենտրոնում է գտնվում թատերարվեստը:
Մեզ հետ զրուցած արվեստագետները տեղեկացրին, որ այսօր խոսել հայաստանյան մշակութային
կյանքի մասին, մեղմ ասած՝ աբսուրդ է: Իսկ երեւանյան մշակութային, կոնկրետ՝ թատերական
կյանք, իհարկե, կա: Չխոսելով բեմադրված ներկայացումների որակի մասին, նրանք փաստեցին,
որ այսօր երեւանյան թատրոնների խաղացանկը համալրվել է ներկայացումներով: Բայց խոսել,
թե ներկայացումներն անցնում են լեփ լեցուն դահլիճներում, իրատեսական չէ: Պատճառը
հետեւյալն է. Երեւան քաղաքում գործող մշակութային օջախներից Տիկնիկային թատրոնն ունի
300 տեղանոց հանդիսասրահ (թվարկված հանդիսասրահների տեղերը մոտավոր են), Ստանիսլավսկու
թատրոնը՝ ավելի քան 650, Երաժշտական կամերայինը՝ 150, Սունդուկյանի թատրոնը՝ 950,
Օպերայինը՝ 1070, Փոսի թատրոնը, որ գործում է Գրողների միությունում՝ 300, Դրամատիկականը՝
300, Խամաճիկներինը՝ 100, Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը՝ 700, Կամերային թատրոնը՝
300 եւ այլն: Թվարկածին գումարենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունն
ունի 300 տեղ, «Ա. Խաչատրյան» համերգասրահը՝ 1400, Կրկեսը՝ 1550, «Նաիրի» կինոթատրոնը՝
400, «Մոսկվան»՝ 500 եւ այլն: Մաթեմատիկական գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու
համար, որ մեկուկես միլիոն ազգաբնակչություն ունեցող Երեւանում բացառվում է, որ թատրոններում,
անգամ մեծ աղմուկ հանած ներկայացումների ժամանակ, լինի անշլագ: Չմոռանանք,
որ այսօրվա հանդիսատեսը նախընտրում է շոուները: Եվ եթե ասվածին հավելենք այն, որ
Երեւանում կան սոցիալապես անապահով ընտանիքներ, տեղաշարժվելու խնդիրներ ունեցողներ,
որոնց համար մշակութային օջախներն առայժմ հասանելի չեն, ապա ստացվում է, ըստ մեր
զրուցակիցների, 27 պետական թատրոնը շռայլություն է: Զրուցակիցներից ոմանք դաժան էին
իրենց արտահայտություններում, օրինակ, «ի՞նչ է անում Փոսի թատրոնը կամ Երաժշտական
կամերայինը, որտեղ եղած տեխնիկան միջնադարի մակարդակի է, իսկ Մնջախաղի թատրոնն էլ
տուն չունի…»: Մեր հետաքրքրությանը՝ ի՞նչ եք առաջարկում, իսկ ինչո՞ւ նախարարի
մոտ չեք արտահայտվում (վերջին ինչուն մնաց անպատասխան- Ս. Դ.), թատերարվեստի գործիչները
նախ նշեցին, որ նախարարը պետք է դիմի համարձակ քայլերի. առաջինը՝ կրճատի թատրոնների
թիվը, որից հետո ներկայացրին մի քանի պահանջ. հոգ տանել գյուղական հանդիսատեսի մասին,
անկախ նրանից՝ տվյալ գյուղը բեմ ունի՞, թե՝ ոչ, պետական բյուջեով նախատեսել հանրապետության
թատրոնների փոխայցելություններ՝ մարզեր, գոնե տարին մեկ անգամ պետական հովանավորությամբ՝
արտերկրյա հյուրախաղեր, ճիշտ գովազդային քաղաքականություն՝ պետական լրատվամիջոցներով,
վերականգնել գեղարվեստական խորհուրդները, որոնց կազմում ընդգրկված լինեն տարբեր մշակութային
օջախներից ղեկավարներ եւ այլն, եւ, որ ամենասարսափելին է, ազատավել ՊՈԱԿ-ի օրենքի
այն կետից, ըստ որի տնօրենն իրավունք ունի գեղարվեստական ղեկավարին աշխատանքից ազատել:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել