Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԼԱՎԱՆՈՒՄ Է»

Հունիս 14,2006 00:00

Վստահեցնում
է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը նաեւ պնդում է, թե դոլարը շարունակելու
է «լողալ»: ԱՄՆ դոլարի կուրսին անդրադարձ է արվել անգամ ԱԺ նախագահ Տիգրան
Թորոսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանում մշտական ներկայացուցիչ
Ջեյմս Մաքհյուի երեկ կայացած հանդիպման ընթացքում: Եվ թերեւս բնական էր, որ Կենտրոնական
բանկի 2005-ի հաշվետվության քննարկումն էլ երեկ պիտի վերաճեր դոլարի փոխարժեքի անկման
շուրջ բանավեճերի: Ասենք, հակադարձելով պնդումներին, թե դոլարի նկատմամբ ազգային
արժույթների արժեւորումը համաշխարհային գործընթաց է՝ Հմայակ Հովհաննիսյանը հարց ուղղեց
զեկուցողներին. «Դուք իսկապե՞ս հավատում եք, որ երբ Պոտոմակի ափերին փռշտում են՝
մենք դատապարտված ենք հիվանդանալու»: Նա հայտարարեց, թե «Կենտրոնական բանկը դարձել
է թիվ 1 շուլերը՝ խաղեր է տալիս արժութային շուկայում»: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս մեղադրանքը՝ ասաց. «Կոռեկտ չի ԿԲ-ին ներքաշել
քաղաքական հարթություն եւ սկսել քաղաքական բանավեճ։ ԿԲ-ն տալիս է մասնագիտական պատասխաններ,
շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար մեկնաբանում ստեղծված իրավիճակը, իսկ քաղաքական
հարթության մեջ հայտնվելուց մենք խուսափում ենք»։ Սակայն այսուհանդերձ ներքաշվեց
քաղաքական բանավեճի մեջ՝ պատասխանելով «Արդարություն» խմբակցության քարտուղարին:
Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում հարցրել էր, թե ինչպե՞ս է, որ վնասով աշխատող կառույցը՝
ԿԲ-ն, նման թանկ ավտոմեքենաներ ունի, միջին աշխատավարձերը 274 հազար դրամ են, եւ
անգամ հավաքարարներն ավելի բարձր են վարձատրվում, քան ԱԺ պատգամավորները: Տիգրան
Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ԿԲ հավաքարարների աշխատավարձը
շատ ավելի ցածր է, քան պատգամավորներինը։ Սակայն հավելեց. «Եթե ցանկություն ունեն՝
կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի»։ Նաեւ հայտնեց, որ ԿԲ մեքենաների քանակը 1994-ից
չի փոխվել, իսկ 3 տարի առաջ ձեռք են բերել ընդամենը մեկ թանկարժեք մեքենա, որը «հիմնականում
իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ»։ Ե՛վ լրագրողների, ե՛ւ պատգամավորների
առջեւ Տիգրան Սարգսյանը խոստացավ. «Դոլարի փոխարժեքի վերաբերյալ ԿԲ քաղաքականությունը
մնալու է անփոփոխ. դա արձանագրված է մեր բոլոր միջազգային պարտավորություններում:
Այս քաղաքականությունը ստացել է չափազանց դրական գնահատական միջազգային արժութային
հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից, ինչպես նաեւ՝ միջազգային գնահատող կազմակերպությունների
կողմից»: Ըստ նրա, այդ կառույցները գնահատում են, որ ԿԲ-ն վարում է «գրագետ մակրոտնտեսական
քաղաքականություն, հավատարիմ ենք լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Եվ այդ քաղաքականությունը
շարունակվելու է»։ Թղթակցի դիտարկմանը, թե դրանից ժողովրդի վիճակը չի լավանում՝ Տիգրան
Սարգսյանը հակադարձեց. «Ժողովրդի վիճակը լավանում է Հայաստանի Հանրապետությունում,
եւ դա չի կարելի չնկատել։ Եվ դա նկատում են նաեւ միջազգային կառույցները, որովհետեւ
վերջին 3 տարվա ընթացքում աղքատության կրճատման հստակ միտումներ են արձանագրված Հայաստանի
Հանրապետությունում»։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներին հակադարձ
համեմատական էին այն որակումները, որոնք երեկ ընդդիմադիրները հնչեցրին ԿԲ քաղաքականության
վերաբերյալ ե՛ւ այս քննարկման ընթացքում, ե՛ւ հետո՝ հայտարարությունների ժամին: «Օրինաց
երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն, ասենք, տարօրինակ համարեց այն հանգամանքը,
որ Հայաստանում դրամն արժեւորվում է ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի նկատմամբ, ինչը չի համապատասխանում
միջազգային միտումներին: Նաեւ հայտարարեց, թե մեր քաղաքացիների զգալի մասն իր հանապազօրյա
հացն ապահովում է արտասահմանից ստացված տրանսֆերտների հաշվին. «Հարազատները ծանր
աշխատանքով մի քանի կոպեկ են ուղարկում, եւ այսօր դրամի արժեւորմամբ մենք փաստորեն
մտնում ենք նրանց գրպանը»: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ դրամի արժեւորումը բերում է նաեւ
արտահանման ծավալների նվազեցման, եւ այսօր ներմուծումը 50%-ով ավելի է, քան արտահանումը:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը վկայակոչեց տնտեսագետ
Էդուարդ Աղաջանովի հաշվարկները. «Իշխանությունների կողմից իրականացված դրամ-դոլար
օպերացիայի արդյունքում մեկ ամսվա ընթացքում բնակչությունից կողոպտվել է 26 մլն դոլար»:
Իսկ մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, այդ գումարը կազմել է մոտ $300 մլն: «Ազգային
միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հաշվարկներն ավելին էին՝
դրամի արհեստական արժեւորման արդյունքում հանրապետությունում կատարվել է $460 մլն-ի
կողոպուտ: Ըստ նրա, անցած տարի միայն ներմուծումից ստացված գերշահույթները կազմել
են նվազագույնը $220 մլն, իսկ 16%-ով դրամի արժեւորման պայմաններում բնակչությունը
մասնավոր տրանսֆերտներից ունեցել է $200 մլն-ի կորուստ: Այս ամենին ի պատասխան՝
ԿԲ նախագահն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե չեն ընկրկելու ճնշումների առջեւ.
«Արտարժույթը լինելու է լողացո՛ղ: Եվ այնքան ժամանակ, ինչքան Հայաստանը կլինի դոլարիզացված
երկիր՝ այս խնդիրը մեզ հետապնդելու է: Խնդրի լուծումն այն է, որ վստահենք հայկական
դրամին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. «Ազգային
միաբանություն» խմբակցությունը երեկ նախաձեռնեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք,
որի օրակարգում «2005-2006-ին դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով տեղական
արտադրողներին եւ ազգաբնակչությանը պատճառված վնասներն» ուսումնասիրող ժամանակավոր
հանձնաժողով ստեղծելու հարցն է: Մինչեւ օրվա ավարտը ձեւաթղթի տակ ստորագրեցին 21
ընդդիմադիր պատգամավորներ «Ազգային միաբանություն», «Արդարություն», «Օրինաց երկիր»
խմբակցություններից եւ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը
հրաժարվեցին ստորագրել, իսկ «Ժողպատգամավորը» դեռ չի պատասխանել: Արտահերթ նիստ հրավիրելու
համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել