Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՇՎԻ ՉԵՆՔ ԱՌՆՈՒՄ, ՈՐ ՄԵԶ ԼՍՈՒՄ ԵՎ
ՏԵՍՆՈՒՄ ԵՆ»

Հունիս 15,2006 00:00

ԱԺ ղեկավարությունը
երեկ էլ սա հիշեցրեց պատգամավորներին, սակայն նրանք շարունակում են հաշվի չառնել
դա Երեկ թերթերից մեկում հրապարակվել էր «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանի առաջարկը. «Ամեն կիրակի ժամը ուղիղ 9-ին պոլիտեխնիկ ինստիտուտի
դահլիճում ես ֆուտբոլ եմ խաղում: Ովքեր ուզում են ինձ մայկա-տրուսիկով տեսնել կամ
լսել, թե հայհոյախառն ի՞նչ բառեր եմ օգտագործում, երբ «կրվում» ենք՝ կարող են գալ
ու «բալետ» անել»: Չարժեր հասնել պոլիտեխնիկ ինստիտուտի դահլիճ, քանզի երեկ սովորաբար
զուսպ Վիկտոր Դալլաքյանը հայհոյեց ԱԺ նիստերի դահլիճում: Կանանց ներկայությունը չզսպեց
նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանին, որը եւս հայհոյանքներ շաղ տվեց:
Երկուսի թիրախն էլ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն էր: Վերջինս նախօրեին արձագանքելով
պրն Դալլաքյանի պնդմանը, թե ԿԲ հավաքարարներն ավելի բարձր են վարձատրվում, քան ԱԺ
պատգամավորները՝ լրագրողներին տեղեկացրել էր, թե ԿԲ հավաքարարների աշխատավարձը շատ
ավելի ցածր է, քան պատգամավորներինը եւ հավելել. «Եթե ցանկություն ունեն՝ կարող են
գալ եւ ընդունվել աշխատանքի»։ Ճիշտ է, հետո, երբ մանրամասնել էր, թե ինչ կարգով են
(հատուկ դասընթացներ, ատեստացիա եւ այլն) ԿԲ-ում ընդունվում աշխատանքի եւ լրագրողը
հետաքրքրվել էր՝ «Նույնիսկ հավաքարարնե՞րն են այդպես ընդունվում աշխատանքի», Տիգրան
Սարգսյանը շտկել էր վրիպումը. «Ո՛չ, հավաքարարներին չի վերաբերում։ Բայց կարծում
եմ՝ պատգամավորները չեն հավակնելու զբաղեցնել հավաքարարի պաշտոն»։ Ահա եւ
օրվա սկզբում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե ԿԲ նախագահը հրապարակայնորեն վիրավորել
է ԱԺ պատգամավորներին. «Կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է իր գնահատականը տա այդ հանգամանքին:
Եվ պահանջում եմ՝ եթե դահլիճում իրոք իրենց հարգող մարդիկ են նստած՝ ԿԲ նախագահը
պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի»: Համլետ Հարությունյանը նշեց, թե դիտել
է ԿԲ նախագահի խոսքի տեսագրությունը. «Տղամարդկային արժանապատվության վիրավորվածություն
զգացի մեկի կողմից, որն ինքն անձամբ երբեք չի կարող ինձ վիրավորել, եթե օժտված չլինի
պաշտպանների հզոր ցանցով, որն ինքն ունի»: Դրանից հետո հնչած սեռական հայհոյանքներն
առավել տարածելու ցանկություն չունենք: Արձագանքելով տեղի ունեցածին՝ ԱԺ նախագահ
Տիգրան Թորոսյանը հարցրեց, թե արդյոք ԱԺ-ում օգտագործվող արտահայտությունները համապատասխանո՞ւմ
են «պատգամավորի բարձր կարգավիճակին: Եվ եթե մենք միմյանց նվաստացնում ենք, վիրավորական
արտահայտություններ թույլ տալիս, ո՞րն է մեր բարոյական իրավունքն ուրիշներից հարգալից
վերաբերմունք ակնկալելու»: Համանման գնահատական տվեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը,
որը լրագրողներին ասաց. «Հարկավոր է, որ թե՛ պատգամավորները, թե՛ կառավարության անդամներն
ԱԺ-ում իրենց ավելի զուսպ պահեն, էթիկայի կանոնները պահպանեն»: Ավելի ուշ
ԱԺ եկած Տիգրան Սարգսյանը լրագրողներին հայտնեց, թե նպատակ չի ունեցել որեւէ մեկին
վիրավորելու: Դահլիճ մտնելուն պես նա մոտեցավ Վիկտոր Դալլաքյանին, սեղմեց նրա ձեռքը
եւ բավական երկար բարեկամաբար զրուցեցին: «Մենք իրար հասկացանք»,- «Առավոտին» ասաց
Վիկտոր Դալլաքյանը: Սակայն այս միջադեպը խորհրդարանում միակ բախումը չէր:
Մի առիթն էլ դարձավ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին»
օրինագիծը: Նախօրեին պատասխանելով Արշակ Սադոյանի հարցին, թե կարելի՞ է ԱԺ հեղինակությունն
այդ աստիճանի նսեմացնել, որ մերժված տեքստն առանց բառ իսկ փոխելու նորից բերվի ԱԺ՝
օրինագծի հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասել էր,
թե նսեմացնելու խնդիր չի տեսնում, ուղղակի թերեւս կառավարությունը հույս ունի, որ
այն պատգամավորները, որոնք չէին հասկացել այս օրինագծի իմաստը՝ հիմա կհասկանան եւ
կողմ կքվեարկեն: Այս պատասխանից վրդովվել էր ՕԵԿ խմբակցության անդամ Վռամ Գյուլզադյանը,
որը երեկ էլ Գագիկ Մելիքյանին հարց տվեց. «Իմ ընկալմամբ, ձեզ թույլ տվեցիք վիրավորել
75-ից ավելի այն պատգամավորներին, որոնք նախորդ անգամ չեն մասնակցել այս օրենքի նախագծի
քվեարկությանը: Լեզվի սայթաքո՞ւմ էր, թե՞ մտածված խոսք»: ՀՀԿ խմբակցության անդամը
պատասխանեց. «Լեզվի սայթաքում չի եղել. լրիվ ճիշտ եք ընկալել»: Այդ ժամանակ Վռամ
Գյուլզադյանն ասաց. «Այդ 75 հոգուն շարք կանգնեցնեն՝ ըստ հասկացողության գործակցի,
դուք կարող է լինեք 77-րդը»: Բարեբախտաբար, Գագիկ Մելիքյանը բավարարվեց միայն «Ձեզ
թվում է» պատասխանով: «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման
մասին» օրինագիծը թերեւս այսօր վերջապես 2-3-րդ փորձից ընդունվի արտահերթ նստաշրջանում:
Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք այն արդեն իսկ որակել են «Մարքրիտի դերում հայտնված
օրենք. չենք ուզում՝ բերում եք»: Մանավանդ ՕԵԿ անդամները պնդում էին, թե պարտադրելով
հրատապ կերպով կրկին քննարկել արդեն իսկ մերժված այս օրինագիծը՝ կառավարությունն
ուզում է ապացուցել, թե ինչպես ասի՝ այդպես է լինելու. «Մենք ասողն ենք, դուք՝ դակողը»,
եւ ԱԺ-ն վերածվել է կցորդի: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթ
ունեցավ եւ հիշեցրեց, որ այս նախագիծը 2004-ին առաջին ընթերցմամբ ընդունվելիս ՕԵԿ-ից
միայն Գագիկ Ավետյանը չէր քվեարկել «կողմ»: Բացի այդ՝ անցած 1,5 տարվա ընթացքում
նախագծի վերաբերյալ ՕԵԿ-ն արել է միայն 2 առաջարկ, որոնք երկուսն էլ ընդունվել են:
Իսկ օրենքի դեմ այժմ «խաչակրաց արշավանք» սկսածներին ԱԺ նախագահը հարցրեց. «Անհրաժե՞շտ
է, որ ՀՀ քաղաքացիները, որոնց եկամուտները ավելին են ամսական $1200-ին համարժեք դրամից,
ներկայացնեն հայտարարագրեր: Եթե որեւէ մեկը սրան դեմ է, թող ասի՝ դե՛մ եմ, որ հարուստ
մարդիկ ներկայացնեն հայտարարագրեր, որովհետեւ Հայաստանում $1200-ին համարժեք դրամ
կարող են ունենալ միայն հարուստ մարդիկ»: Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ գնահատականները, թե մերժված օրինագծերը նորից
ներկայացնելով՝ կառավարությունն ԱԺ-ն վերածել է դակիչ մարմնի՝ ասաց. «Գործադիրը երբեք
օրենսդիրին դակիչի տեղ չի դրել. կառավարությունն իր մոտեցումներն ունի եւ փորձում
է այդ մոտեցումները ներկայացնել ԱԺ-ին եւ համոզել, որ մենք ճիշտ ենք: Մենք ոչ թե
ստիպում ենք, այլ փորձում բանակցությունների միջոցով պաշտպանել մեր դիրքորոշումները»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930