Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ՝ ԻՆՉ ԵՄ ԱՐԵԼ»

Հունիս 23,2006 00:00

Նոր
Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի այս պնդմանը չի հավատում նրա զոհը դարձած
Արզնիի էլեկտրացանցի նախկին տնօրեն Աշոտ Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ,
փաստաբան Աշոտ Սարգսյանը: – Նոր Հաճընի նախկին քաղաքապետը դատարանում
հրաժարվեց սպանության վերաբերյալ իր նախաքննական ցուցմունքներից: Ի՞նչ մարտավարություն
է ընտրել ամբաստանյալը: – Ցուցմունքներից հրաժարվելն այնքան էր ինձ համար
անհասկանալի, որքան իր պաշտպանի համար: Երբ Արմեն Քեշիշյանը հայտարարեց, թե հրաժարվում
է նախաքննական ցուցմունքներից՝ իր պաշտպանը հարցրեց, թե «բոլոր ցուցմունքներին ներկա
եմ գտնվել, ո՞ր ցուցմունքներից ես հրաժարվում»: Ինձ համար ակնհայտ է, որ դա ամբաստանյալի
եւ պաշտպանի միջեւ պայմանավորվածության հետեւանք էր, որը բնական է: Խնդիրն այն է,
որ առաջին 2 ցուցմունքներում Արմեն Քեշիշյանը մանրամասն նկարագրել է բոլոր գործողությունները՝
թե ինչպես կրակեց, ոստիկաններն ինչպես բռնեցին իրեն, ինչպես մնացած փամփուշտները
կրակեց օդ: Դրանից հետո, երբ ներգրավվել է պաշտպանը եւ երեւի խորհուրդներ տվել՝ Արմեն
Քեշիշյանի մոտ սկսվել է «հիշողության կորուստ» ու հետագա 3 ցուցմունքներում նա այլեւս
ոչինչ չի հիշել սպանության դրվագի մասին: Օրերս էլ նույնը դատավորին էր փորձում համոզել:
Իմիջիայլոց, առաջին 2 ցուցմունքներն են հիմք հանդիսացել, որ նախաքննություն վարող
մարմինը չի նշանակել դատահոգեբանական փորձաքննություն: Քանի որ Արմեն Քեշիշյանի այդ
մանրամասն նկարագրությամբ ապացուցված է, որ նա գտնվել է շատ սթափ վիճակում, առանց
հոգեկան հուզմունքի: Իսկ այսօր նրանց մարտավարությունը փոխվել է եւ փորձում են դատարանին
համոզել, որ սպանությունը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի պահին, ու կարողանան
խուսափել պատժից: Այսինքն՝ դատապարտվի միայն ՔՕ 105 հոդվածով՝ հոգեկան խիստ հուզմունքի
վիճակում կատարված սպանության համար, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով
ազատազրկմամբ: – Նոր Հաճընի նախկին քաղաքապետի ցուցմունքների մեկ այլ ուղղվածությունն
է, թե Աշոտ Մխիթարյանն իր գործողություններով է մղել իրեն սպանության, քանի որ դեպք
է եղել, երբ սպառնացել է զենքով եւ հարվածել իրեն, հարբած վիճակում ուղղակի անտանելի
է դարձել, իսկ դեպքի օրը հայհոյել է իրեն՝ ծնողների, քրոջ եւ նրա երեխաների ներկայությամբ:
– Դատավարության մասնակիցների դժգոհությունն առաջացրած իմ հարցաքննության
ընթացքում ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ Արմեն Քեշիշյանն Աշոտ Մխիթարյանի ընկե՞րն
էր, թե՞ ոչ: Մեղադրական եզրակացության մեջ է անգամ ներկայացված, թե նրանք մանկության
ընկերներ են եղել, իսկ թշնամությունը սկսվել է 2004թ. ԱԺ լրացուցիչ ընտրություններից
հետո, երբ Մխիթարյանը չի կատարել այս կամ այն թեկնածուին պաշտպանելու վերաբերյալ
պայմանավորվածությունը: Սակայն Արմեն Քեշիշյանի ցուցմունքներով ստացվում է, որ նրանք
երբե՛ք չեն եղել ընկերներ: Նրա բացատրություններից պարզվում է, թե եղել է կալանավորի
վիճակում եւ ստիպված է ընկերություն արել: Ես դա չե՛մ հասկանում: Ընտանիքներով միասին
շրջագայության են գնացել, իսկ հիմա ասում է, թե «այդ շրջագայությունն իմ քթից եկավ,
ես պիտի չգնայի Աշոտի հետ»: Նրա ամբողջ ցուցմունքը կառուցված էր Աշոտ Մխիթարյանին
վարկաբեկելու վրա (բնականաբար, ՔՕ 105 հոդվածը ենթադրում է, թե տուժողը պիտի գործադրած
լինի բռնություն, ծաղրուծանակի ենթարկած լինի, ծանր վիրավորանքներ հասցրած.- Ա. Ի.):
Եվ հարց է առաջանում՝ եթե նա այդ կերպարն է եղել, բա ի՞նչ գործ ունեիր հետը 1996-ից
մինչեւ 2004-ը, երբ ամենամտերիմ ընկերներ էիք: Ու եթե այսօր ես ասում, որ նա զենք
է ունեցել՝ չէ՞ որ քաղաքապետ էիր, ինչո՞ւ ես հանդուրժել, որ ընկերոջդ մոտ լինի ապօրինի
զենք: – Ձեր միջնորդությամբ հունիսի 26-ին անցկացվելու է քննչական փորձարարություն՝
դեպքի հանգամանքների վերաբերյալ: Ո՞րն է նպատակը: – Նպատակը հետեւյալն է.
իմ խորին համոզմամբ, դեպքերը զարգացել են հետեւյալ կերպ. ապօրինի շինարարությունն
ընդամենը պատրվակ էր Արմեն Քեշիշյանի համար, որ կարողանա կատարել Աշոտ Մխիթարյանի
սպանությունն իր համար ամենանպաստավոր ձեւով: Այսինքն՝ լինելով իրավաբան ու շատ լավ
հասկանալով ՔՕ 104 եւ 105 հոդվածների տարբերությունը՝ ստեղծել է մի իրավիճակ, որի
ժամանակ Աշոտ Մխիթարյանն իբր կատարել է անօրինական գործողություններ, վիրավորել ու
հայհոյանքներ տվել, որոնցից էլ ինքն իբր հայտնվել է հոգեճնշող վիճակում ու կատարել
է սպանություն: Բայց իմ խորին համոզմամբ՝ իրականում, երբ մեջտեղ է եկել Նոր Հաճընի
քաղաքապետի ընտրությունների հարցը եւ Արմեն Քեշիշյանը հասկացել է, որ Աշոտ Մխիթարյանի՝
հակառակ ճամբարում լինելը կխանգարի իրեն վերընտրվել քաղաքապետ, արդեն իսկ որոշել
է սպանել նրան: Վերջնական որոշումը կայացրել է սեպտեմբերի 23-ին՝ սպանությունից մի
օր առաջ: Եվ դրա մասին նա նշեց իր ցուցմունքում, թե երբ իմացել է, որ 23-ին Աշոտ
Մխիթարյանը բանվորների մոտ հայհոյել է իրեն եւ իր ծնողներին՝ հորն ասել է. «Թող շաբաթ-կիրակին
անցնի՝ նա դրա համար պատասխան է տալու»: Այսինքն՝ մտադրությունը վերջնականապես ձեւավորվել
է նախորդ օրը: Ակնհայտ է, որ շաբաթ՝ ոչ աշխատանքային օրն ինչ-որ շինարարություն այդպիսի
երեւույթ չէր, որի համար քաղաքապետը ոչ միայն ոստիկաններին ուղարկեր կանխելու, ինչը
լիովին բավարար էր, այլեւ ինքն էլ գնար այնտեղ: Երբ բանվորներն արդեն սկսել են իրենց
գործիքները հավաքել, եւ փաստորեն շինարարության աշխատանքներն ավարտվել են՝ հանկարծ
սկսել է գոռգոռալ նրանց վրա, եւ այդ ձայները լսելով՝ եկել է Աշոտ Մխիթարյանը: Եվ
բնական է, որ պետք է ինչ-որ վերաբերմունք ցուցաբերեր. ականատեսները լսել են ընդամենը
մի արտահայտություն՝ «էս միլիցա՞ ես բերել վրես», որով էլ նպատակին հասել է, ու ատրճանակը
հանելով՝ միանգամից կրակել Աշոտ Մխիթարյանի վրա: Եթե չունենար սպանության մտադրություն՝
օդ կկրակեր կամ ոտքին: Բայց կրակել է ուղի՛ղ սրտին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Աշոտ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ դեմ է լինելու դատահոգեբուժական
փորձաքննության նշանակմանը: Թերեւս այս միջոցով փորձելու են ապացուցել, որ Նոր Հաճընի
քաղաքապետը չէր ստում դատարանում, երբ հայտարարում էր, թե չի հիշում՝ ինչ է արել,
այսինքն՝ գործել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: «Գտնում եմ, որ սա ոչ թե հոգեբանի
եզրակացությամբ պիտի պարզվի, այլ քրգործի տվյալներով է անհրաժեշտ տալ իրավական գնահատական»,-
ասաց փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել