Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ շրջմոլիկները

Հունիս 27,2006 00:00

Դպրոցահասակ, բայց դպրոց չհաճախող երեխաների խնդիրը Հայաստանում մնում է արդիական

Նրանց հաշվառման ու վիճակագրական ճշգրիտ տվյալների մասին նույնիսկ խոսել չարժե, քանի որ նման հաշվառում հանրապետության ողջ բնակչության համար չի իրականացվում: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն մարզում բնակվող «փոքրիկ շրջմոլիկների» համար միջազգային տարբեր կազմակերպություններ փորձում են ինչ-որ ծրագրեր իրականացնել, փնտրում ու գտնում են՝ ում որ կարողանում են, հետո ներկայացնում այն թիվը, որն իրենց հաջողվել է իրականացնել: Հատկապես դժվար խնդիր է հայտնաբերել այն երեխաներին, ովքեր ընդհանրապես դպրոց չեն հաճախել, որովհետեւ դպրոցը լքածների մասին գոնե դասամատյաններում տեղեկություններ կան:

Գյումրիում, օրինակ, դպրոց չգնացող դպրոցահասակների մասին 2002-ին տվյալներ կային, որ նրանց թիվը 5-ն է: Իսկ նույն տարվա սեպտեմբերի մեկին իրականացված կրթական մի ծրագրով հայտնաբերվեցին մի քանի տասնյակ նման երեխաներ, որոնցից 35-ը տեղ գրավեց դպրոցական նստարաններին:

«2003-ին արձանագրեցինք շուրջ 500 ընտանիք, որտեղ ապրում էին ժամանակավորապես դասերը թողած երեխաներ: Բոլորն էլ սոցիալապես անապահով եւ առանց կայուն եկամուտ ունեցող ընտանիքներից էին, շատերն ապրում են տնակներում: Երեխաներից մի քանիսը զբաղվում էին մուրացկանությամբ: Մենք երկար բանակցություններ էինք վարում ընտանիքի ղեկավարի հետ, պարզում սոցիալ-հոգեբանական խնդիրները եւ փորձում մեր ուժերով հարթել դրանք: Իսկ պայմանն այն էր, որ երեխաները պետք է հաճախեն դպրոց: Ամեն ընտանիքի խնդիրը յուրովի տարբեր էր: Մի կին կար, որը սարսափելի ընկճվել էր կյանքի հարվածներից, տնից դուրս չէր գալիս, ոչ մեկին հյուր գալ չէր թողնում: Նրա աղջիկը դասի չէր գնացել: Մեզ հաջողվեց երկուսին էլ դուրս բերել այդ վիճակից: Իսկ ընդհանրապես շատերի համար փորձել ենք գտնել աշխատանք, իսկ դպրոց գնացող երեխային ապահովել ենք հագուստով եւ գրենական պիտույքներով»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց ծրագիրն իրականացնող «Համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության կենտրոն» բարեգործական հ/կ-ի նախագահ Գեղանուշ Գյունաշյանը: Փողոցում կամ մանկատներում հայտնվելու ռիսկային խմբերում ընդգրկված երեխաներն այս կենտրոնում նաեւ սնվում եւ պատրաստում են դասերը:

Իհարկե, սա դեռ հարցի վերջնական լուծում չէ, որովհետեւ նախ՝ նման կենտրոն հանրապետությունում էլ չկա, երկրորդն էլ՝ դեպքից դեպք դրամաշնորհներ կամ օգնություն ստացող կազմակերպություններով խնդիրն ամբողջական լուծում չի ստանա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության որոշմամբ բոլոր մարզպետարաններին կից սկսել է բացել ցերեկային կենտրոններ: Իրենց գործառույթներով դրանք հիշեցնում են խորհրդային տարիներին գործող երկարօրյա դպրոցը. այստեղ երեխաները, ովքեր կցանկանան, կարող են գալ, մեկ անգամ սնվել, դաստիարակների օգնությամբ պատրաստել դասերը, նկարել, խաղեր խաղալ ու երեկոյան գնալ տուն:

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել