Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԱԹՈՌԻՑ»

Հուլիս 01,2006 00:00

Ասում է Հայաստանի
ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ
վստահ է, թե ընդդիմությունն էլ պետք է պատրաստ լինի վերցնել այդ իշխանությունը: –
Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահների հայտարարությունը, թե
իրենք այլեւս լվանում են ձեռքերը՝ Ղարաբաղի հարցի լուծումը թողնելով կողմերին: –
Այդ հայտարարությամբ համանախագահները ցույց տվեցին, որ իրենց համբերության բաժակը
լցված է եւ ԵԱՀԿ-ն այլեւս հույսեր չի կապում Քոչարյան-Ալիեւ բանակցությունների հետ:
Հասկացան, որ այս ճանապարհը սպառված է: Սրանով պարզվեց, որ այս բոլոր տարիների ընթացքում
Քոչարյանը բանակցել է՝ զիջումների գնալու պատրաստ, իսկ Ալիեւը՝ հակառակը: Արդյունքում
ունենք բանակցությունների տապալում, որը հղի է ծանր հետեւանքներով: – Վերջին
շրջանում հնչող որոշ տեսակետներ միջազգային կառույցների կողմից տպավորություն են
ստեղծում, որ Հայաստանը այլեւս ոչ մեկի համար կարեւորություն չի ներկայացնում. եթե
այդպես է, ապա ինչո՞վ են զբաղված երկրի քաղաքական ուժերը: – Ինձ եւս անհանգստացնում
են այն գործընթացները, որ ընթանում են դրսում, բավականին ակտիվ ընթանում է նաեւ նոր
խաղի կանոններով Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը, եւ սա իսկապես նոր մի բան
է, որը չկար 94-ից ի վեր: Եվ ԱՄՆ-ի կողմից բանակցային խաղաքարտերի որոշակի բացումը
երկու բան կարող է նշանակել: Առաջինն այն է, որ հնարավոր է գերտերությունները ուղղակի
հոգնել են, որ երկու երկրների նախագահները ամեն ինչ փակի տակ են պահում: Ակնհայտ
է, որ նախագահների բանակցությունների հետեւանքով ոչ մի տեղաշարժ չի լինում, իսկ ամերիկացիները
որոշել են խաղաքարտերը բացել, որ հարցը քննարկվի հասարակությունների կողմից: Երկրորդը
կարող է լինել այն, որ մինչ այժմ գործող խաղի կանոններով լուծումը չեն տեսնում եւ
այդ պատճառով էլ փոխում են խաղի կանոնները՝ լուծումն ավելի մոտեցնելու նպատակով:
Ամեն դեպքում այս իրավիճակը մեզ համար բոլորովին էլ շահեկան չէ, որովհետեւ գնալով
մեծանում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռը, շուտով Բաքու-Ջեյհանը կաշխատի, նաեւ՝
Բաքու-էրզրում գազամուղը, աշխատանքները շարունակվում են Ղազախստան-Ադրբեջան, Թուրքմենստան-Ադրբեջան
գազամուղների վրա, եւ այս ամենը Ադրբեջանը դարձնում է լուրջ գործոն: – Փաստորեն,
դուք շատ իրական եք համարում Իլհամ Ալիեւի վերջերս հնչեցրած այն արտահայտությունը,
որ շուտով Ադրբեջանը կհզորանա եւ կկարողանա ուժով լուծել Ղարաբաղի հարցը: –
Աշխարհի հզոր պետությունների շահերը կապվում են Ադրբեջանի շահի հետ, այսինքն՝ աշխարհի
հզոր պետությունները պետք է շահագրգռված լինեն, որ նավթամուղներն անվտանգ աշխատեն,
պետք է շահագրգռված լինեն այդ գազամուղների անվտանգ աշխատելու համար եւ պետք է փորձեն
այդ անվտանգության համար գին տալ, իսկ գինը նրանք տալու են Ադրբեջանին: Հայաստանը,
որպես գործոն, չունի ոչ մի խաղաթուղթ, ոչ մի կռվան: Այս պայմաններում Ադրբեջանը բավականին
կոշտ հայտարարություններ է անում ռազմական բյուջեի ավելացման եւ այլնի մասին: Իսկ
սա նշանակում է, որ դրանով աշխարհի հզոր պետություններին հասկացնել է տալիս, որ եթե
իրենց չաջակցեն Ղարաբաղի հարցում, ապա ինքը կհզորանա եւ ինքնուրույն կլուծի հարցը,
ուժի միջոցով: Այս ամենը ռեալ չգնահատելն ու տղայական կեցվածք ընդունելով ասել՝ «Ադրբեջանցիների
հերն անիծեմ, գլուխները կջարդեմ», նշանակում է վտանգել մեր պետական անվտանգությունը:
– Ելքերը որո՞նք են, դուք այնքան տխուր պատկեր ներկայացրիք, որ ակամա մտածում
ես, թե անելանելի իրավիճակում ենք: Սակայն մյուս կողմից մենք սովոր ենք ասել՝ ազգերի
ինքնորոշում, եվրոպական արժեքներ եւ այլն: Այնուամենայնիվ, ելքերը կարո՞ղ են ձեւավորվել
երկրի ներսում, ներքաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով: Թե՞ դա այլեւս ելք
չի կարող լինել: – Ձեր ասած ժողովրդավարությունը եւ այլն, իհարկե, շատ կարեւոր
են, բայց մինչեւ անգամ դրա ժամանակն էլ է մեզ շատ պակասում, մենք ժողովրդավարություն
ձեւավորելու ժամանակը եւս սպառել ենք: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ Ղարաբաղի հարցը
մեկ-երկու հոգի սեփականաշնորհել են, դա համարում են իրենց մենաշնորհը եւ ոչ մեկի
հետ չեն էլ խորհրդակցում, բայց սա այն խնդիրը չի, որ մեկ-երկու կամ չորս մարդու զբաղվելու
խնդիրը լինի, սա ամբողջ հայ ժողովրդին է վերաբերում: – Գնահատեք այսօրվա ընդդիմադիր
դաշտի կեցվածքը, կա՞, արդյոք, ընդդիմություն Հայաստանում, եւ ի՞նչ ապագա եք պատկերացնում
այդ ընդդիմության համար: – Ես իմ գաղափարներից այսօր էլ ետ չեմ կանգնում,
ընդդիմությունը իսկապես պիտի փորձի գաղափարական հենքի վրա ձեւավորել մի նոր դաշինք,
մի նոր ուժ, որն ամեն րոպե պետք է պատրաստ լինի երկրի քաղաքական ղեկավարությունը
իր ձեռքը վերցնել: Ղարաբաղում եւ Հայաստանում իրավիճակը փրկելու համար ամեն րոպե
իշխանությունները պետք է պատրաստ լինեն հրաժարվել իրենց աթոռներից: Իհարկե, շատ կասկածում
եմ, որ իրենք դա կանեն, որովհետեւ որոշ մարդիկ իրենք իրենց Լյուդովիկոսի տեղն են
դրել եւ մտածում են, թե իրենք Հայաստանն են: Ընդդիմության խնդիրը այս իրավիճակում
պետք է լինի շատ արագ այս իշխանություններին այլընտրանք ստեղծելը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31