Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հուլիս 07,2006 00:00

Այս օրերին կրթության եւ գիտության նախարարությունում բուռն քննարկումներ են ընթանում ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների կազմի եւ նախագահների ընտրության շուրջ:

Պաշտոնական տեղեկատվություն այս մասին դեռեւս չկա, հանձնաժողովների կազմը կհաստատվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Ըստ ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ, Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) անդամ Ռուբեն Գասպարյանի, ԿԳ նախարարը եւ ՀԸՀ-ն՝ բուհերի ռեկտորների հետ խորհրդակցելով, ընտրության հարցում կառաջնորդվեն մի քանի սկզբունքներով. հանձնաժողովի նախագահը՝ բացի մասնագիտական հմտություններից, իր վայելած հեղինակությունից, լավ կազմակերպիչ լինելուց, պետք է լավ մանկավարժ լինի:

Նախկինում, ըստ պրն Գասպարյանի, եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահները շատ լավ մասնագետներ են եղել, բայց մանկավարժին հատուկ տվյալներ չեն ունեցել, եւ դա ազդել է քննությունների ընթացքի վրա: Չի կարելի, օրինակ «գեստապոյի» նման շրջել քննասենյակներով եւ հոգեբանական ճնշում գործադրել դիմորդի վրա՝ մանկավարժին ոչ հատուկ կեցվածքով: Հանձնաժողովի նախագահի մասնագիտական հմտություններից է կախված, թե ինչ հարցաթերթիկների կհանդիպի դիմորդը քննության ժամանակ: «Պետք է այնպես անել, որ տարբերակներում անհամամասնություններ չլինեն, բոլոր հարցաթերթերը հավասար բարդության լինեն, որ վրիպակներ չլինեն: Եղել են դեպքեր, երբ հարցաթերթերից մեկում անակնկալ մի բարդ խնդիր է հայտնվել»,- պարզաբանում է Ռ. Գասպարյանը: Ինչ վերաբերում է հայոց պատմության հարցաշարերին, ինչից ամենաշատն էին նախորդ տարիներին դիմորդները բողոքում եւ ասում էին, որ հանձնաժողովն այս առարկայի գրավորները տառ առ տառ համեմատում է դասագրքերի հետ, պրն Գասպարյանն ասում է, որ բողոքողներն ամեն ինչ ուռճացված են ներկայացնում: Ըստ նրա, պարզապես պահանջվում է դասագրքային եւ ոչ՝ ակադեմիական իմացություն: Խորհուրդ չի տրվում առաջնորդվել հանրագիտարաններով, որոնց մեջ շատ հաճախ նույնիսկ սխալ տեղեկություններ ու տարեթվեր են լինում:

Պրն Գասպարյանը նաեւ ավելացրեց, որ դիմորդն ազատ է շարադրել իր լրացուցիչ գիտելիքների ողջ պաշարը, սակայն նախ պետք է գրի այն, ինչ կա դասագրքերում: Ի դեպ, հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի նախագահի ռեալ թեկնածու դեռեւս չկա:

Մեզ հաջողվեց իմանալ մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածուների մասին ոչ պաշտոնական տեղեկություններ: Ստորեւ ներկայացնում ենք հանձնաժողովների նախագահների այն անունները, որոնք քննարկված ամենահավանական թեկնածուներն են:

Կենսաբանություն- Պողոս Վարդեւանյան (ԵՊՀ), ֆիզիկա- Ռոլանդ Ավագյան (ԵՊՀ), ընդհանուր պատմություն- Արտավազդ Դարբինյան (ԵՊՀ), անգլերեն գրավոր- Նվարդ Երնջակյան (ԵՊՀ), պարսկերեն գրավոր- Գառնիկ Ասատրյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ), ստեղծագործական մրցույթ- Արծրուն Ավագյան (ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան), ֆրանսերեն գրավոր- Արամ Բարլեզիզյան (Լեզվագիտական համալսարան), հայոց լեզու- Յուրա Ավետիսյան եւ Սեյրան Գրիգորյան (ԵՊՀ):

Մեր նշած թեկնածուներից ոչ ոք նախորդ նախարարի օրոք հանձնաժողովի նախագահ չի եղել: Այս փաստը, սակայն, պրն Գասպարյանը չի կապում նախարարների հետ:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել