Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՈՒՆՆԵՐԸ՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»

Հուլիս 14,2006 00:00

Լրագրողները
երեկ հանդիպեցին իտալացի լեգենդար սցենարիստ Անտոնիո Գուերայի եւ միջազգային կինոշուկայում
առաջին քայլերն անող կինոռեժիսորներ Անդրեաս Դրեզենի (Գերմանիա), Ռախշան Բանի-Էթեմադի
(Իրան), Իսակի Լակուեստայի (Իսպանիա) եւ Յասմին Քասարիի (Մարոկկո) հետ: Աշխարհահռչակ
Անտոնիո Գուերան հետաքրքիր հիշողություններ ու դիպվածներ պատմեց իր մտերիմներ՝ կինոհանճարներ
Ֆելինիի եւ Փարաջանովի մասին: Գուերան շեշտեց, որ Ֆելինին իր կյանքի վերջին չորս
տարիներին հիվանդ էր, բայց դա չէր նրա մահվան պատճառը. «Վերջին տարիներին ֆինանսի
բացակայության պատճառով նույն Ֆելինին չէր կարողանում ֆիլմ նկարել»: Փարաջանովին
բնութագրելով որպես կինոարվեստի գյուտարար, սցենարիստը հիշեց հետեւյալ դեպքը. «Մոսկվայում
գլխի վիրահատությունից հետո երբ գնացի հանգստանալու Վրաստանում, պարզվեց՝ նույն տանը
հանգստանում էր նաեւ Շեւարդնաձեն: Նա իմանալով, որ ես Փարաջանովի ընկերն եմ, անամոթաբար
ինձ ասաց՝ ձեր ընկերը այս օրերին գտնվում է բանտում՝ գողության համար, իսկ նրա ֆիլմերը
ոչ մեկին դուր չեն գալիս: Ես էլ նրան պատասխանեցի՝ իմիջիայլոց, իտալացի լրագրողները
գործազուրկներին, ովքեր գողության համար հայտնվում են բանտում՝ արդարացնում են (թեեւ
Փարաջանովը բանտում հայտնվել էր բոլորիս հայտնի պատճառով): Ընդամենը մեկ տարի հետո,
Փարաջանովի «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմի պրեմիերային, որտեղ ներկա էին նույն
Շեւարդնաձեն եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, նկարն ընդունվեց օվացիաներով: Հիշում եմ,
թե ինչպես էր մեծ վարպետը երեխայի նման ուրախությունից լալիս»: «Առավոտի»
հարցին՝ լինելով աշխարհահռչակ սցենարիստ, չե՞ք պատրաստվում ֆիլմի միջոցով պատմել
Ֆելինիի եւ Փարաջանովի կյանքից հետաքրքիր դրվագներ, Ա. Գուերան պատասխանեց. «Յուրաքանչյուրիս
կյանքում կան գաղտնի էջեր ու չեմ պատրաստվում ֆիլմի լեզվով աշխարհին ներկայացնել
այդ հանճարներին: Միայն կարող եմ ասել, որ Ֆելինին շատ էր սիրում կանանց, իսկ Փարաջանովի
կողքին երբեք չեմ եղել նրա կյանքի ինտիմ պահերին: Հիմա իմ պրոբլեմը գրելն է, շատ
գրելը՝ պատմվածքներ, պոեմներ, նովելներ եւ այլն»: Ներկայացնում ենք միջազգային
կինոասպարեզում առաջին քայլերն անող կինոգործիչներին ուղղված «Առավոտի» հարցերը:
– Երեւանյան կինոփառատոնին ձեր ներկայացրած «Քնած երեխան» ֆիլմում հնչում
է հայկական դուդուկ: Դուք ե՞րբ հայտնաբերեցիք այն: Յասմին Քասարի. – Իմ երկրում
ինձ հայկական ժողովրդական մեղեդիներով ձայներիզ նվիրեց մի հայ ոսկերիչ: Այս ֆիլմում
շատ համահունչ է դուդուկը սցենարին: – Յուրաքանչյուր կինոռեժիսոր ունենում
է իր նախընտրած թեման, ձեր դեպքում դա ո՞րն է: Իսակի Լակուեստա.- Ինձ համար
ամենագլխավորը կինոարվեստում Երկիր մոլորակի վրա մարդու թողած հետքի մասին ֆիլմ ստեղծելն
է: Աշխատում եմ անցյալը համադրել ներկայի հետ: – Հետաքրքիր է, ի՞նչ տեղի ունեցավ
գերմանական կինոստուդիաներում Բեռլինի պատի անկումից հետո: Մենք՝ ԽՍՀՄ քաղաքացիներս,
քաջածանոթ էինք «ԴԵՖԱ» ստուդիայի արտադրած ֆիլմերին: Անդրեաս Դրեզեն.- Պատի
փլուզումից հետո կատարվեց մի տարօրինակ բան՝ հարուստներն ավելի հարստացան, աղքատները՝
ավելի աղքատացան: Նույն «ԴԵՖԱ»-ն, ուր երկու տարի աշխատել եմ, ցավոք, վաղուց վարձել
են ամերիկացիները, իսկ տեղացիները մատնվել գործազրկության: Ընդ որում, այս փառատոնին
իմ ներկայացրած «Ամառը Բեռլինում» ֆիլմը հենց այդ թեման է արծարծում: – Գիտենք,
որ Իրանի կինոարտադրության գործում մեծ է հայերի ավանդը: Դուք կամ ձեր ժողովուրդը
հատկապես ո՞ր հայ կինոգործչին եք հիշում այսօր: Ռախշան Բանի-Էթեմադ.- Այս
պահին հնարավոր է մոռանամ ու հանկարծ մեկի անունը չբարձրաձայնեմ: Նրանք իրոք շատ
են. Օհանյանից մինչեւ Խաչիկյան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Երեկ Անտոնիո Գուերան եւ Մոհսեն Մախմալբաֆը համաշխարհային կինոյում ունեցած
վաստակի համար պարգեւատրվեցին Ս. Փարաջանովի անվան մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել