Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿԱ

Օգոստոս 08,2006 00:00

«Մնում է դրան կազմակերպված ձեւ տալ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս ամառը մի տեսակ «թեժ» ստացվեց իշխանական ճամբարում ներկայացված քաղաքական ուժերի համար: Տեղի ունեցավ ՀՀԿ համագումարը, հայտարարությունների տեսքով «փոխհրաձգություն» արձանագրվեց այդ կուսակցության ներկայացուցիչների ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ: Ընդդիմության ճամբարում ամենանշանակալից իրադարձությունը, ըստ էության, եղավ «Ժառանգության» 4-րդ համագումարը: Ինչպես տեսնում եք, ամառը թեեւ ներքաղաքական իրադարձություններով այնքան էլ հագեցած չէր, այդուհանդերձ, ոմանք, օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, առաջիկա ամիսների ընթացքում իշխանափոխություն են կանխատեսում: Ս. Այվազյանի ձեւակերպմամբ, «իշխանական բուրգում տեղի ունեցող վերադասավորումները լավ օրից չին, որովհետեւ իշխանությունները հասկանում են, որ երկրում ստեղծված իրավիճակը բարենպաստ չէ ինչպես առաջիկա ընտրությունների, այնպես էլ՝ ԼՂ հիմնահարցի լուծման հետ կապված: Դրա համար նրանք ձեռնամուխ եղան շատ արագ վերադասավորումների»: Ս. Այվազյանի դիտարկմամբ, «ինչպես բոլոր բռնապետությունների, այնպես էլ Քոչարյանի վարչակարգի գերխնդիրը իշխանության պահպանումն է, որի միակ ճանապարհը իշխանությունները տեսնում են ներքաղաքական զարգացումների թույլ չտալու մեջ: Այդուհանդերձ, հիմա ժամանակն աշխատում է հօգուտ ընդդիմության: Իշխանությունը պիտի փորձի առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում իշխանափոխություն ու արտահերթ ընտրություններ իրականացնել: Սա իշխանության վերարտադրվելու միակ հավանական ճանապարհն է, որի դեպքում քաղաքական դաշտի ուժերի հնարավոր կոնսոլիդացիաները կարող են չհասցնել վերաճելու Դիմադրության շարժման: Բայց դա նրանք արագ անել չեն կարողանալու: Այդ պրոցեսը որոշ առումով դանդաղելու է, որի ընթացքում վերադասավորումներ են տեղի ունենալու ընդդիմության ճամբարում: Այս պահին երկրում դիմադրության շարժում կա, որովհետեւ երկրի ազգաբնակչության ամենաքիչը 90 տոկոսը չի ընդունում, ատում է այս իշխանություններին: Մնում է միայն այդ շարժմանը կազմակերպված ձեւ տալ ու պատրաստ լինել հնարավոր իշխանափոխությանը»:

Այնուամենայնիվ, հասկանալի չէ՝ ինչո՞ւ պիտի իշխանություններն իրենք իշխանափոխության պրոցես սկսեն, եթե ընդամենը մի քանի ամիս անց ԱԺ ընտրություններ են լինելու: Այս դիտարկմանն ի պատասխան, Ս. Այվազյանը նկատեց, թե՝ «իրավիճակն օր օրի է վատանում, ու իշխանությունները դա գիտակցում են: Եթե նրանք առանց նախագահական ընտրությունների հասնեն խորհրդարանական ընտրությունների, նրանց պարտությունն անխուսափելի է լինելու, ու դա նշանակելու է իշխանության ռեալ կորուստ»: Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, ապա, կուսակցության ներկայացուցչի ասելով, ընդդիմությունը պետք է միայն կազմակերպչական տեսք ստանա տարբեր միավորումներ, դաշինքներ կազմելով ու փորձի կազմակերպել դիմադրության այն շարժումը, որն այսօր տարերայնորեն առկա է երկրում: «Այսօր արդեն ոչ մեկին չես զարմացնի՝ ասելով, որ ՀՀ իշխանությունը բռնազավթված է մի խումբ հանցագործների կողմից, որովհետեւ հասարակությունը դա շատ լավ գիտի, նա տեսել է «Հոկտեմբերի 27», Երեւանի Կենտրոնից մարդկանց իրենց սեփական տներից վռնդելը, ու մարդիկ վստահ են, որ այս իշխանություններն ամեն մի ապօրինության պատրաստ են: Հասարակությանն այսօր պետք է ցույց տալ միայն իրավիճակը շտկելու, արդարության հասնելու ճանապարհը: Դա պետք է անի ընդդիմությունը»,- ասաց պրն Այվազյանը:

Բայց այսօր ընդդիմության ճամբարում, կարծես թե, պրոցեսներ չկան: «Կարծում եմ, ընդդիմադիր դաշտում ակտիվ շփումների դաշտ կա ու փնտրտուքներ են ընթանում: Բոլորը գիտեն, որ ինչ-որ բան տեղի է ունենալու եւ պատրաստվում են դրան՝ փորձելով գտնել ամենաարդյունավետ համագործակցության ձեւը»,- ասաց պարոն Այվազյանը: Ինչ վերաբերում է կոնկրետ «Հանրապետության» համար ամենաօպտիմալ համագործակցությանը, ապա նա նախընտրեց դրա մասին առայժմ լռել. «Կան որոշակի ծրագրեր, որոնք շատ շուտով ի հայտ կգան: Ասեմ միայն, որ մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել առաջատարների շարքում»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության լուծման համատեքստում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող զարգացումներին՝ Ս. Այվազյանը հիշեցրեց իր ներկայացրած կուսակցության տեսակետն այդ հարցում. «ԼՂ հարցի լուծման հետ կապված մեր մոտեցումը միշտ էլ եղել է հետեւյալը. նախ՝ ժողովրդավարություն, ապա՝ հարցի լուծում, որովհետեւ այս իրավիճակում ԼՂ հարցի լուծում ակնկալել երկրում բացարձակապես ոչ լեգիտիմ իշխանություններից, անհեթեթություն է: Ռ. Քոչարյանն այս երկրի ժողովրդին չի ներկայացնում, որպես ի՞նչ գնա փաստաթուղթ ստորագրի, հետո գա ո՞ւմ եւ ինչպե՞ս բացատրի դրա էությունը: Հետեւաբար, այս փուլում ԼՂ հարցի լուծման մասին խոսելն անիմաստ է: Կարծում եմ, այժմ միջնորդները հրաշալի հասկանում են, որ իրենց միսիան հայտնվել է փակուղում, որ չի կարելի ծրագրեր գծել այն մարդկանց հետ, ովքեր ասիական չափանիշներով ընտրություններ են անում: Սրա համար է, որ մենք պնդում ենք՝ ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ ԼՂ հարցում ստեղծված անբարենպաստ վիճակից դուրս գալու միակ ձեւը Ռ. Քոչարյանի ու նրա վարչախմբի հեռացումն է իշխանությունից»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել