Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 08,2006 00:00

Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով

Քաշաթաղ շրջանի կենտրոն Բերձորում կյանքը մի տեսակ քնկոտ է դարձել: Մարդիկ դարձել են ալարկոտ, դա զգացվում է նույնիսկ նրանց քայլվածքից ու խոսելուց: Առաջվա պես չէ, հաստատ: Իսկ Բերձորից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվող գյուղեր արդեն ներխուժել է հուսախաբությունը: Հատուկենտ մարդիկ կան, ովքեր մնացել են լավատես եւ շարունակում են սպասել, որ իշխանությունները կհիշեն իրենց: Մարդիկ ավելի են հուսախաբվել պաշտոնյաների՝ հողերը հետ տալու մասին հայտարարություններից:

Եթե առաջներում այնքան էլ լուրջ չէին ընդունում այդ հայտարարությունները, ապա վերջին շրջանում նրանք այլ կերպ են սկսել ընկալել: Եթե ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները, ինչպես իրենք են ասում՝ «բանի տեղ չեն դնում», ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ հինգ շրջանները հետ տալու մասին ասածներն իսկապես մտորելու տեղիք է տվել:

Նրանք բնակվում են հենց այդ հինգ շրջաններից որեւէ մեկում:

«Պաշտպանության նախարարը նման բան ասելու իրավունք չունի: Ով՝ ով, բայց նա չպիտի ասի, որ այս հողերը հետ ենք տալու: Գիտե՞ս ինչքան արյուն է թափվել այստեղ»,- ասում է հարավային սահմանում ծառայությունն անցկացնող մի փոխգնդապետ: Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը միանգամից բորբոքվում է, երբ խոսք է գնում տարածքները հանձնելու մասին.

«Եթե մտածում ենք ազատագրված տարածքները հետ տալու մասին, ուրեմն մենք կործանված ենք, ում մտքով նման բան անցավ՝ հենց ինքը կործանված է, էլ չեմ ասում՝ եթե շատերն են մտածում, ուրեմն Հայաստանն է կործանված, հայություն գոյություն չունի: էլ ո՞ւմ է պետք էդ ապրելը կամ որտե՞ղ ես ապրելու, երբ հայրենիք չունես»:

Կառավարության վարած քաղաքականությունը նպաստել է Քաշաթաղի վերաբնակեցված բնակավայրերի դատարկվելուն: «Քաղաքականությունը այդպիսին է, կարեւոր չէ, թե ով կլինի վարչակազմի ղեկավարը: Կառավարությունը ոչ թե վատ ծրագիր է իրականացնում, այլ ընդհանրապես ծրագիր չի իրականացնում»,- ասում է բերձորցի ուսուցիչներից մեկը, ում անունը չենք նշում:

«Շրջանի վերաբնակեցումն Ալեքսան Հակոբյանի (վարչակազմի նախկին ղեկավար- Է. Բ.) նախաձեռնությունն էր: Այն ժամանակ շատերը չէին հավատում, որ դա հնարավոր կլինի, գաղափարները սկզբից բարձր էին, իսկապես վերաբնակեցում էր: Բայց հետո փչացավ, ինչպես ամեն ինչ»,- ասում է վարչակազմի նախկին մի աշխատակից:

«Վարչակազմի այսօրվա ղեկավարն ամբողջ կյանքում դատախազ է աշխատել եւ բոլոր բնակիչներին նայում է որպես հանցագործների: Նրա հետ խոսել հնարավոր չէ»,-ասում է բերձորցի ուսուցիչը: Նա նույնպես վաճառում է տունը՝ Երեւան տեղափոխվելու նպատակով: Վարչակազմի նոր ղեկավարի՝ Համլետ Խաչատրյանի նշանակումը համընկավ նաեւ այն ժամանակաշրջանին, երբ ֆինանսավորումը Հայաստանից անցավ Ղարաբաղին: Առաջ Հայաստանից ամբողջ փողը փոխանցվում էր վարչակազմին եւ նա էր որոշում շրջանի ծախսերը: Այժմ Ղարաբաղի կառավարությունն է որոշում ֆինանսավորման ուղղությունն ու բյուջեն: Այս փոփոխությունից հետո կրճատվել են գրեթե բոլոր գերատեսչությունների բյուջեները, եւ փոխանցումները, որպես կանոն, ուշացվում են: Օրինակ՝ Բերձորի գիշերօթիկ դպրոցի սննդի համար նախատեսված գումարը յոթ ամիս չի փոխանցվել:

Այժմ ամեն ինչ որոշվում է Ստեփանակերտում: Մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ ԼՂՀ-ի կառավարությունը երկու աշխատող է ձեւակերպել Քաշաթաղի վարչակազմում, ովքեր ընդհանրապես աշխատանքի չեն գալիս, սակայն աշխատավարձ են ստանում: Վերաբնակեցման սկզբից՝ 1994-ից մինչեւ 2004-ը, հոսանքն այստեղ անվճար էր, իսկ 2005-ից այն դարձավ վճարովի՝ 1 կվտ-ը 14 դրամ էր, այս տարվա հուլիսի մեկից թանկացավ եւ դարձավ 20 դրամ: Միայն այս փաստն արդեն բավարար է հետեւություններ անելու, բացի այս շրջանի դեռ 51 բնակավայր առայսօր հոսանք չունի:

Հուլիսի մեկից բուժօգնությունը վճարովի դարձնելը երկրորդ հարվածն էր Քաշաթաղի շրջանի բնակչությանը: «Հասկանում եք, էս ծանր պայմանների հետ կռիվ տվող գյուղացին մի տեղեկանքի համար, որն անհրաժեշտ է իր երեխային համալսարան ընդունվելիս, 1500 դրամ պետք է մուծի: Եթե այդ թուղթը տալիս ես, բայց գումարը չես վերցնում, հարկայինը կամ մնացած ծառայությունները գալիս են ու ասում՝ յուրացրել եք, ո՞ւր են այս գումարները: Մի սարսափելի վիճակի մեջ են մեզ դրել. ամաչում ես, որ կարող է հիվանդը, որին լավ ճանաչում ես, գիտես ինչ վիճակի մեջ է, դու պետք է նրան ասես՝ պատին կպցրած են պետական գները՝ մի վիրահատությունը 54 կամ 60 հազար է, մի օր հիվանդանոցում մնալը՝ 8 հազար դրամ, գնա վճարիր»,- ասում է Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը:

Ծաղկաբերդը շրջանի ամենամեծ գյուղն է, 260 մարդ է ապրում այնտեղ: 97-98թթ. գյուղի դպրոցում կար 50-ից ավելի աշակերտ, այժմ 30-ը չի անցնում: Երեւանից 1994-ին Ծաղկաբերդ տեղափոխված Ազատ Եղոյանը՝ գյուղապետը, գտնում է, որ իշխանությունները չեն կարեւորում այս տարածքների վերաբնակեցումը, այլապես այլ քաղաքականություն կվարեին:

«Ես ապագա տեսնում եմ այստեղ, բայց դրա համար բոլորի վերաբերմունքը այս տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխվի, պետք է այս տարածքներին ուղղված օրենք լինի: Մարդը պետք է իմանա, որ գալիս է այստեղ եւ այս տարածքն այսպիսի ճակատագիր է ունենալու: Մեր պետությունը խնդիր է դրել այս տարածքները վերաբնակեցնել: Բայց ինչպե՞ս է այդ խնդիրը դրել, երբ վեց տարի առաջ այստեղի բնակչությունը եղել է 12 հազար, իսկ հիմա 7 հազար է: Այդպես խնդիր չեն դնում: 1994-ին այդպիսի խնդիր կար, բայց ոչ մի նպաստավոր գործողություն չեղավ, որ այս տարածքը բարգավաճի, զարգանա: Երբ մարդուն բերում այստեղ եւ ասում ես՝ ապրիր, երեք ամսից տուն կկառուցեմ, ու տասը տարի չես կառուցում, երբ մարդուն բերում ես գյուղ ու ասում՝ ապրիր, էս ա հոսանքը կլինի, ու տասը տարի հոսանք չի լինում: Ո՞ւմ խնդիրն է այդ հոսանքը բերելը, այդ մարդու խնդի՞րն է, մարդիկ ինչի՞ հույսով պիտի դիմանան»,- շարունակում է Ազատ Եղոյանը, ով 2000-2005թթ. եղել է ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամավոր:

Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ 300 կմ է: Պետությունը հարյուր գյուղ եւ երեք քաղաք ունեցող շրջանին այս տարի հատկացրել է 300 մլն դրամ:

(շարունակելի)

Էդիկ Բաղդասարյան

Քաշաթաղ-Երեւան

www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել