Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՒՄՈՐՈՎ ՄՈՏԵՑԵՔ

Օգոստոս 10,2006 00:00

Հարցազրույց հայոց լեզու 1 առարկայական հանձնաժողովի նախագահ Սեյրան Գրիգորյանի հետ

– Օրերս հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թոփչյանը մաթեմատիկական գրաֆիկների միջոցով ապացուցեց, որ հայոց լեզվի (ինչպես եւ անգլերենի) թեստերը լավը չեն, այսինքն՝ շատ թույլ են եւ դիմորդների գիտելիքները ճիշտ չեն կարող գնահատել: Ըստ այդ գրաֆիկների, բացասական գնահատականները շատ են զիջում բարձր գնահատականներին, ինչը նորմալ չէ:

– Որ հայերենի հարցաշարերը հնացած են ու արդեն շատ մատչելի են դիմորդների համար, հանրահայտ փաստ է: Արդեն 4-րդ անգամ ենք անցկացնում քննություն նույն հարցաթերթերով՝ 2003-ից: Ասվածի մեջ ճշմարտություն կա:

– Մյուս կողմից էլ մարզերի դիմորդների շրջանում արված վերլուծությունից երեւում է, որ այդ գրաֆիկները նորմալ ձեւի մեջ են, այսինքն՝ բացասականներն ու բարձր միավորները հիմնականում հավասար են: Դա արդյոք նշանակո՞ւմ է, որ այս հարցաթերթերը հենց մարզերի դիմորդների համար են, ավելի ճիշտ նրանց՝ ովքեր ռեպետիտորների մոտ գրեթե չեն պարապում եւ քննության են գալիս իրենց դպրոցական գիտելիքներով:

– Հավանաբար մարզերում այդ վարժանքը ավելի վատ է արվում, ավելի քիչ լավ մասնագետներ կան, ավելի քիչ հնարավորություններ կան մասնավոր պարապելու, դրա համար էլ նրանց համար ավելի դժվար է:

Եկող տարվանից շրջանառության մեջ դրվող հարցաթերթերն ավելի բազմազան կլինեն, դրանք կընդգրկեն հայերենի քերականության ողջ նյութը, իսկ այս գործող հարցաշարերը դասագրքերի ոչ բոլոր բաժիններն են ընդգրկում, ստանդարտներ կան, որ տարիներ շարունակ նույնն են: Իսկ նորերի մեջ բազմազանություն կա:

– Տեղյա՞կ եք, թե ինչ հայտնի մարդկանց երեխաներ են Ձեզ մոտ քննություն հանձնում:

– Ընդհանրապես իմանում ենք, բայց չենք կոնկրետացնում, ուղեղս հատուկ չեմ ծանրաբեռնում:

– Բա ինչպե՞ս եք օգնում նրանց:

– Չենք օգնում:

– Դրսում եթե կանգնեք՝ դուրս եկող դիմորդները բողոքում են անարդարությունից, որ իրենց կողքի դիմորդին ողջ ընթացքում հուշել են, երկձեւություններից մատնանշել այն ձեւը, որը հանձնաժողովը ճիշտ է համարում եւ այլն: (Մեր զրույցի ընթացքում էլ շարքի վերջին նստարաններից մի սեւ շապիկով տղայի հանձնաժողովի անդամները՝ մի կին, հետո՝ իմ նախկին դասախոսներից մեկը, մոտենում էին ու բավական երկար հուշում):

– Բոլորն էլ կողմնորոշում ստանում են, եթե ուշադրություն դարձնեք: Հեռվից նայելիս կարող է օգնություն թվալ, բայց, ըստ կարգի, մասնագիտական օգնություն չպիտի ստանան, տեխնիկական օգնություն լինում է:

– Բայց տեխնիկական օգնություն կարող են ցույց տալ լիազորները, ովքեր մասնագետ չեն, եւ ոչ՝ հանձնաժողովի անդամները…

– …Եվ հետո մենք Հայաստանում ենք ապրում…

– …Որտեղ ամեն կեղծիք էլ հնարավոր է…

– Դուք ուրիշ մոլորակից չեք, չէ՞:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Քննությունների առաջին օրը պրն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երբեմն դիմորդներին թարմացնելու համար հումոր են անում, եւ խոստացավ ավելի ուշ հրապարակել հումորների ցանկը:
Երեկ նա նորից չմանրամասնեց, թե հատկապես ինչ հումորներ են դրանք, եւ ասաց. «Քննությունները հենց հումոր են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել