Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ

Օգոստոս 10,2006 00:00

ՆՓԱԿ-ում նկարահանված հերթական ֆիլմը «տանը մնացած» աղջկա ու հասարակության վերաբերմունքի մասին է:

Օգոստոսի 8-ին կայացավ «Ակնթարթներ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Արմեն Տեր-Մկրտչյանը: Գլխավոր դերում նկարահանվել է գյումրեցի դերասանուհի Նառա Սանթոյանը: «Ակնթարթները» նկարահանվել է գյումրեցի գրող Տանյա Հովհաննիսյանի պատմվածքների հիման վրա: «Զրոյական բյուջեով ֆիլմ է, ուր 2 ժանրեր՝ խաղարկայինն ու վավերագրականը, միահյուսված են: Այն պատմություն է միայնակ կնոջ մասին: Մի կողմից, այսպես ասած՝ «տանը մնացած» աղջկա մտորումներն ու ապրումներն են, մյուս կողմից՝ դոկումենտալ կադրերով՝ հասարակության կարծիքը նման մարդկանց մասին»,- «Ակնթարթները» այսպես ներկայացրեց ռեժիսորը: Հարցին՝ հե՞շտ է զրոյական բյուջեով ֆիլմ նկարել, երբ հաճախ ոչ համեստ բյուջեով ֆիլմերն անգամ չեն ստացվում այնպիսին, ինչպիսին ուզում են հեղինակները, ֆիլմի պրոդյուսեր Գագիկ Ղազարէն պատասխանեց. «Զրոյական բյուջեով ֆիլմեր արտադրվում են ամբողջ աշխարհում եւ մեր երկրում: Մեր պարագայում նպատակ ունենք լիցքաթափել այն մտայնությունը, թե ֆիլմարտադրությունն անպայման ենթադրում է մեծ գումարներ, հզոր արտադրական բազա եւ այլն: Ֆինանսները, ինչ խոսք, կարեւոր են, բայց ավելի կարեւոր են խոսքը, հեղինակը, կինոն»:

Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ հենց գյումրեցի հեղինակի պատմվածքների հիման վրա գյումրեցի ռեժիսորը որոշեց ֆիլմ նկարել, որտեղ գլխավոր դերը վստահվել է դարձյալ գյումրեցու, Ա. Տեր-Մկրտչյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ՝ ոչ, մանավանդ մինչեւ օրս նման բան չի եղել, բացառություն է միայն Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրը»: Տանյա Հովհաննիսյանի պատմվածքներում շատ հետաքրքիր ձեւով է շոշափվում, այսպես ասած, «տանը մնացածների» թեման: Դա այսօր հրատապ թեմա է: Մինչ ֆիլմը նկարելը գիտեինք, որ այդ խնդիրը կա, բայց չէինք սպասում, թե նման մասշտաբների է: Խոսքը միայն Գյումրիի մասին չէ՝ Երեւանում էլ է պատկերը նույնը: Պարզապես Երեւանում այն պակաս ցայտուն է արտահայտվում, քան Գյումրիում»:

Զրուցակիցներս չհամաձայնեցին այն դիտարկմանը, որ հասարակությունը ավելի շատ հակված է դեպի խաղարկային, քան վավերագրական կինոն: «Եթե դոկումենտալ ֆիլմով հանդիսատեսին փորձես ցույց տալ այն, ինչ ամեն օր ինքը տեսնում է, բայց չի նկատում, հաստատ ֆիլմը իրեն կհետաքրքրի»,- ասաց Արմենը: «Ըստ էության կինոն իր սկզբնաղբյուրով դոկումենտալ է: Օրինակ՝ Հրաչյա Ներսիսյանը կամ Մհեր Մկրտչյանը մարմնավորել են կոնկրետ կերպարներ, բայց այսօր մեզ համար արժեքավոր է այդ մարդկանց դոկումենտալ ներկայությունը իրականության մեջ: Այնպես որ, կինոյում ժանրային բաժանումները հարաբերական են: Կան ֆիլմեր՝ շուկայի համար արված, սակայն դրանք արվեստի փայլուն գործեր են: Ու կան արվեստի գործեր, որոնք թվում է՝ շուկայի համար չեն ստեղծված, բայց էլի շուկայական են, պահանջարկ ունեն»,- հավելեց Գ. Ղազարէն: «Ակնթարթի» հեղինակները մտադիր են առաջիկայում կազմակերպել ֆիլմի երկրորդ պրեմիերան Գյումրիում, ցանկություն ունեն այն բերել նաեւ կինոթատրոններ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել