Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մարդկային կատակերգություն»

Օգոստոս 22,2006 00:00

Դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի նոր աշխատանքը

Ճանաչված դերասան Աշոտ Ադամյանին հարկ չկա ներկայացնելու. նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, խաղացել մի շարք ներկայացումներում, հանդես եկել նաեւ իբրեւ ռեժիսոր: 10-ամյա ընդմիջումից հետո այժմ նա որպես ռեժիսոր աշխատում է «Շատ մարդկային կատակերգություն» (ըստ ամերիկացի դրամատուրգ Բեռնարդ Սլեյդի) պիեսի վրա: Սեպտեմբերի 8-ին եւ 9-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում կկայանա ներկայացման պրեմիերան:

Ա. Ադամյանն ասում է, որ պիեսը չի դիտում զուտ իբրեւ կատակերգություն. «Ցանկացած կոմեդիայում կան դրամատիկ տարրեր: Մանավանդ այս պիեսում խոսքը տղամարդ-կին փոխհարաբերությունների մասին է: Կարծում եմ՝ մեր դրամատուրգիայում նման փորձ չենք ունեցել, այնինչ ամերիկացիները դրա վարպետներն են»:

Երբ Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն իրեն առաջարկել է բեմադրել «Շատ մարդկային կատակերգությունը», իսկույն համաձայնել է: «Այսօր մեր հանդիսատեսը զգում է ինքն իր վրա նայելու պակասը: Այս պիեսը հենց դրա համար է: Պատմությունը տղամարդու եւ կնոջ մասին է, ովքեր տարին մեկ անգամ հանդիպում ու դավաճանում են իրենց ընտանիքներին: Ես փորձել եմ այլ տեսանկյունից նայել դավաճանություն կոչվածին, վերլուծել դրդապատճառները: Ի՞նչ է պակասում մարդկանց անձնական կյանքում, որ նման քայլեր են անում»,- մարդկային փոխհարաբերությունների թնջուկին է անդրադառնում ռեժիսորը: Պրն Ադամյանը վստահ է, որ 16 եւ բարձր տարիք ունեցող հանդիսատեսին պիեսը շատ կհետաքրքրի եւ ցանկացած տղամարդ ու կին իրեն կճանաչի այնտեղ:

Ներկայացման մեջ զբաղված են Պարոնյան թատրոնի դերասաններ, ամուսիներ՝ Արթուր Կարապետյանն ու Սաթիկ Հախնազարյանը: «Թեման բարդ է, որովհետեւ շատ շերտեր ունի իր մեջ: Նույնքան բարդ է 2 դերակատարով ներկայացում կառուցելը, սակայն կարծում եմ, որ նրանք հաջողությամբ դուրս կգան այդ ծանրության տակից ու հետաքրքիր կներկայացնեն կին-տղամարդ փոխհարաբերությունների բազմաշերտությունը»,- ասում է Աշոտ Ադամյանը: Հետաքրքրվեցինք՝ իրեն ավելի շատ թատրո՞նը, թե՞ կինոն է հոգեհարազատ: «Քանի որ Վարպետիս հետ (նկատի ունի մեծանուն ռեժիսոր Հենրիկ Մալյանին- Գ.Հ) անընդհատ աշխատել եմ եւ թատրոնում, եւ կինոյում, երկուսն էլ սիրում եմ, բայց չեմ կարողանում որոշել՝ ո՞րն է առաջնայինը»: Մեր հաջորդ հարցին՝ ավելի հեշտ է բեմադրել դասակա՞ն հեղինակի, թե՞ ժամանակակցի, ռեժիսորը պատասխանեց. «Թեմաները չեն փոխվում, ժամանակներն են փոխվում, ուղղակի մեկնաբանության խնդիր կա: Եթե Շեքսպիր ես բեմադրում, խնդիրն այն չէ, որ ժամանակակից շորեր հագցնես Համլետին՝ ժամանակակից դառնալու համար: Կամ պարտադիր չէ, որ Քաջ Նազարը լինի ջինսով: Առանց «ժամանակակից» էլեմենտների էլ կարելի է ասելիքը տեղ հասցնել: Հիմա միտում կա ամեն ինչի մեջ շոու մտցնել՝ այն պատճառաբանությամբ, իբր հանդիսատեսը դա է ուզում: Օրինակ, հումորի մեջ էլ է այդպես՝ կարելի է ծիծաղ ստեղծել, կարելի է կորզել: Ես, անձամբ, կողմնակից եմ ծիծաղ ստեղծելուն»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել