Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդելը դեռեւս արդարացված չէ

Սեպտեմբեր 09,2006 00:00

Կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող նոր համակարգով նախատեսվում է կենտրոնացված քննություններ անցկացնել երկու տարբերակով՝ ավարտական (ա) եւ միասնական (բ):

«Ավարտական քննության դեպքում գիտելիքի արդյունքը տրամադրվում է դպրոցին, երկրորդի դեպքում՝ շրջանավարտին տրվում է փաստաթուղթ, վկայագիր, որտեղ գրանցված են գիտելիքների գնահատականները միասնական սանդղակով, որը երեխան կարող է օգտագործել բուհ ընդունվելիս»,- բացատրում է ԿԳՆ գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը: 2006-2007 ուսումնական տարվա վերջում այս նոր համակարգով նախատեսվում է քննություններ անցկացնել հայոց լեզվից: Սակայն այն դեպքում, եթե առաջիկայում մայրաքաղաքում հաջող փորձարկում անցկացվի: Համակարգը 2005-ի նոյեմբերին փորձարկվել է Շիրակի մարզում, իսկ վերջերս մայրաքաղաքում, նոր համակարգի ներկայացման ժամանակ, երեւանյան դպրոցների որոշ տնօրեններ հայտարարեցին, որ այն ձախողվել է եւ իրեն չի արդարացնում: Բողոքները հիմնականում տեխնիկական բնույթի էին. սեղաններն իրար մոտ էին դրված, ինչի պատճառով երեխաների շփումն ու հուշումներն անխուսափելի էին, մարդիկ դժվարությամբ էին գյուղերից հասնում դպրոց-կենտրոններ եւ այլն: Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը նշեց, որ միասնական քննությունների թերացումներից մեկն էլ շուրջ 1.5 ժամ ուշացումն է եղել: Թեեւ ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանը մեզ հետ զրույցում փորձում էր հերքել ասվածը. «Կարելի է ասել, որ ընդհանրապես ուշացում չի եղել, քանի որ հնարավոր չէ մեծ թվով երեխաների նույն րոպեին քննասենյակ հրավիրել, նստեցնել համապատասխան տեղում եւ այլն: Նման խնդիրների պատճառով ցանկացած քննություն 20-40 րոպե ուշացումով է սկսվում»:

Մարալիկի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Հովհաննիսյանի կարծիքով՝ «այս համակարգը կրթական ոլորտում մեծ հեղափոխություն է, որը, բնականաբար, պետք է ունենա թերացումներ: Այս փորձարկումներով էլ բացահայտվեց, թե ինչն էր դրական, ինչը՝ բացասական: Փորձությունը տեղիք տվեց մտածելու ուսուցման որակի բացերի մասին»: Որպես փորձարկման ժամանակ ի հայտ եկած ամենաակնառու խնդիր՝ տնօրենը նշեց. «Երեխան գալիս է 40-50 կմ հեռավորությունից եւ տանջված վիճակում դեռ մեկ ժամ էլ սպասում է դռան առաջ, որպեսզի ըստ կարգի ներս մտնի դպրոց-կենտրոն, այնուհետեւ՝ քննասենյակ: Այս քաշքշուկը կարող է ազդել երեխայի վրա: Լավ կլիներ, որ գոնե «միջակ» երեխան, որը բուհ ընդունվելու նպատակ չունի, երկար ճանապարհ չկտրի-գա իր ատեստատի գնահատականի հետեւից, այլ ավելի լավ կլինի, որ նա հենց իր դպրոցում քննություն հանձնի»:

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանի կարծիքով, այն, ինչ ակնկալում էին փորձից, լիարժեք ստացել են. «Մենք նկատեցինք, որ նոր համակարգում կան էական բացթողումներ: Միասնական ավարտական քննությունները մեկտեղելը մի դպրոցից մյուսը՝ տեղափոխությունների խնդիր էր առաջ բերում, որը հանիրավի է եւ կարիք չկա, որ շրջանավարտը պարտադիր նման խնդիր լուծի եւ մի շարք բարդությունների առաջ կանգնի, եթե բուհ չի ընդունվելու: Այսինքն՝ մոդելը իրեն չարդարացրեց»: Նա ավելացրեց, որ մեկ լսարանում մեծ քանակությամբ քննություն հանձնողների մեկտեղելը՝ անվերահսկելիության դաշտ կարող է ստեղծել. «Ես այս տարբերակին դեմ եմ: Քննությունները պետք է կազմակերպվեն առանձին խմբերով, առանձին վերահսկողական դաշտով»:

ԳԹԿ տնօրեն Վ. Բարսեղյանը համոզված է, որ այս համակարգի ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերը կտրուկ կնվազեն: «Քննությունների ժամանակ օգտագործվելու են գծիկավոր կոդեր, որոնք ապահովելու են ծածկագրումը, իսկ գրավորների ստուգման համար կիրառելու ենք համակարգչային տեխնոլոգիաներ: Թեստերը քննական կետեր ենք ուղարկելու հատուկ պոլիէթիլենային ծրարներով, որոնք առանց վնասելու բացել հնարավոր չէ»: Ի դեպ, բացելու դեպքում էլ՝ դեռեւս հայտնի չէ, թե ով պետք է պատասխանատվություն կրի: Այսինքն՝ ամենակարեւոր՝ վերահսկողության հարցը, ինչը վերջերս նշում էր նաեւ ԿԳ նախարարը, դեռեւս հստակեցված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել