Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐ ԳՈՐԾՈՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Սեպտեմբեր 09,2006 00:00

Տնտեսագիտականում ուսանողների ճակատագրի հանդեպ անտարբեր չեն

Պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի անունից օրերս «Առավոտը» ստացավ մի բողոք-նամակ։ Դժգոհությունը վերաբերում էր մեկ տարվա վաղեմություն ունեցող մի միջադեպի։ Համալսարանի համաշխարհային տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Համլետ Քեշիշյանը գազային ատրճանակով կրակել էր նույն բուհի դասախոս, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Հովհաննիսյանի վրա եւ ահաբեկել դոցենտ Շահեն Էվինյանին։ Ռեկտորատի որոշմամբ, Քեշիշյանին զրկել են ուսանողական իրավունքներից։ Այժմ Տնտեսագիտական համալսարանի աշխատակազմը, ըստ բողոք-նամակի, մտահոգված է, թե ռեկտորատը ցանկանում է վերականգնել նրա ուսանողական իրավունքները։

Մտահոգության կարեւորությունը եւ տեղին լինելը փորձեցինք պարզել բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանից։ «Ենթադրենք ռեկտորատը որոշել է իր նախկին ուսանողին վերականգնել՝ դաստիարակելու նկատառումներով։ Ի՞նչ է, դա հանցա՞նք է։ Անընդհատ ուսանողներ են հեռացվում, վերականգնվում, բոլորին անդրադառնա՞լ է պետք։ Այնուամենայնիվ, որոշեցինք Քեշիշյանին չվերականգնել, քանի որ նրա կատարած արարքը հակադաստիարակչական է։ Ռեկտորատի քննարկումից հետո որոշել ենք Քեշիշյանի ուսանողական իրավունքների վերականգնմանն անդրադառնալ նրա զինվորական ծառայությունից հետո»։ Ի տարբերություն բուհի անձնակազմի, որի դժգոհությունը երեւում է նամակում, բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, տուժող Ալբերտ Հովհաննիսյանը կարծում է, որ հարցն իրեն չի վերաբերում. «Դա զուտ ռեկտորատին վերաբերող հարց է, իմ պատասխանատվությունից դուրս է, եւ ես երբեւէ չեմ փորձել քննության ենթարկել վերադասիս կողմից կայացրած որոշումները։ Ի վերջո, իմ կարծիքն այդտեղ ի՞նչ նշանակություն ունի»։ Նա վստահեցրեց, որ ժամանակին Քեշիշյանի հեռացմանը նպաստող քայլ էլ նույնիսկ չի արել, պարզապես, կանոնադրության համաձայն, այն ժամանակ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան լինելով, պարտավոր էր հարցը դնել ռեկտորատի քննարկմանը։ Քանի որ այս միջադեպից հետո (ոչ դրա պատճառով) փոխվել է բուհի ղեկավարությունը, այժմյան ռեկտոր Յուրի Սուվարյանը հարցը քննարկել է նախկին ղեկավարության եւ տուժող կողմի՝ Հովհաննիսյանի եւ Էվինյանի հետ։ «Նախկին ղեկավարությունն ասաց, որ հարցը վերանայել է։ Հովհաննիսյանի հետ խոսակցությունից հետո նա համաձայնեց վերականգնել ուսանողի իրավունքները, իսկ Էվինյանը՝ ոչ»,- պատմեց Յու. Սուվարյանը։

Ուսանողի իրավունքները չվերականգնելով հանդերձ՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը հարցն այլ տեսանկյունից է դիտարկում. «Նա անժխտելիորեն հանցագործություն է կատարել։ Բայց նաեւ երիտասարդ տղա է, ի՞նչ է, քա՞ր գցենք նրա բախտին։ Նույնիսկ ամենավատ հանցագործը պատիժ կրելուց հետո, հավանական է, մարդ դառնա»։

Խմբագրություն եկած նամակում նաեւ շոշափվում է Համլետ Քեշիշյանի հոր ինքնությունը. «Ավելորդ չէ նշել, որ Համլետ Քեշիշյանի հայրը՝ Տիգրան Քեշիշյանը, բանակի բարձրաստիճան սպա է ու վայելում է ՀՀ պաշտպանության նախարարի աջակցությունը»,- գրված է նամակում։ «Հայրն ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ինձ համար գոյություն ունի ուսանող։ Հոր հետ բացարձակ առնչություն չունեմ, չեմ էլ ուզում իմանալ, թե նա ում կողմից է հովանավորվում»,- ասաց Ալբերտ Հովհաննիսյանը։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յու. Սուվարյանն այս հարցում որեւէ արտասովոր բան չի տեսնում. «Հայրը մեր բանակի գնդապետ է, ծառայում է բանակում։ Դա՛ էլ չլիներ, ջահել երեխաներ են՝ մենք նրանց ճակատագրի հանդեպ անտարբե՞ր լինենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել