Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՎՐԱՑԻՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Այն բոլոր երկրները, որոնք գտնվում են Սեւ ծովի ափին, համոզված եմ, Սեւ ծովը հենց իրենցն են համարում եւ դիտում են դա իբրեւ առավելություն այն երկրների համեմատ, ովքեր ծով չունեն: Դրանում եւս մեկ անգամ վերջերս համոզվեցինք Վրաստանի օրինակով:

Երկու ազգերի նման են եւ տարբեր

Բաթում կատարած ճանապարհորդությունը մեզ հետաքրքրում էր նախ վրաց ժողովրդին մոտիկից ծանոթանալու առումով:

Առաջինը, ինչում իսկապես համոզվեցինք, այն է, որ Կովկասի ժողովուրդներն իրենց կենցաղի ու մտածողության հարցում ընդհանուր առմամբ նման են: Կոնկրետ դեպքում համեմատում ենք միայն հայերին ու վրացիներին: Հատկապես նման են այս երկու ազգերի տղամարդիկ: Ռուսները լավ են մտածել՝ «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի» ընդհանրական արտահայտությունը: Ճիշտ է, նրանք այդ արտահայտության տակ հիմնականում բացասական երանգ են տեսնում, եւ միայն քաղաքավարությունից ելնելով են այդ արտահայտությունով փոխարինել իրենց գռեհիկ ձեւակերպումները: Բայց դա իրենց գործն է: Վրացիները, հայտնի է, ռուսների հետ գնալ-գալ չունեն, Վրաստանի ծովափնյա քաղաքներում ու գյուղերում էլ ռուսների չես հանդիպի: Ամենաշատն այնտեղ հայեր են հանգստանում: Հազվադեպ՝ նաեւ ուկրաինացիներ, ադրբեջանցիներ, թուրքեր: Վրացիները հայերին եղբայր ազգ են համարում, շատ բարեհաճ են հայերի նկատմամբ, բայց շատ դեպքերում իրենց ռուսերենի չիմացությունը խանգարում է շփումներում «բարեւ-բարի լույսից» այն կողմ անցնել:

Ինչպես եւ հայերս, վրացիները շատ հյուրասեր են հատկապես գավառական շրջաններում ու փոքր քաղաքներում: Բաթումում ասում էին, որ Թբիլիսիում այնքան սրտաբաց չեն, որքան հարակից շրջաններում: Բայց մայրաքաղաքից դուրս սպասարկման մակարդակը շատ ցածր է: Բացօթյա սրճարաններում, օրինակ, կարող ես կես ժամ եւ ավելի սպասել, ու քեզ ոչ ոք չի մոտենա, մինչեւ չնեղսրտես, բարկանաս կամ հանդիմանես: Հետո շրխկացնելով շարում են ափսեները (նրանք դա անում են ոչ թե միտումնավոր, այլ պարզապես այլ կերպ չեն կարող), պատառաքաղները (դանակի մասին հազվադեպ տեղերում են հիշում), հետ շրջում սեղանին նախօրոք շուռ տված բաժակներն ու էլի գնում-կորչում: Ամենալավ ռեստորաններում, եթե նույնիսկ կան օդափոխիչներ (կոնդիցիոներներ), չկա օդորակիչ համակարգ, եւ ճաշերի ու սիգարետի հոտերը խեղդում են: Իսկ վրացիները ծխելու հարցում անգերազանցելի են: Նրանք ծխում են ամենուրեք եւ անխնա: Ծխում են բոլորը՝ մեծ թե փոքր (թերեւս 10 տարեկանից սկսած), աղջիկ թե տղա: Մի անգամ, երբ հայերս երթուղային տաքսու մեջ չթաքցրինք մեր զարմանքն ու զայրույթը, երբ սկսեցին բոլորը ծխել, նրանք էլ իրենց հերթին մեզ վրա զարմացան. «Մեզ ինչպես հարմար է՝ այդպես ենք անում, հիմա ուզում ենք ծխել, ուրեմն կծխենք»: Իսկ վարորդն ընդհանրապես չէր միջամտում խոսակցությանը, փոխարենը մինչեւ վերջ բարձրացրել էր երաժշտությունը ու երաժշտությունից էլ բարձր խոսում էր կողքի ուղեւորների հետ: (Ընդհանրապես վրացիները սարսափելի բարձր են խոսում): Երբ մի երիտասարդ մեզ արդեն ծխախեղդ էր անում եւ հերթական վեճի բռնվեցինք, նա, կարծելով, թե ռուսներ ենք, նախ մեզ «ֆաշիստ» ու «նացիոնալիստ» անվանեց, հետո հասկացավ, որ հայ ենք, ասաց՝ «…դուք էլ ծով չունեք…»: Իհարկե, նա հետո «կներեք», «եթե թույլ կտաք»-ով էր խոսում, բայց միեւնույն է, դա ժամանակավոր է: Ընդհանրապես իր լավ հատկանիշներով հանդերձ, այս ազգը բավական հեռու է քաղաքավարությունից: Եվ որքան էլ նրանց սիրելի նախագահ Միշան ամերիկամետ լինի, միեւնույն է, դրանից ժողովրդի քաղաքակրթությունը չի փոխվում: Օրինակ, հասարակական վայրերում, սրճարաններում, ռեստորաններում տղամարդիկ կարող են topless ճաշել, այդպես պարել եւ այլն:

Վրացիները հայերի պես սիրում են լավ ուտել ու խմել: Իհարկե, վրացական խոհանոցը չես համեմատի հայկականի հետ: Վրացական ուտելիքների բազմազանությունն ու համը մի պահ մոռացնել են տալիս, որ մենք՝ հայերս, զուտ հայկական ազգային ճաշատեսակներ ունենք:

Վրացիների համար սեղանակցի չխմելը հավասար է վիրավորանքի. «Եթե հիվանդ չես եւ չես խմում, ուրեմն իմացիր, որ կոպիտ վիրավորանք ես հասցնում մեզ»,- այսպես են մեկնաբանում նրանք: Նրանք իրենց սեղանը «հանրագիտարան» են անվանում, եւ հաշվել են, որ մոտ 300-350 կենաց ունեն:

Վրացիները զարմանալիորեն ամուր կառչած են իրենց ավանդույթներին: Ազգային երգն անպակաս է ամենաժամանակակից երիտասարդի շուրթերից: Մի անգամ Բաթումի կենտրոնական այգում նստած նայում էինք, թե ինչպես են պատառոտված ջինսերով դեռահասները աղջիկների հետեւից ռեպլիկներ թողնում, բարձր հռհռում: Մի խոսքով՝ առաջին հայացքից անլուրջ դեմքեր: Մեկ էլ հանկարծ այս դեմքերը, խիստ անակնկալ, սկսեցին երգել իրենց ազգային երգերից: Ի դեպ, վրացերենը խոսակցական լեզվում որքան կոպիտ է, այնքան էլ երգեցիկ է երգելիս: Վրացական ազգային երգերը պետք է երգել 3 ձայնով: Եվ ահա, այս երիտասարդները հանպատրաստից սկսեցին 3 ձայնով երգել, ու նրանց ձայնը տարածվեց ողջ զբոսայգով մեկ: Վրացիների համար դա սովորական երեւույթ էր, նրանք առանձնակի ուշադրություն էլ չէին դարձնում, իսկ հայերս պարզապես հիացած էինք տեսարանով, ինչին Հայաստանում հաստատ չես հանդիպի: Այգիներում շատ են հանդիպում երիտասարդ երաժիշտների խմբեր, ովքեր փող աշխատելու նպատակով նվագում ու երգում են՝ իրենց շուրջը հավաքելով մեծ թվով երիտասարդների: Եվ սա բոլորովին էլ ամոթալի չի դիտվում: Կամ՝ դիսկոտեկների կողքին կարող ես հանդիպել ինքնամոռաց պարող տղամարդկանց, որոնք դարձյալ իրենց «աշխատանքի» դիմաց փող են ակնկալում:

Վրացիները հայերին նման են նաեւ տաքարյունությամբ: Ծովափնյա դիսկոտեկներում ամեն օր արյունալի կռիվներն անպակաս էին: Դրանց հիմնական պատճառը հետեւյալն է. անծանոթ տղան որոշում է պարել մեկի ընկերուհու հետ: Ընդ որում, հիմնականում աղջիկներն են առիթ ստեղծում. եթե նրանք «չդավաճանեն» իրենց ընկերոջը, ոչ մի ուրիշ տղա նրանց զոռով չի հրավիրի պարելու: Այս կռիվներին ոստիկանությունը որպես կանոն չի միջամտում, հարցերը լուծում է հաստատության պահակազորը՝ բոլորին դուրս շպրտելով, թե դրսում ինչ կանեն՝ նրանց պետք չէ:

Իսկ Վրաստանում՝ 50 հազար աշխատատեղ

Վրացիներից դժվար է հասկանալ՝ սիրո՞ւմ են նրանք իրենց նախագահին, թե՞ ոչ: Միխայիլ Սահակաշվիլուն նրանք Միշա են ասում ու խոսում են նրա մասին իբրեւ համակրելի, տաքարյուն տղամարդու, ով ոգեւորված խոսելիս բերանից փրփուրներ է արձակում: Հիմա Վրաստանում լուրջ քարոզչական աշխատանքներ են տանում ընդդիմադիրները՝ շրջելով նույնիսկ ամենածայրամասային բնակավայրերով ու ժողովրդին ներկայացնելով, իրենց բառերով ասած՝ իրականությունը: Օրինակ՝ թե ինչ կյանքով է ապրում այսօր իշխանական վերնախավը: Շրջանառության մեջ էր մի պատմություն, որի մասին դեռ ամիսներ առաջ գրվել է նաեւ վրացական մամուլում: Դա մի դաժան սպանության պատմություն է, որի մեջ, ըստ ընդդիմադիրների, խառն է իշխանության մատը: Եվ այսպես՝ ըստ վարկածի. Թբիլիսիի «Շարդոն» ռեստորանում Սանդրո անունով երիտասարդն իր ընկերուհուն բռնացնում է ներքին գործերի նախարարության բարձրաստիճան այրերի հետ ու վերջիններիս «ոչ մարդ» անվանում: Իսկ Սանդրոյի ընկերուհին ՆԳ նախարարի կնոջ ընկերուհին էր, եւ Սանդրոն տարվում է անտառ ու դաժանաբար սպանվում:

Պարզվում է, որ Վրաստանում էլ ամեն ընտրությունից առաջ աշխատատեղերի մասին մեծ-մեծ խոստումներ են տրվում: Մի քանի ամսից այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, եւ 50 հազար աշխատատեղի բացման մասին համառ խոսակցություններ են պտտվում: Բանն այն է, որ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերում գործարարների հետ՝ պայմանագրով աշխատանքի ընդունել այսքան թվով մարդկանց, իսկ ընտրություններից հետո գործատուն իրավունք ունի չպահել այդ մարդկանց: Այսինքն՝ այնպես, ինչպես մեզ մոտ:

Ի դեպ, գործարարների մասին: Աջարիայում հայտնի է Բիձան Իվանիշվիլի անունով մի մարդ, որի մասին մարդիկ կցկտուր տեղեկություններ ունեն. կարճահասակ մարդ է՝ ահա այն ամենը, ինչով կարող են բնութագրել այս գործարարի արտաքինը: Նա ոչ հեռուստատեսությամբ է երեւում, ոչ տպագիր մամուլով, միայն հայտնի է իր բարեգործություններով: Քաղաքականությամբ էլ չի զբաղվում: Գուցե՝ դեռե՛ւս չի զբաղվում: Եվ ահա այս Իվանիշվիլին մի քանի գյուղերի ուսուցիչների ամեն ամիս հավելավճար է տրամադրում, միանվագ օգնություն է տրամադրում այն ընտանիքներին, որտեղ երեխա է ծնվում: Մոտ մեկ ամիս առաջ ավարտին հասցրեց Բաթում քաղաքի նախկին «Պիոներ» այգին: Նա գնել է նաեւ այստեղ հայտնի բուսաբանական այգին: Վերջինս տարիներ շարունակ չի խնամվել եւ բարեկարգման դեպքում զբոսաշրջիկների համար էլ ավելի հաճելի վայր կարող է դառնալ: Խորհրդային միության փլուզումից հետո Բաթումն էլ շատ քաղաքների պես քայքայվել է, եւ միայն վերջին տարիներին շատ արագ այստեղ վերականգնվում են հյուրանոցները, զբոսայգիները: Ասում էին, որ այստեղ արդեն «անտեր» հող չկա. հյուրանոցները հիմնականում վերցրել ու վերականգնում են կազակները, իսկ զվարճանքի կենտրոններն ու զբոսայգիները մեծ թափով շատանում են: Միայն 800 հազար եվրո արժեն Բաթումի պարող շատրվանները, որ ինչ-որ գործարարների կողմից բերվել է Ֆրանսիայից:

Հայաստան-Բրազիլիա

Աջարիայում արեւելյան սուրճը խմում են շատ քաղցր: Այստեղ այն ներմուծվում է Հայաստանից: Իսկ ամենահետաքրքիրը Հայաստանից ներմուծվող սուրճի գովազդն է՝ հեռուստատեսությամբ: Կադրում երեւում է քարտեզը, իսկ այնտեղ՝ Հայաստանի տարածքից սլաքներ են դուրս գալիս դեպի տարբեր երկրներ: Գովազդային տեքստում էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, ասվում է. «Իսկական բրազիլական սուրճ՝ Հայաստանից»: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը Բրազիլիայի նահանգներից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել