Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարիմ Գալուստ Սահակյանը

Սեպտեմբեր 09,2006 00:00

Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը փորձում էր կատարել կառավարության հերթական պատվերը

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Հանրային գերակա շահի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ սա այն օրինագիծն է, որը առաջին ընթերցմամբ մի կերպ ընդունվեց: Դրան դեմ էին եւ ՕԵԿ-ը, եւ ընդդիմադիր խմբակցությունները, ու սա շոշափում է հենց այն հարցերը, որ վերջին տարվա ընթացում խիստ արդիական են՝ մարդկանց սեփական բնակարաններից վտարելն ու այդ տարածքներում էլիտար շենք կամ մեկ ուրիշ էլիտար բան կառուցելը: Սակայն այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը ոչ թե ընդդիմադիրների (դրան կանդրադառնանք), այլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պահվածքն էր: Պարոն Սահակյանը, համենայնդեպս հրապարակավ, կարծես չի նեղացել իր հարազատ կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանից, քանի որ երեկ նույն ջանասիրությամբ եւ նվիրվածությամբ պայքարում էր հանձնաժողովում հարցերը լուծելու այնպես, ինչպես ուզում էր Անդրանիկ Մարգարյանը եւ նրա գլխավորած կառավարությունը:

Մեր հարցին՝ ինքը ինչո՞ւ է շարունակում այդքան նվիրված աշխատել, երբ իրեն հարազատ կուսակցությունը չաջակցեց հարազատ որդու՝ համայնքապետ առաջադրվելու համար, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ես պարզապես հարցադրում արեցի՝ ցանկացած դեպքում օրենսդիրը կարո՞ղ է նախաձեռնությամբ հանդես գալ: Իսկ հարցի մյուս մասի վերաբերյալ մի առիթով էլ եմ ասել, հիմա էլ ասեմ՝ ընդհանրապես կուսակցությունը որպես կառույց ավելի ուժեղ է լինում, երբ սահմանափակումներից կողք են կանգնում այն մարդիկ, որոնք տրամաբանորեն զինված են գաղափարախոսությամբ եւ ոչ թե առօրյա գործողություններով: Հանրապետական հասկացությունը իմ մեջ գաղափարախոսություն է, նպատակս այն է, որ, անկախ որեւէ բանից, բոլոր խնդիրներից, ինձ մոտ անձնավորված խնդիրներ չեն առաջանում, երկրի կայունությունը ավելի բարձր է, քան ցանկացած կուսակցություն կամ անձ»: Հիշեցրինք, որ մի առիթով էլ ասել էր, թե ընտանիքն իր համար ամենակարեւորն է: Պատասխանեց. «Հայրենիքը սկսվում է ընտանիքից, ընտանիք հասկացությունը այդ դեպքում կապված է որոշակի տարածքի հետ եւ ոչ թե անձնական իմ ընտանիքն է վերաբերում»:

«Հանրային գերակա շահի մասին» օրինագիծը կառավարության ուզած ձեւով անցկացնելու՝ իշխանական պատգամավորի ձգտումը Արշակ Սադոյանը մեկնաբանեց այսպես. «Մեզ առաջարկում էին քվեարկել մի բան, որը չէինք տեսել, ես կարծում եմ՝ գործեց այն ընդհանուր մեթոդը, որ ընդունված է ԱԺ-ում, այսինքն՝ ամեն ինչը անցկացնել ոչ հրապարակային ձեւով: Եթե իրենք ուզում են այս մեթոդներով անցկացնել, ամեն ինչ անիմաստ է դառնում եւ ինչպես բաց տեքստով ասաց Դավիթ Հարությունյանը՝ որեւէ ձեւով կապել հասարակական քննարկումների հետ, անիմաստ է, այսինքն՝ գտնում է, որ հարցը պետք է թաքուն անցկացնել»:

ՕԵԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն առաջարկել էր հարցը հետաձգել, լսումներ կազմակերպել, քանի որ հարցը խիստ կարեւոր է. «Սա վերաբերում է մեր հասարակության լայն շերտերին, նրանց սեփականությանը, եւ այստեղ հանրային գերակա շահ դիտել կազմակերպությունների շահը (առաջին ընթերցմամբ այդպես է ընդունվել)՝ խիստ վտանգավոր է եւ անթույլատրելի, մենք ականատես եղանք, թե ինչ կատարվեց Կենտրոնի եւ Բուզանդի բնակիչների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել