Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ, ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 09,2006 00:00

Շարունակում ենք բանավեճը ուղղագրության մասին

Կարդալով հրապարակախոս Ա. Հովհաննիսյանի «Հազար հարց, ոչ մի պատասխան» հոդվածը («Առավոտ», 2 սեպտեմբերի 2006), ցանկություն առաջացավ պատասխանել այդ «հազար» հարցերին:

1. Դասական ուղղագրությունը Ա. Հովհաննիսյանը նույնացնում է արեւմտահայ լեզվի հետ եւ առաջին խնդիրը դասականի անցնելու դեպքում համարում է արեւմտահայերենի մասնագետների պակասը եւ հեգնում՝ «Սփյուռքից կհրավիրենք»:

Կարելի է ենթադրել, որ արեւելահայերենի դասականներ Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Վ. Տերյանը, Րաֆֆին, Մուրացանը, Մ. Նալբանդյանը եւ մյուսները գրել են արեւմտահայերեն, իսկ 1922թ. հետո արեւելահայերենի մասնագետները նրանց երկերը դարձրել են արեւելահայերեն:

2. Հոդվածագրին անհանգստացնում է, որ դասականի անցնելիս կփոխվի արեւելահայերենի շարահյուսությունը, քերականությունը (շարահյուսությունը քերականության մի ճյուղն է- Ա. Ի.), կվտանգվեն մեր չնաշխարհիկ բարբառները:

Ուղղագրությունը ոչ մի կապ չունի քերականության հետ: Լատինատառ հայերեն գրելիս ենթական մնում է ենթակա, ուղղական հոլովը՝ ուղղական: Հիշեցնենք, որ Խ. Աբովյանը, Գ. Սունդուկյանը՝ մեկը Քանաքեռի, մյուսը Թիֆլիսի չնաշխարհիկ բարբառներով, գրել են դասական ուղղագրությամբ:

3.Հոդվածագիրը գրում է, որ արդի հայերեն ուղղագրությունը տասնամյակներ ի վեր բավարարել է մեզ, դարձել մեր զորեղ գրականության գործիքը (փակագծում մի պահ պատկերացրեք, թե ինչ տեսք կստանա Հ. Մաթեւոսյանի արձակը արեւմտահայ ուղղագրությամբ… Դուք պատկերացրի՞ք: Ես չկարողացա):

Հիշեցնենք, որ դասական կամ մեսրոպյան ուղղագրությամբ հայ ժողովուրդը գրել է հարյուրամյակներ եւ այն լիովին բավարարել է նրան: Ինչ վերաբերում է այն բանին, թե Հ. Մաթեւոսյանի արձակը դասականի վերափոխելիս դառնում է արեւմտահայերեն, կարելի է ենթադրել որ խորհրդային ուղղագրությամբ հրատարակված Վարուժանի, Պարոնյանի, Մեծարենցի, Դուրյանի ստեղծագործությունները դարձել են արեւելահայերեն:

4. Մի առիթով նշել էի, որ նույն լեզվի շարահյուսական ուղղագրորեն տարբեր երկու իրողությունների առկայությունն ինքնըստինքյան մեծ հարստություն է, անգին գանձ, որ միայն գուրգուրանքի, մեծ հոգածության է արժանի…

Ո\’չ, մեկը վերացնենք, մյուսը թողնենք:

Կարելի է ենթադրել, որ մինչեւ 1922թ. ուղղագրության փոփոխությունը՝ գոյություն չունեին արեւելահայերենը եւ արեւմտահայերենը եւ միայն դրանից հետո մենք ունեցանք գուրգուրանքի արժանի «երկու իրողություններ»:

5. Սահմանադրորեն ամրագրված է, որ ՀՀ պաշտոնական լեզուն գրական արեւելահայերենն է:

ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածում գրված է՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Եվ վերջ: Սահմանադրությամբ ամրագրված չէ նաեւ, որ ՀՀ-ում ուղղագրությունը 1922թ. ընդունված խորհրդային ուղղագրությունն է:

6.Լույս իջնի գերեզմանիդ, մեծ հայագետ, իսկական գիտնական եւ հայրենասեր Մանուկ Աբեղյան, ապա աշակերտ-արժանավոր զավակներիդ՝ Գ. Ջահուկյան, Վ. Գեւորգյան, Մ. Ասատրյան, տասնյակ այլ գործիչներ, որոնք գուրգուրեցին, հղկեցին, հարստացրին մեր չքնաղ մայրենին:

Վերոնշյալ անձինք եղել են հայոց լեզվի, հայ գրականության մասնագետներ, սակայն մեր չքնաղ մայրենին (արեւելահայերենը) գուրգուրել, հղկել, հարստացրել են մեր գրողները, հատկապես՝ Թումանյանը, Տերյանը, Իսահակյանը, որոնք գրել են դասական ուղղագրությամբ, ինչպես նաեւ Պ. Սեւակը, որը դասականի անցնելու համար առաջին ջատագովն էր:

7. Ժամանակն է ներողություն խնդրել իմ գործած երկու բնորոշումների համար՝ արեւելահայ եւ արեւմտահայ ուղղագրության: Դյուրության համար եմ այդպես ստորաբաժանել (՞-Ա. Ի./): Իրականում մեկը հայաստանյան է, մյուսը՝ ոչ հայաստանյան, քանզի Իրանից լավ արեւելք չկա, իսկ այնտեղ կիրառվում է ոչ հայաստանյանը:

Այստեղ հեղինակը ընկնում է լուրջ հակասությունների մեջ: Ըստ նրա տրամաբանության, արեւելքում հայերը «պետք» է գրեն խորհրդային ուղղագրությամբ, արեւմուտքում՝ դասական: Եվ իրանահայերը կարծես բացառություն են կազմում արեւելքում ապրող այլ հայերից:

Կարծում եմ, Ա. Հովհաննիսյանը միտումնավոր չի նշում, որ իրանահայերը արեւելահայեր են, խոսում են արեւելահայերեն, գրում դասական ուղղագրությամբ եւ ոչ թե արեւելքի հայեր, ինչպես սիրիահայերը, քանի որ այդ դեպքում հոդվածի ողջ տրամաբանությունը կփլուզվեր:

Կարծում եմ, ուղղագրական բանավեճը քաղաքական-հոգեբանական է: Հիշենք, որ խորհրդային ուղղագրության գաղափարախոսը աննկուն բոլշեւիկ Պ. Մակինցյանն էր, որի ջանքերով էլ ՀԿԿ-ն հանձնարարեց Մ. Աբեղյանին, որպես կիրիլիցայի անցնելու միջանկյալ քայլ՝ պարզունակացնել (այո, պարզունակացնել, ոչ թե պարզեցնել) հայերենի ուղղագրությունը:

Եվ այո՝ այս ուղղագրությունը «պօլշեւիկյան» է: Պատահական չէ, որ ՀԽՍՀ-ում սա համարվում էր սովետական, դասականը՝ հակասովետական ուղղագրություն: Ինչ-ինչ պատճառներով, կարծում եմ՝ մեզանից անկախ (հիշեցի, թե ինչպես 1977թ. Հայկական ԽՍՀ սահմանադրության մեջ հայոց լեզվի որպես պետական լեզվի հոդվածը պահպանվեց հարեւան Վրաստանի՝ վրացերենի համար մտավորականության եւ ուսանողության բուռն բողոքների շնորհիվ), հաջորդ քայլը կիրիլիցային անցնելը չիրականացավ: Մի վայրկյան պատկերացնենք, որ ինչպես խորհրդային այլ հանրապետություններում, մեզ մոտ էլ 70 տարի հայերեն գրեինք ռուսատառ: Համոզված եմ, որ ի տարբերություն նույն Մոլդովայի, Ադրբեջանի, անկախ Հայաստանում մինչ օրս կպահպանվեր այդ ուղղագրությունը եւ ի պաշտպանություն դրա կբերվեին նույն փաստարկները, ինչ բերվում են ընդդեմ դասական ուղղագրության.

– ինչո՞ւ պիտի մենք արեւմտահայերեն գրենք, թող իրենք գրեն ռուսատառ,

– ի՞նչ պետք է անենք 70 տարի ստեղծված գրականության հետ,

– սերունդը անգրագետ կմնա (ուղղագրությունը կապ չունի գրագիտության հետ – Ա. Ի.),

– հիմա դրա ժամանակը չի։

Կավելանային նաեւ նոր փաստարկներ.

– մենք գրում ենք միջազգային ուղղագրությամբ,

– կսրենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ եւ այլն:

Սա նույն հոգեբանությունն է, երբ անկախության առաջին տարիներին չբացահայտվեցին ԿԳԲ-ի գործակալները, սա նույն հոգեբանությունն է, երբ ստորագրություններ էին հավաքում Բելառուս-Ռուսաստանին միանալու համար, որ այսօր ուզում են վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը, որ գինիներ են արտադրվում «ծՏրՑՈսչՌ� տՏ հհհՀ» եւ այլն:

Եվ, վերջապես, երբ 1922թ. փոխեցին մեր հազարամյա ուղղագրությունը, արդյոք հրավիրվե՞ց պատկառելի գիտաժողով կամ Մոլդովայում հրավիրվե՞ց արդյոք գիտաժողով:

Այո, սա քաղաքական-հոգեբանական խնդիր է, ինչպես քաղաքական էր 1922թ. որոշումը, եթե կուզեք՝ անկախության խնդիր եւ համապատասխան հոգեբանության առկայության դեպքում այն պետք է լուծվի օրենքով:

Սակայն Ա. Հովհաննիսյանին ուզում եմ հանգստացնել: Այսօրվա Հայաստանի ղեկավարության սերուցքը խորհրդային կոմսոմոլա-նոմենկլատուրային հոգեբանության կրողն է եւ ոչ միայն նրան չի հետաքրքրում սույն հարցը, այլ, որ ամենակարեւորն է, մեջը շահ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել